Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»

«Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»
20.09.2013 | 11:56

«Ես գիտեմ, մի օր, իհարկե, ոչ շուտ,- գրում է Հովհաննես Թումանյանը,- իմ կյանքը մեծ հետաքրքրություն և աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…-բոլորն էլ, ախպե՛ր, բարեխղճորեն աշխատեցին ինձ գտնել, բայց ավելի կորցրին»:
Այո՛, «Աստված Իրեն սիրողների համար պատրաստեց այնպիսի մի փառք, որ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, և ոչ մեկի մտքով իսկ չի անցել» (Ես. 64.4):
Թումանյանը շնչի բանաստեղծ չէ, որ ամեն մեկը հասկանա նրան, նա հոգու բանաստեղծ է, և նրա մեջ ապրող կյանքի Հոգին ավելին է, քան ապրումները: Այդ Հոգին անձնավորություն է (Հովհ. 16.13), Նա Տիրոջ միտքն է (Փիլիպ. 2.5, Ա Կորնթ. 2.16), Նա Աստծո բնությունն է (Բ Պետր. 1.4, Հռոմ. 8.1-5), զգացմունքները, կյանքը (Հռոմ. 8.2):
ՈՒրեմն, Թումանյանին գտնելու համար նախ Աստծուն պետք է գտնել, Աստծուն պետք է ճանաչել:
Թումանյանի հոգևոր գործերը «Աստծո խորհրդավոր, թաքուն հայտնություններ են, որոնք ծածկված են մարդկանցից, և Աստված նման գործերը սահմանել է Աստծո միտքն ունեցողների փառքի համար, նախքան հավիտյանները» (Ա Կորնթ. 2.7):
Թումանյանի մեջ ապրող Սուրբ Հոգին Իրենից չի խոսում: Նա խոսում է այն, ինչ Աստծուց է լսում: Սուրբ Հոգին Աստծո Հոգին է, ուստի Աստծո Խոսքն է խոսում: Ինչ գործ էլ Սուրբ Հոգին տա, ինչ առաջնորդություն էլ անի, միշտ Աստծո փառքի համար կլինի: Սուրբ Հոգով առաջնորդվող գրողը, գիտնականը, արվեստագետը, պետական գործիչը իր ստեղծագործական գործունեությամբ փառք է բերում Աստծուն: ՈՒրեմն, Աստծուն փառք բերող յուրաքանչյուր գործ Սուրբ Հոգուց է: «Նա Ինձ պիտի փառավորի, որովհետև Ինձնից պիտի վերցնի ու ձեզ պատմի»,- Հովհ. 16.15-ում ասում է Տերը: ՈՒստի քրիստոնյա գործիչները ոչ միայն ականատես և ունկնդիր կլինեն Տիրոջ արդարությանը, զորությանը և փառքին, այլև մասնակից կլինեն դրանց:
Աստծուն փառք բերող թումանյանական գոհարների «լավ կարդալու» օրերը եկել են արդեն: Մարգարե բանաստեղծը գիտի, որ «մի օր, իհարկե, ոչ շուտ» իր կյանքն ու գործը մեծ աղմուկ են հանելու, որովհետև մի նոր, մեծ ու երկնային Թումանյան է հառնելու: Հետայսու նրա մասին գրող, նրան փնտրող, ճշմարիտ քրիստոնյա գրականագետ-գիտնականները գտնելու են նրան և այլևս երբեք չեն կորցնելու: Ասվածն ապացուցելու առաջին փորձը նրա անզուգական պոեզիայի մի քանի հոգևոր նմուշների հիման վրա քրիստոնեական մտածողությամբ կատարած մեր հոգևոր փնտրտուքներն են, որ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղե՜լ եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, Տիեզերքի մեծ Հոգու հետ, ի՜նչ կա որ:

Թումանյանը գիտի, որ հոգին սահմանափակված չէ մարմնով, չի պարփակված ձևով, չի ամփոփված սահմանների մեջ, ուստի և կարող է միաժամանակ լինել ամենուրեք: Հոգին անվերջ է, հավիտենական և անփոփոխ: Ահա այս միտքն իր սրտում կրող բանաստեղծը կարող է հաղթահարել Աստծուն սահմանափակելու գայթակղությունը և որպես հոգի Տիեզերքի մեծ Հոգու հետ լինել անչափելի ժամանակների հոլովույթում:
Այստեղ ակնառու է այն, որ միայն Աստված է, որ անմահություն ունի: Աստված կյանք և անմահություն ունի` առանց որևէ մեկից ստանալու, որովհետև Ինքն է կյանքը և կյանքի աղբյուրը, իսկ մարդը կյանքն ու անմահությունն Աստծուց է ստացել: Եվ քանի որ Աստծո Հոգին անմահ է, ապա Աստծո Հոգուց ծնված հոգին (մարդու հոգին) նույնպես պետք է անմահ լինի: Հետևաբար, Աստծո և վերստին ծնված Թումանյանի միջև եղած տարբերությունն այն է, որ Աստված անմահություն ուներ, իսկ Թումանյանն ունեցավ: Աստված ուներ և կարողացավ Թումանյանին տալ, Թումանյանը վերցրեց և ոչ մեկին չէր կարող տալ:
Քանի որ «Աստված նույնն է երեկ, այսօր ու հավիտյան» (Եբր. 13.8), ապա Նրա խոստումները հաստատ կմնան: Ինչպես դարեր առաջ խոստացավ, որ Իր մոտ եկողներին դուրս չի անի, հոգնածներին և բեռնավորվածներին կհանգստացնի, այսօր էլ նույնն է ասում և անում:
Եթե Աստված մարդու պես փոփոխական լիներ, ապա մարդը վաղուց արդեն կործանված կլիներ: Աստված անփոփոխ է նաև Իր վճիռների մեջ. «Նա սուտ չի խոսի և չի զղջա, որովհետև Նա մարդ չէ, որ զղջա» (Ա Թագ. 15:29):
Ահա այս անմահության սեփականատիրոջից անմահություն ստացած, կյանքի աղբյուրից հավիտենական կյանք ստացած Թումանյանը հավիտյանս հավիտենից Նրա հետ է.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ…

Թումանյանի նպատակը Աստծո անփոփոխության նկարագրությունը տալը չէ (այդ անփոփոխության մասին Թումանյանից երեք հազար տարի առաջ սաղմոսերգուն ասում է. «Դու նույնն ես, և Քո տարիները չեն վերջանա» (Սաղմ. 102.27)), այլ անմերձենալի լույսերի մեջ Բնակվողի հետ մերձենալու համարձակություն և արտոնություն ունենալը ցույց տալն է. «Ես միշտ հոգի, Տիեզերքի մեծ Հոգու հետ, ի՜նչ կա որ»:
Թումանյանը վստահ է, որ բոլոր փրկվածների հետ ինքն էլ Նրան պիտի մոտենա հարություն առնելուց հետո, քանի որ Աստծո Որդու նման պիտի լինի` լուսավոր և անապական մարմին հագած:
Գերբնական տեսիլքներից բացի, Աստված Իր ներկայությունը հայտնել և հայտնում է նշաններով, երևույթներով, մարմնի կերպարանքով: Այսպես, օրինակ, Աստված Հոբի հետ խոսեց փոթորկի միջից (Հոբ 38.1), Եղիա մարգարեի հետ` մեղմ զեփյուռի միջից (Գ Թագ. 19.12,13): Աստված Իր ժողովրդին ցերեկն առաջնորդում էր Ամպի սյունով, գիշերը` Կրակի սյունով (Ել. 13,21):
Սինա սարի վրա Աստված Իր ժողովրդին հայտնվեց որոտմունքով, կայծակներով և փողի ձայնով, Մովսեսին` թանձր խավարի մեջ (Ել. 20.18-21), Աբրահամին, Հակոբին, Հեսուին, Գեդեոնին և մյուսներին` մարդու կերպարանքով և որպես Տիրոջ Հրեշտակ (Ծննդ. 18.1-5, 32.24,30, Հեսու 5.13-15, 6.1-4, Դատ. 6.12-24, 13.3,22):

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, Տիեզերքի մեծ Հոգու հետ, ի՜նչ կա որ:

Վերջապես, որպեսզի մարդիկ կարողանային Աստծուն տեսնել, Նա հայտնվեց մարդու մարմնի մեջ. «Սկզբում էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր… Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք Նրա փառքը` ինչպես Հորից եղած Միածնի փառք` շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհ. 1.1, 14):
Աստված մարդկային մարմին հագավ ոչ միայն Իր երկրային կյանքում մարդկանց երևալու, նրանց հետ շփվելու, նրանց վիշտն ու ցավը զգալու, այլև հավիտենության մեջ ևս Իր սրբերի հետ լինելու, քանի որ հարություն առավ նույն մարմնով, որով մեռավ, միայն թե անապականությամբ և անմահությամբ: Նա մեկ անգամ մեռավ, հարություն առավ մեռելներից և այլևս չի կարող մեռնել:
Նույն ձևով էլ, եթե մենք մահացել և հարություն ենք առել Քրիստոսի հետ, ապա մենք էլ չենք մեռնի, այլ Նրա հետ կապրենք հավիտյան.

Ես եղե՜լ եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ,
ի՜նչ կա որ…

Ժամանակի ընթացքում Աստված հայտնեց և կատարեց այն, ինչ ծրագրել էր անցյալ հավիտենության մեջ: Քանի որ Աստծո ծրագրերի մեջ ամենագլխավորը Փրկության ծրագիրն է, ապա այդ ծրագրի կատարման ժամանակը, բնականաբար, կոչվում է Փրկության ծրագրի հայտնության և կատարման ժամանակ: Այդ ժամանակը կոչվում է նաև ընդունելի ժամանակ և փրկության օր (Բ Կորնթ. 6.2), Տիրոջ ընդունելի տարի (Ղուկ. 4.19):
Երեմիա մարգարեն այդ ժամանակը կոչում է ամառվա և հունձքի շրջան (Երեմ. 8.20): Հիրավի, եթե այդ ժամանակը համեմատենք հավիտենության հետ, ապա պարզ կդառնա, որ մարդկանց փրկության համար այդ շրջանը ամառվա նման մի կարճատև ժամանակահատված է, որ թռչում է մեկ օրվա նման, և որի մայրամուտից հետո ոչ ոք չի կարող փրկվել:
Ինչ վերաբերում է ապագա հավիտենությանը, ապա ժամանակի համեմատությամբ այն երկար ու անվախճան գիշեր է, որի մեջ ոչ ոք, անգամ Ինքը` Տերը, չի կարող գործել: «Քանի դեռ ցերեկ է, քանի դեռ հնարավորություն կա,- ասում է Հիսուսը,- Ես պետք է կատարեմ Նրա գործերը» (Հովհ. 9.4):
Աստծո հավիտենությունն ընդունող բանաստեղծը գիտի, որ հավիտենությունն Աստծո մենաշնորհն է և փոխանցելի չէ: Միայն Աստված է հավիտենական: Ինչպես Աստծո ամենուրեքությունն Իր բնության ծավալումն է, այնպես էլ հավիտենությունն Իր էության տևողությունն է:
Թումանյանը գիտի, որ հոգևոր կյանքը Աստծուց է գալիս, և Աստծուց կարող է ստանալ: Քանի որ Աստված հավիտենական է, և ինքը Աստծո (Տիեզերքի մեծ Հոգու) հետ է, ուրեմն մասնակից է Նրա հավիտենությանը: Քանի դեռ Աստված կա, կա նաև ինքը.

Ես միշտ հոգի, Տիեզերքի մեծ Հոգու հետ, ի՜նչ կա որ:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ