Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ»

«Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ»
24.09.2013 | 11:22

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ,
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված, գրազ եղավ, անցկացավ:

Ի՜նչ անմտություն է սիրտը կապել այնպիսի բաների հետ, որոնք հավիտենական արժեք չունեն: Աշխարհի տվածը չի գոհացնում բանաստեղծին, չի լցնում նրա սիրտն ու հոգին:
Աշխարհի տվածը նրա համար անապատի ճամփորդներին խաբող միրաժի նման է, և ծարաված ու հոգնած մարդուն օազիսի պես է երևում: Քանի մոտենա մարդ, դրանք այնքան կհեռանան և, ի վերջո, բոլորովին կանհետանան:
«Տանուլ տված կյանքը» բանաստեղծի շնչավոր կյանքն է, որի մարմնավոր եռանդի դեմ Աստծո կատարած ներգործությունը հասել է իր նպատակին: Թումանյանն արդեն հասկացել է, որ հոգևոր առումով անօգուտ է իր սեփական ծրագրով, իմաստությամբ կամ ուժով ինչ-որ բան անելը: Նա պատրաստ է ենթարկվելու Աստծո կատարածի ներգործությանը: «Երազին, մուրազին» հասնելու միայն մի ճանապարհ կա. դա Աստծո լիությամբ լցվելու ճանապարհն է, լիություն, որ վերջ կդնի այն ամենին, ինչն Աստծուց չէ:
Թումանյանի խոսքը խիստ զգացմունքային է. «Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ…»: Նա գիտակցում էր իր սեփական վիճակը, իրեն ամենևին էլ մեծ ու կարող չէր համարում: Նրա կյանքը հակված չէ ցուցադրականության, նա ոչ միայն գիտի, որ Աստված է ամեն ինչի սկիզբն ու ամեն ինչի հետևում կանգնած ուժը, այլև Իրեն սիրողներին նոր կյանք տվողը: Թումանյանը չի բողոքում, չի տրտնջում, չի ասում, թե ինչու «երազ եղան, անցկացան», այլ միայն խոստովանում է իր անզոր լինելը:
Անկախ նրանից, թե ինչպիսին է մարդու անհատական խնդիրը կամ կյանքի նկատմամբ ունեցած դիրքորոշումը, մարդը պետք է հասկանա, որ իսկական երջանկությունը չարչարանքներ կրելու պատճառով չի դադարի: Հաճախ Աստված, իմանալով, որ մեր բնավորության մեջ մեզ ինչ-որ բան է պետք փոխել, և որ փոփոխության կարող ենք հասնել չարչարանքի միջոցով, թույլ է տալիս, որ այդ չարչարանքները տեղ գտնեն մեր կյանքում:
Աստծո ուզածի պես տրտմությունը խրատ է Աստծուց և մարդկանց տանում է ապաշխարության։
Թումանյանի տրտմությունը Աստծո ուզածի պես տրտմություն է: Նա չի խստացնում իր սիրտը Աստծո հանդիմանության նկատմամբ` գիտենալով, որ այդ դեպքում իր տրտմությունը կփոխարկվի աշխարհային տրտմության: Կյանքը «թեթև տանուլ տված» Թումանյանի տրտմությունը հուսահատություն և հավիտենական պատժի մահ առաջ բերող տրտմություն չէ:
Թումանյանը գիտի, որ երկնքում հավատացյալների համար պահված ժառանգության հետ համեմատած` այս աշխարհի մեր տառապանքներն ու նեղությունները վայրկենական են, անցողիկ: Այդ անարատ և անթառամ ժառանգությունը հավիտենական կյանքն է: Թումանյանը գիտի, որ Աստված պարգևներ է տալիս բոլոր մարդկանց, բայց ժառանգությունը տալիս է միայն Իր զավակներին: Դա է պատճառը, որ իրադրության անհուսալիությունը բանաստեղծի համար դարձել էր Աստծո միջամտությունն արդարացնող ամենաուժեղ փաստարկներից մեկը, քանի որ դրա մեջ նա մարտահրավեր էր տեսնում, որի նկատմամբ Իր զավակներին ժառանգություն տվող Ամենակարողը չէր կարող անտարբեր մնալ: Նրան էր հասնում բանաստեղծի աղաղակը. «Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ»: Սա անբավարարվածության հոգին է: Այն կարող է տարածված լինել բոլոր դասակարգերի մարդկանց մեջ կամ էլ սահմանափակված լինել Աստծո այն մարդկանցով, ովքեր պատրաստվում են լսելու Աստծո ձայնը և կատարելու Նրա որոշումները: Անբավարարվածության հոգին մոտեցող արթնության իսկական նշան է համարվում հավատացյալների մեջ: Այդ հոգևոր անհանգստությունը նրանց սրտում Աստծո կողմից է դրվում: Դա նման է երկունքի ցավերի, որ տեղեկացնում է այն մասին, որ Աստված պատրաստ է ինչ-որ նոր բան իրականացնելու: Դրանք այն ցավերն են, որոնց պատճառով ծնվում է արթնությունը. «Երանի նրանց, որ քաղց ու ծարավ ունեն արդարության» (Մատթ. 5.6): Աստծո հանդեպ ունեցած ծարավն առաջանում է անբավարարվածության պատճառով: Այդ ծարավ վիճակում գտնվող հավատացյալները, նայելով իրենք իրենց և Աստծո գործին, անբավարարվածություն են զգում.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

Սա Աստծո սրբության, Նրա զորության և ճշմարտության նկատմամբ ունեցած բանաստեղծի ծարավի անբավարարվածությունն է:
1919-ի դեկտեմբերով թվագրված այս քառյակին հաջորդում է.

Կորցրել եմ, ո՞ւր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում,
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

Որքան ավելի ենք խորանում Նոր կտակարանի մեջ և որքան ավելի ենք ուսումնասիրում այնտեղ գործող հերոսների կյանքը, ում Աստված օգտագործել է, այնքան ավելի ենք համոզվում, որ նրանցից յուրաքանչյուրը «վերից զորություն» է հագել և հետո օգտագործվել:
Նրանց մեջ առաջ է եկել Աստծո Խոսքը ավելի խորությամբ հասկանալու կրքոտ ցանկությունը: Ծնվել է առողջ մերժողական վերաբերմունք` մատուցվող ամեն բան որպես ճշմարտություն ընդունելու նկատմամբ: Նորի ուսումնասիրության և ճանաչողության հոգին ստիպել է այլ կերպ նայել Սուրբ գրքի ասածներին:
Թումանյանը, որպեսզի գտնի ճշմարտությունը, այն նախ և առաջ մաքրում է ավանդություն եղող ավելորդություններից և մեկնություններից, քանի որ մարդկային ամեն սերունդ գտնվում է իր սեփական պատկերացումներին գերի լինելու մեջ, և որպեսզի ազատվի դրանցից, նա կարիք ունի ղեկավարող մի մտքի, որն ազատ է ամեն տեսակի ազդեցություններից: Նման դատողությունները Աստծուց են տրվում արթնությանը նախորդող ժամանակներում, իհարկե, այն դեպքում, երբ Բարձրյալի «գտնվելու» տեղը փնտրողը ենթագիտակցաբար պատրաստ է ընդունելու Աստծուց Իր գտնվելու տեղի մասին եղած տեղեկությունը:
Աստծուն փնտրողներն իրենց սրտում զգում են մոտեցող օրհնությունների նշանների մեծ մասը, դա բնութագրական է նրանց համար, ում համակել է արթնությունը: Նրանք գիտակցում են, որ հեռու չէ այն օրը, երբ Աստված կհայտնվի Իր սրբությամբ, և «մթնում ման եկողները Նրա մոտ գնալու դուռ կգտնեն»:
Սա անհավատի որոնում չէ, որ սովորաբար ասում են. «Որտե՞ղ է Աստված»: Այդպիսիներին տրվելիք պատասխանը մեկն է. «Ցո՛ւյց տվեք մի տեղ, որտեղ Նա չկա, և ես ցույց կտամ, թե որտեղ է Նա»:
Սա հավատացյալի որոնում է. «Որ փնտրի և խարխափելով թերևս գտնի Նրան, թեև Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ Նրանով ենք ապրում, շարժվում և կանք» (Գործք 17.27-28): Գիտակցելով այս իրողությունը՝ Թումանյանը ձգտում է գտնել դեպի Բարձրյալը «տանող դուռը», և Նրա ներկայության մեջ ապրել Դավթի, Ենովքի, Նոյի և մյուս սրբերի նման, բայց ցավալի է, որ Թումանյանի ժամանակակիցներից շատերը, Բարձրյալից տրված պարգևներ ունեցող շատ բանաստեղծներ և մտավորականներ Ադամի ու Եվայի նման փախան և թաքնվեցին Նրա երեսից այն ծառերի տակ, որոնք Աստված էր տնկել: Ոմանք էլ Հուդայի նման մտածում են, որ մահն իրենց կծածկի Աստծո երեսից՝ հաշվի չառնելով Սուրբ գրքի այն պնդումը, որ մեռնելուց հետո մարդու հոգին վերադառնում է Աստծո մոտ (Սաղմ. 12.7, Ժող. 12.7), և թե մահն ու դժոխքը իրենց մեռելները կտան Նրա ձեռքը` վերջին դատաստանի ժամանակ (Հայտն. 20.13): Այդ պատճառով Աստծուց փախչելու փոխարեն բանաստեղծը անգամ մթության մեջ փնտրում է Նրան, փնտրում է ինքնամղումով ու խոնարհությամբ, որպեսզի փրկվի գալիք կորստից, որից սատանան անգամ չի կարող խույս տալ:
Քանի որ Աստված ամենուրեք է, պարզ է, որ ամեն ինչ կարող է տեսնել: Նա տեսնում է մեզ համար և՛ տեսանելի, և՛ անտեսանելի բաները, որոնք Ինքն է ստեղծել: Սուրբ գիրքն ասում է. «Տերը Երկնքից նայում է մարդկանց որդիների վրա, որպեսզի տեսնի, թե կա արդյոք իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի, և տեսնում է, որ ամենը խոտորվեցին, մեկտեղ անպիտան եղան» (Սաղմ. 14.2-3): Գրված է նաև, թե. «Տերը դիտում է բոլոր երկիրը, որպեսզի զորացնի Իրեն ուղիղ սրտով հարողներին» (Բ Մնաց. 16.9):
Թումանյանը Հովսեփի նման պատրաստ է շարունակ հիշելու Տիրոջ ներկայությունը, փափագում է Նրա ներկայության մեջ լինել և Հոբի պես հեռու մնալ չարությունից: Տիրոջը հավատով փնտրող բանաստեղծին ճշմարտության այս գիտությունը մեծ մխիթարություն է պարգևում երկրային կյանքի վշտերի և նեղությունների մեջ: Հալածանքների, զրկանքների, ինչպես նաև տառապանքների ժամանակ մահն անգամ չի կարող սարսափ ազդել նրա վրա, քանի որ անհունից նայող Փրկիչ Աստված Իր գորովալից ժպիտով ժպտում է Իրեն փնտրողին:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ