Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա»

«Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա»
24.07.2013 | 15:10

«Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա». Խիստ դիպուկ ձևակերպեց ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ համարձակ քայլը Կամո Արեյանը Աշնակում վերջին հրաժեշտի արարողության ժամանակ:

«Նա կյանքից հեռացավ Էռնեստ Հեմինգուեյի տարիքում և հեռանալու ձեռագիրը նույնպես ծերուկ Հեմիինն էր». մոտավորապես այսպես էր գրել Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում:
Այսօր լրացավ երկրի վրա նրա շրջագայության 40-րդ օրը, իսկ երեկոյան նրան իր սիրելիների և հարազատների հետ կդիմավորեն Անդրանիկ Օզանյանը, Վիլյամ Սարոյանն ու Վահագն Դավթյանը: Ես թվարկեցի այն մարդկանց անունները, ումով կազմվել և կայացել էր Վրեժ Իսրայելյան մարդու ու գրողի ավիշը, ումով ապրել ու ապրեցրել էր նա մեր երկիրը մինչև 88 թվականն ու, հատկապես, 88-ից հետո: 88-ը գրեցի ու տեսա որ Անդրանիկի, Սարոյանի ու Դավթյանի կողքին Վազգեն Սարգսյանը պիտի կանգնած լինի, հիշեցի Վազգենի «Մեկ վայրկյան» մտորումները հավերժի ճամփեն բռնելուց առաջ` ըստ Վրեժ Իսրայելյանի: Քիչ հետո հասկացա, որ Վրեժի ընկերներից այս պահին ամենատխուրը Վանո Սիրադեղյանը պիտի լինի, ոչ թե նրա համար, որ իր նվիրած փամփուշտը խոցեց «մահվան ուրվականին», բնավ ոչ. մոտիկները գիտեն, որ Վրեժը էն խենթ ու խելառ սասունցին էր, որ եթե մի բան որոշում էր, մեկ է` պիտի աներ: Վանոյի տխրության հիմքում մեր սերնդի տխրության թանձրույթը կա. մեր սերնդին հնարավորություն էր տրված պատմական ավանդույթը փոխել ու եկող սերունդներին ավելի քիչ հոգս ու բեռ փոխանցել:
Վրեժ Իսրայելյանը այդ հոգսը թեթևացնող բեռնակիրներից մեկն էր: Վրեժը…
Սասունցի ֆիդայու հաստ ու թանձր սև բեղերով, պայծառ ու վճիտ աչքերով, հայրենի Սասնա հողի ջերմությունն իր սրտում կրող Վրեժը` միշտ պայծառ ու վճիտ աչքերով, միշտ շիտակ ու միշտ ճշտախոս: Մինչև իր ապրած վերջին օրը, ժամը ու մինչև իր վերջին «Մեկ վայրկյանը» չուրացավ ո՛չ Վանոյին, ո՛չ Վազգենին` ի տարբերություն շատ-շատերի: Եվ միևնույն ժամանակ կիսատ թողածը շարունակեց Սերժ Սարգսյանի հետ` պետականության կայացման համար, շարունակեց և նրա հետ էլ միշտ շիտակ, միշտ ճշգրիտ ու ճշտախոս էր ու ամեն ինչ աչքերին ուղիղ նայելով ասող` մեր ցավ ու դարդի, մեր բառ ու բանի, մեր ամեն ինչի մասին, մեկ բառով ասած` տղամարդավարի: ՈՒ այսօր թերևս Վրեժի պես ճշգրիտ ու ճշտախոս, պայծառ ու վճիտ աչքերով տղերքի պակասից, իրար աչքերի տղամարդավարի նայելու ու ճակատին ասելու պակասից է, որ օր օրի տուժվում ու նոսրանում է մեր երկիրը, Վրեժի երկիրը:
Այսօր տեսնելու եմ Ռոլանդին, Աֆոյին, Օլեգին ու շատերին… բոլորն էլ ծանր են տանում այս ամենը: Աֆոյին թաքուն հարցնելու եմ խորհրդավոր նամակի բովանդակության մասին, որ նա վերջին պահին խցկեց Վրեժի ծոցագրպանը` Գայուշիկի (Վրեժը կնոջն այդպես էր կանչում) ու սասնա ցեղի կանանց լացագորույն հայացքների ներքո…
Վերևում ծանրն ասացի, իսկ ծանրից ամենածանրն էլ կա, և այդ ամենածանրը նրան շատ մտերիմ ու գրչակից ընկերն է տանում, որի մասին ամենամոտ ընկերները գիտեն, թե ինչու, և նրանք էլ կոչված պիտի լինեն թեթևացնելու: Համենայն դեպս, Վրեժն անկասկած այդպես կաներ, Իսրայելյան Վրեժը` Սասնա ցեղից:
Հիշատակդ հավերժ պայծառ, եղբայր, մերոնց կբարևես մինչ հանդիպում…


Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
Հ. Գ.- Եվ հազար փառք Աստծուն, որ քո ճիշտ ու պինդ տեսակը շարունակվում է քո Մհեր որդու ու նրա զավակների` թոռներիդ մեջ:

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ