Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Դո՞ւ էլ, իմ Բրուտոս, դո՞ւ էլ ես լափում»

«Դո՞ւ էլ, իմ Բրուտոս,  դո՞ւ էլ ես լափում»
10.09.2013 | 11:26

«Մի խաբուէք... ո՛չ կռապաշտներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ ագահներ, ո՛չ էլ յափշտակողներ` Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն»։

Կորնթ. Ա, 6,9

Մարդկությանը հաջողվել է դիմակայել խոլերայի, ժանտախտի, տիֆի և այլ համաճարակների բռնկումներին։ Նույնիսկ ՍՊԻԴ-ի դեմ էլ են դեղ գտել։ Սակայն կա մի վարակ, հիվանդություն, որը գնալով սաստկանում է. ո՛չ Հիպոկրատը, ո՛չ Հերացին, ո՛չ Կոխը չկարողացան գլուխ հանել դրանից։ Այն լատիներեն կոչվում է կոռուպցիա, այժմ ամենատարածված խոսքը, որով բնութագրում են «այս աշխարհի ուժեղներին»։ Կոռուպցիայի «մեթաստազները» այնքան են տարածվել, որ պես-պես «վարիացիաներով» թափանցել են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները` ծննդատնից մինչև գերեզմանատուն։ Ընդ որում, պարտադիր չէ, որ շարժիչ ուժը միայն դրամը լինի. վճարում են ինչով ասես։ Կոռուպցիայի մեկ այլ նշանակությունն է` փչանալ, փչացնել։ Փչանում են նաև բնականոն հարաբերությունները` ուսուցիչ-աշակերտ, բժիշկ-հիվանդ, ղեկավար-ենթակա և այլն։ Կոռուպցիա են նաև որևէ ժյուրիի կողմնակալ որոշումը, «դոպինգով» հաղթանակը, կեղծ գնահատականը, կոչումը, դիպլոմը, պաշտոնական դիրքի չարաշահումը և այլն։ Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանում» թարգմանված է այսպես` կոռուպցիա-կաշառակերություն (կապիտալիստական երկրների պաշտոնատար անձանց և հասարակական գործիչների)։ Չմոռանանք, որ բառարանը լույս է տեսել կոմունիստների օրոք։ Ասում են` «կաշառք» բառը հայերը փոխառել են աքքադերենից. արդյոք այստեղից կարելի՞ է եզրակացնել, թե Հայաստանում նախկինում կաշառակերություն գոյություն չուներ։ Ակամա հիշեցի կոմպոզիտոր Դվորժակի զգուշավորությունը. երբ իր «Արմիդա» օպերայի լիբրետոն ստուգելիս հանդիպեց ձիավոր ասպետի կերպարին, անմիջապես հարցրեց ընկերոջը. «Իսկ այն ժամանակ ձիեր գոյություն ունեի՞ն»։ Ձիերի մասին չգիտեմ, բայց շներն արդեն կային, երբ Հայնրիխ Հայնեն ստեղծեց իր «Առաքինի շունը» առակը (չհիասթափվեք` չնայած անուն-ազգանվանը, Հայնրիխ Հայնեն հայ չէ, բայց դա` ի միջի այլոց)։ Առակը շատ ընդգրկուն է, արտացոլում է գայթակղության, ագահության, նախանձի վարակիչ ուժը և վատ օրինակը։ Ակնհայտ են նաև դեմագոգիան, դավաճանությունը, մի խոսքով` կոռուպցիան լայն իմաստով, այսինքն` փչացումը, քայքայումը։ Մի հիվանդություն, որի հարուցիչը խիստ կայուն է, պարուրվում է պահպանիչ մի բոժոժի մեջ ու սպասում մինչև «լավ ժամանակների» վերադարձը ¥ինչպես դա լինում է նաև քաղաքական, հասարակական կյանքում)։ Եվ քանի որ բրուցելյոզի, սիբիրախտի պես այդ վարակը կենդանիներից անցնում է նաև մարդկանց, վարակվածներին մահից հետո հարկ է թաղել միասին, այսպես կոչված, «Բեկարի հորում» (մանավանդ որ շունը մարդու բարեկամն է)։ Չեխ անասնաբույժի առաջարկած հատուկ ձև ու խորություն ունեցող այդ փոսում են միայն ինքնայրվում այդ հարուցիչները։ Իսկ թե ինչպես հայտնաբերել այդ հիվանդներին, օգնության է հասնում Հայնեի հիշյալ առակը։

ԱՌԱՔԻՆԻ ՇՈՒՆԸ
Գանգրամազ մի շուն, որը իրավամբ
Բրուտոս գեղեցիկ անունն էր կրում,
Իր խոհեմությամբ ու ազնվությամբ
Փառաբանված էր բովանդակ երկրում։
Նա մարմնացում էր առաքինության,
Ե՛վ համեստության, և՛ համբերության,
Տիրոջն ո՞վ արդյոք չէր տա երանի.
Նաթան Իմաստունն այդ չորքոտանի
Հասարակ շուն չէր, գոհար էր ընտիր,
Հավատարիմ էր ու պատվախնդիր,
Լավ հոգի ուներ։ Տերն այնքան սիրում,
Որ միս բերել էր նույնիսկ պատվիրում։
Շունն ատամներով բռնում տոպրակը,
Վազում էր մսի ծանոթ կրպակը,
Այնտեղից բերում քաղաքավարի
Միսը ոչխարի և թե տավարի։
Բուրում էր ճարպը, գերում, հմայում,
Բայց պարկեշտ շունը մսին չէր նայում
Եվ համբերությամբ` վայել ստոիկին,
Տուն էր հասցնում բեռը թանկագին։

Բայց շների մեջ, ինչպես և մեզնում,
Կա մի խաժամուժ ստոր, անամոթ։
Ծույլեր են դրանք, հափշտակիչներ,
Նախանձամիտներ ու խառնակիչներ,
Որ թողած բերկրանքն առաքինության,
Կյանքերն են վատնում գրկում մոլության։
Ստահակների խումբն այդ անօրեն
Դավեց Բրուտոսին, որն ազնվորեն
Պարտքի ուղիով քայլում էր անմեղ,
Բռնած տոպրակը` լի մսով համեղ։

Մի օր, երբ շունը կրկին միսն առավ,
Իր սովորական ճամփով հետ դառավ,
Դավադիրները հանկարծ միասին
Չորս կողմից վրա պրծան Բրուտոսին։
Տոպրակը թռավ։ Այստեղ ու այնտեղ
Թափվեցին մսի կտորներ հյութեղ։
Գրոհեց քաղցած ոհմակը մոլի,
Որ խժռի ավարն այդ ախորժալի։
Նայեց եղածին Բրուտոսը մի պահ,
Իբրև սառնասիրտ մի փիլիսոփա,
Սակայն, երբ տեսավ, թե ինչ են անում,
Ինչպես են լափում ու խրախճանում,
Ինքն էլ մասնակցեց խնջույքին վայրի
Եվ անուշ արեց կողը ոչխարի։

Խրատ
-Դո՞ւ էլ, ի՛մ Բրուտոս, դո՞ւ էլ ես լափում,-
Բարոյախոսն է արտասուք թափում...

Գայթակղիչ է արատն, ի՞նչ արած.
Ինչպես կաթնասուն ամեն արարած,
Շունն էլ կատարյալ, ավա՜ղ, չի լինի.
Լափում է նաև շունն առաքինի։

(թարգմանությունը` Պարույր ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ)

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ