Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Նրա ստեղծագործությունը սնվում է ազգային աղբյուրներից»

«Նրա ստեղծագործությունը  սնվում է ազգային աղբյուրներից»
26.07.2013 | 12:55

Ճանաչված քանդակագործ, ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հայրը` Հովհաննես Ղազարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու էր, իսկ մայրը` Ամալյա Ղազարյանը, կուսակցական աշխատող: Կաղզվանցի Ամալյան երազում էր, որ իր որդիները` Վիգենը և Գագիկը, պրոֆեսոր դառնան: Տիկին Ամալյայի երազանքը կատարվեց:
Վիգեն Ղազարյանը արվեստագիտության դոկտոր է, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Գագիկը նույնպես դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում, այդ հաստատության պրոֆեսոր է: Գագիկ Ղազարյանը եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահը, ընտրվել է նկարիչների միության քարտուղար:
Սերը դեպի նկարչությունը տղայի մեջ արթնացել է վաղ հասակից:
«Հաճախել եմ Երևանի Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ պալատի նկարչական խմբակը,- պատմում է Գագիկը:- Սովորել և ավարտել եմ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:
Տաղանդավոր ուսուցիչներ եմ ունեցել: Պիոներ պալատում ուսուցիչս ընկեր Սոսն էր (Սոս Պետրոսյան)` անկեղծ և ազնվագույն մարդ, հիանալի մանկավարժ: Շատ բան եմ սովորել Ալբերտ Ծովյանից, իսկ քանդակի վարպետս եղել է հայտնի քանդակագործ Սուրեն Նազարյանը: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Լենինգրադում: Սովորել եմ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության ինստիտուտում:
Այստեղ էլ բախտս բերեց: ՈՒսուցիչս ռուսական քանդակագործության լավագույն ներկայացուցիչներից էր` մեծն Միխայիլ Անիկուշինը: Զարմանալի վարպետ էր»:
1977 թվականից Գագիկ Ղազարյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ:
«Շնորհալի աշակերտներ շատ եմ ունեցել: Այսօր էլ կան խելացի, մտածող, գիտուն ուսանողներ: Սակայն շատերի համար այսօր կա մեծ պրոբլեմ` ուսման վարձը: Երիտասարդներից շատերը, որպեսզի կարողանան վճարել այդ վարձը, աշխատում են, որից տուժում է հաճախելիությունը, դրա հետ էլ ուսանողի մակարդակը: Խորհրդային Միությունում ուսանողների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծված»:
Ի դեպ, խորհրդային տարիներին պետությունը նկարիչներին և քանդակագործներին ապահովում էր աշխատանքով:
Ցավոք, այսօր նման բան չկա, և ստեղծագործողն ինքը պետք է փնտրի իր պատվիրատուին: Իսկ հայաստանյան պայմաններում դա շատ բարդ է:
Չկա նաև գեղարվեստական խորհուրդ: Այդ պատճառով 90-ականներից հետո Երևանում (և ոչ միայն) հայտնվեցին, մեղմ ասած, անճաշակ քանդակներ: Ստացանք ազատություն (չնայած խորհրդային տարիներին հայ արվեստագետները առանձնապես ճնշված չէին), որը վերածվեց ամենաթողության:
Գագիկ Ղազարյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների: Նրա դեկորատիվ-մոնումենտալ քանդակները տեղադրված են Երևանում, Իջևանում, Յալթայում, Կրիվոյ Ռոգում, Վոլգոդոնսկում, Մոսկվայում, ՈՒզբեկստանում, Լիբանանում... Նրա աշխատանքներից շատերը պահպանվում են Երևանի, Մոսկվայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Մասնագետները բարձր են գնահատում Գագիկ Ղազարյանի արվեստը, համարելով նրան նշանավոր քանդակագործ, կերպարվեստի դասական, մաեստրո: Նա տիրապետում է կատարման բարձրագույն տեխնիկայի: Նրա վարպետությունը հավասարազոր է քանդակագործության տարբեր` մոնումենտալ, դեկորատիվ, ռելիեֆի, փոքր պլաստիկայի ասպարեզներում: Ազգային ավանդույթները ներդաշնակորեն միահյուսված են արդիականի հետ:
Մասնագետները համարում են, որ իր գեղանկարչական քանդակներով շարունակում է ռոդենյան դպրոցի ավանդույթները, իսկ գծանկարում նա ավելի մոտ է Պիկասոյին: Նրանք նշում են քանդակագործի մեծ կուլտուրան, բարձր ճաշակը, հարուստ երևակայությունը:
«Արվեստագետի համար շատ կարևոր է միջավայրը, որտեղ նա ապրում է: Ես ծնվել ու մեծացել եմ Երևանի կենտրոնում: Միշտ սիրել եմ նեղ փոքրիկ փողոցները, Կոնդը, հին երևանցիներին, որոնք դարձել են իմ աշխատանքների հերոսները: Հաճախ եմ անդրադառնում դիցաբանությանը, ժողովրդական հեքիաթներին, հայ ժողովրդի պատմությանը:
ՈՒսումնառության տարիներին ինձ վրա անկրկնելի տպավորություն և ազդեցություն թողեց Լենինգրադը` աշխարհի լավագույն քաղաքներից մեկը։ Ես սիրահարված էի Էրմիտաժին, Ռուսական թանգարանին, պարզապես շենքերին ու կամուրջներին, ցրտաշունչ ձմեռներին, սպիտակ գիշերներին, մարդկանց... Ներշնչանքի մեծ աղբյուր էր ինձ համար այդ քաղաքը»:
Եվ պատահական չէ, որ վերջերս հենց այս քաղաքում (այսօր արդեն Սանկտ Պետերբուրգում) տեղի ունեցավ Գագիկ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը: Նշենք նաև, որ Գագիկն առաջին հայ քանդակագործն է, որ արժանացել է այդ պատվին: Ցուցահանդեսի կազմակերպիչն էր արվեստագետ Ելենա Լիսակը, աջակցել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Ցուցադրությունը կրում էր «Գագիկ Ղազարյանի գծերի և ձևերի աշխարհը» խորագիրը և կայացավ Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության «Երկնագույն հյուրասրահում»: Ներկայացված էր 61 աշխատանք` 16 քանդակ, 45 գծանկար:
Բացման արարողությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության նախագահ Ա. Չառլինը, նշանավոր արվեստաբան Մուդրովը, ճանաչված նկարիչներ, քանդակագործներ, թատրոնի և կինոյի գործիչներ։
Հաջողությունն ակնհայտ էր. ցուցադրության օրերին դահլիճը լեփ-լեցուն էր: Մասնագետները և հանդիսատեսը բարձր գնահատեցին Գագիկ Ղազարյանի «Հայաստանի մկրտությունը», «Ծովափին», «Կերպարանափոխում», «Սրբազանը» և այլ քանդակներ, «Ծեր նկարիչը», «Պայքար», «Նվագող պանը», «Աղքատը թեյամանով», «Ծերուկը կատվի հետ» գծանկարները:
Տպավորությունների գիրքը լի էր հիացական կարծիքներով:
«Շատ էքսպրեսիվ և նուրբ զգացող նկարիչ է: Ընդ որում` մտածող»:
«Գեղեցիկ են «Նստած Նանան», «Աքաղաղի կանչը»: Նման վեհ զգայականություն կհանդիպես միայն Պլատոնի մոտ»:
«Պոզիտիվ է, վառ տեմպերամենտով: Ոգևորում է»:
«Գագիկ Ղազարյանի քանդակները հետաքրքիր են: ՈՒնեն սեփական բնավորություն»:
«Ձեր գործերում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմը և Հայաստանի կոլորիտը: Ձեր ստեղծագործությունը սնվում է ազգային աղբյուրներից»:
Հանդիսատեսը նշել է նաև որոշ աշխատանքների հումորը, առողջ մտածելակերպը, լավատեսությունը:
Լիարյուն կյանքով է ապրում Գագիկ Ղազարյանը: Ստեղծագործում է, դասավանդում, լի է նոր մտահղացումներով: Ամուր է և նրա ընտանիքը: Նրա կողքին են կինը` Թամարան, երեխաները` Նաիրուհին, Հովհաննեսը, Արան, թոռները:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ