Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին

Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին
19.09.2013 | 22:29

Կոմիտասի անվան պանթեոնում այսօր բացվեց հայ մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ կիսանդրին: Ներկա էին հարազատները, քիչ թվով արվեստագետներ: Քաղաքական այրերից նկատեցի միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Համլետ Խաչատրյանի հետ որոշել էինք թափանցիկ մետաղներով քանդակ անել, հետո Համլետը մտահղացավ, որ ապակի օգտագործենք: Առաջին անգամ ենք նման լուծում գտել: Եթերային է` իր նման»,- ասաց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, ում կարծիքով, այս աշխատանքով կարողացել են արտահայտել արվեստագետի հոգին:
«Մեծ երաժիշտ էր, ազնիվ էր, ուղղամիտ, հոգատար, բարի, համեստ հասկացող»,- այսպես բնութագրեց ամուսնուն անվանի դիրիժորի կինը` Ալիս Շահմիրյան-Դուրյանը, ելնելով, որ շատ է կարոտում, ծանր է զգալ նրա բացակայությունը:- Եթե Մաեստրոն այսօր մեզ հետ լիներ, դժգոհ կլիներ երկրում տիրող իրավիճակից: Ես զգում եմ, որ ինքը տանջվում է, որովհետև ես էլ եմ տանջվում»: Անդրադառնալով մեր հարցին` գնահատվա՞ծ է Օհան Դուրյանը պատասխանեց. «Այո, ժողովուրդը նրան սիրում է, իսկ նրա համար կարևորը ժողովուրդն էր»:
Նարեկ Դուրյանն ասաց, որ հոյակապ աշխատանք է, շատ գեղեցիկ քանդակ է, ինքն էլ այնքան հուզված է, որ չի կարող խոսել: Երբ լրագրող Վանիկ Սանթրյանը խնդրեց մեկ նախադասություն ասել Օհան Դուրյանի մասին, պատասխանեց. «Օհան Դուրյան: Վերջ, ամեն ինչ ասված է»:
Ճանաչված լրագրող Վանիկ Սանթրյանը մեզ տեղեկացրեց, որ Մաեստրոյի հետ բարեկամություն է արել 57 թվականից, բազմաթիվ հրապարակումներ ունի նրա մասին, և եթե ուժերը ներեն, մի փոքրիկ գիրք կհրատարակի: Նրա բնորոշմամբ` Օհան Դուրյանի ճանապարհը եղել է դժվար, բայց փառավոր: «Հայ նշանավոր կոմպոզիտորների առաջին կատարողներից էր, ինչը ես համարում եմ նրա մեծագույն ծառայություններից մեկը: Հայաստանից որոշ ընդմիջումներով բացակայել է, որովհետև չէր կարողանում հարմարվել խորհրդային կարգերին,- ասաց Վանիկ Սանթրյանը, նշելով նաև, որ մեծ մարդիկ մեծ թերություններ են ունենում:- Նա ուզում էր, որ նվագախմբի բոլոր անդամներն իր նման լինեն, բայց դա հնարավոր չէր»:
«Հայ ժողովուրդը ունեցել է բազմաթիվ անվանի դիրիժորներ, բայց Օհան Դուրյանը երևույթ էր մեր դիրիժորական արվեստում: Նա սովորական դիրիժոր չէր, նա արտիստ էր, փիլիսոփա, հրաշալի ձեռքեր ուներ, նրա հայացքը, դեմքը, ամեն ինչ երաժշտություն էր,- ասաց արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:- Երբ Լայպցիգի օպերային թատրոնում Օհան Դուրյանի նկարը տենում եմ Հերբերտ ֆոն Կարայանի նկարի կողքին, գիտե՞ք ինչ երջանկություն եմ ապրում: Հայ ժողովրդի համար այդ տարածքը դատարկ է: Դժբախտաբար, երկրորդ Օհան Դուրյան չունենք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Մեր գործընկերներից մեկին խնդրեցի տրամադրել նորաբաց կիսանդրու լուսանկարներից, ասաց, որ չունեն, այն պարզ պատճառով, որ ոչինչ չեն իմացել այդ մասին։ Հավելեցին նաև, որ օրեր առաջ իրեն հրավիրել էին դպրոցներից մեկի ջեռուցման համակարգի բացման արարողությունը լուսանկարելու, իսկ նման կարևոր իրադարձության մասին, ասես, միտումնավոր լռում են։

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ