Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Իմ տեսանյութի շնորհիվ շատերը սովորեցին կամ այդպես էլ չսովորեցին Գոդֆրի Ռեջջոյի անունը

Իմ տեսանյութի շնորհիվ շատերը սովորեցին կամ այդպես էլ չսովորեցին Գոդֆրի Ռեջջոյի անունը
26.07.2013 | 13:01

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի յոթնօրյա խելահեղ ռիթմին տրված` հրապարակել եմ քսանից ավելի նյութ «Իրատես de facto» թերթում, www.irates.am կայքում և փառատոնային «Օրաթերթում»: Ենթադրում էի, որ մեր հասարակության որոշակի շերտերին պիտի հետաքրքրեն իմ հրապարակումները, սակայն բնավ մեծ համարում չունեի 66 վայրկյան տևողությամբ մի պարզ տեսանյութի առնչությամբ, որտեղ աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի (ի դեպ, ոչ` Գոդֆրիդ, ինչպես հնչեց «Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա հորիզոն» ծրագրում) Ռեջջոն չափազանց առույգ ու ինքնաբուխ մասնակցում է կինոփառատոնի կազմակերպիչների և հյուրերի խմբապարին` փառատոնի փակման ոչ պաշտոնական արարողության ժամանակ:

Ինձ համար` որպես հայ մարդու, շատ տպավորիչ էր աշխարհին իր գլուխգործոցներով, հատկապես` «Կացի» կինոեռապատումի «Կոյանիսկացի», «Պովակկացի», «Նակոյկացի» ֆիլմերով, ապշեցրած այդ կինոտիտանի անմիջական պահվածքը Երևանի ռեստորաններից մեկում ընթացող զուտ հայկական ճաշկերույթի շրջանակներում: Իսկ երբ նա որոշեց միանալ պարող իմ հայրենակիցներին (և ոչ միայն` հայրենակիցներին), պարզապես հասկացա, որ դա անմահացումի արժանի փաստ է, ու ես այն պետք է տեսանկարեմ և տեղադրեմ իմ ֆեսյբուքյան էջում և www.irates.am կայքում:
Ի՜նչ իմանայի, որ «նրբաճաշակ» ու «բարեկիրթ» իմ հայրենակիցները ոչ թե ինձ նման պիտի ուրախ լինեն, որ ամերիկացի մեծագույն արվեստագետն այդչափ անկաշկանդ ու երջանիկ է զգում իրեն մեր մայր քաղաքում, շատերիս համար սիրելի «Ոսկե ծիրանի» հոբելյանական խնջույքի ժամանակ, այլ պիտի հագնեն ճիզվիտի սքեմ ու համասփռեն իրենց չարանենգ մեկնաբանություններն այս առիթով:
Այն, որ «Tert.am», «Operativ.am», «Zham.am» կայքերը (գուցե և այլք, տեղյակ չեմ) տարածել էին իմ տեսանյութը («Zham.am»-ը, ի դեպ, հարկ էլ չէր համարել նշել ծագման աղբյուրն ու հեղինակի անունը), ինձ առանձնապես չմտահոգեց: Էդպիսի՞ բաներ են կատարվում համացանցում: Մանավանդ որ տեսանյութի մեկնաբանությունների մեջ, հուրախություն ինձ և ազգիս, ակնհայտորեն տեսա առողջ բանականության մխիթարիչ հատիկը:
Զորօրինակ:
«Gayane Davtyan.Երբ որ էս օրերին` Ոսկե ծիրանը համաշխարհային ֆիլմեր էր ցուցադրում, Հանրահռչակ կինոռեժիսորների Մաստեր-կլասներ էր անում, ինչի՞ էսքան մարդ չէր փնտրում յութուբում, չէր նայում, ինչքան էս անիմաստ վիդեոն: Թե պետք ա մի քիչ ուղեղներիդ զոռ տայիք, մտածեիք, հասկանայիք ինչ են ասում, ինչ են խոսում կինոյից, բարձր արվեստներից... դե դրա զահլեն հո չունեիք, հազիվ էլ էս վիդեոներով «ուրախանաք» էլի, ողբամ քեզ հայոց աշխարհ..»
Cocstyopa. «չէ, իսկական արվեստագետը Մոցարտի երաժշտության տակ է միայն պարում ))»:
(Մեկնաբանությունները կարող եք գտնել այստեղ` http://www.youtube.com/watch?v=aY92_-LdG8I):
«Arusyak Ghazaryan. Եթե ինչ-որ մեկին հայտնի են երևանյան այնպիսի ռեստորաններ, որտեղ պարում են Մոցարտի երաժշտության տակ, թող տան դրանց կոորդինատները «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին և հատկապես Գոդֆրի Ռեջջոյին, թե չէ խեղճերն էդպես էլ կմնան անճաշակության ու ռաբիսի խավարում և կշարունակեն դիտել Արտավազդ Փելեշյանի, Մարգարեթե ֆոն Թրոթթայի, Իշտվան Սաբոյի, Յոս Ստելլինգի ու նրանց նման այլ ռեժիսորների ֆիլմերը»:
«Hakob Asatryan. Նախ սովորեք ռաբիս բառը ճիշտ գրել, հետո նման վերնագիր հրապարակել»:
(Մեկնաբանությունները կարող եք գտնել այստեղ` http://zham.am/am/news/10278.html): Ես հատուկ միտումով` հեղինակային իրավունքի դեմ որևէ ոտնձգություն թույլ չտալու նպատակով, չեմ խմբագրում և սրբագրում մեկնաբանությունների տեքստերը, մանավանդ որ այս դեպքում կարևոր է ոչ թե ձևը (թեև ինքս անձամբ նաև ձևի մոլեռանդ կողմնակից եմ հայոց լեզվին վերաբերող հարցերում), այլ բովանդակությունը:
Ինչևէ, կարծում էի, որ բարեհաջող ավարտվեց «Ոսկե ծիրանը» և ես, ամենօրյա վազքից ու լարումից ազատագրված, կկարողանամ վերջապես տրվել փառատոնի ընթացքում տարբեր արվեստագետների հետ իմ արած հարցազրուցները խմբագրելու հաճելի հոգսին, բայց հանկարծ, ի լրումն համացանցային դատարկաբանության, եթեր է հեռարձակվում «Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա հորիզոն» ծրագիրը, որտեղ մեղադրական ճառ է հնչում «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների երաժշտական «անկազմակերպվածության» մասին և տարօրինակ մի գնահատական` Գոդֆրի Ռեջջոյի առնչությամբ. «Տեսե՛ք, թե ինչպես է խեղճ մարդը տանջվում»:
Այս դեպքում արդեն լռելն աններելի է. վերջապես հայտնվել է մի ընդդիմախոս, որին ես պատրաստ եմ պատասխանել ու հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ իմ առջև կոնկրետ անձ է` ի դեմս Արամ Աբրահամյանի, ոչ թե համացանցային անդեմ ամբոխ:
Թե ինչպես են «տանջվում» մարդիկ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական հավաքների ժամանակ, Արամ Աբրահամյանը հնարավորություն ունի իմանալու իրեն շատ ավելի մոտ կանգնած ու շատ ավելի հավաստի աղբյուրներից, քան իմ` Կարինե Ռաֆայելյանիս հավաստիացումները կարող են լինել իր համար: Թե որքանով է «անկազմակերպ» «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների երաժշտական ճաշակը, կարելի է դատել այն երաժշտությամբ, որը հնչում է ամեն տարի փառատոնի բացման, փակման ու բուն փառատոնի ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների ժամանակ: Թվարկենք միայն մի քանի երաժիշտների ու երաժշտական խմբերի անուններ, որոնք հիացրին այս տարվա հանդիսություններին ներկա օտարազգիներին և հպարտանալու առիթ դարձան անձամբ ինձ համար` իբրև հայ մարդու. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ (գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան), Հայաստանի պետական ջազային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց), «Հովեր» կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), քանոնահար Նարեկ Գազազյան, ռոք երգիչ Սուրեն Առուստամյան (ի դեպ, «Շանթ» հեռուստաընկերության «շրջանավարտ»), այլք:
Իսկ թե ինչ մակարդակի ֆիլմերի ու կինոիրադարձությունների հանդիսատեսն ենք դառնում ազգովին «Ոսկե ծիրանի» օրերին, դժվար չէ իմանալ` թեկուզ ընդամենը թերթելով մամուլն ու հետևելով հեռուստաէկրանի անաչառ լրահոսին: Մարդիկ, ովքեր այդպես ջերմեռանդորեն կուրծք են ծեծում ռաբիսի, ցածրաճաշակ երաժշտության դեմ ու թափահարում մոդայիկ դարձած «ապստամբության դրոշը», թող բարի լինեն գիտակցել, որ «Ոսկե ծիրանն» է անկասկած մեր այսօր ունեցած այն եզակի արժեքներից մեկը, որն ապահովագրում է մեզ գոնե կինոյի ասպարեզում ռաբիս չլինելու կամ առհասարակ չլինելու վտանգից: Իսկ թե ինչպիսի երաժշտություն են հրամցնում, ցավոք, ոչ միայն երևանյան ռեստորանները, այլև շատ դեպքերում հեռուստաեթերն ու պետական մակարդակով կազմակերպված հանդիսությունները, սա արդեն ո՛չ «Ոսկե ծիրանի», ո՛չ էլ, առավել ևս, Գոդֆրի Ռեջջոյի խնդիրն է:
ՈՒ ևս մի զարմանալի երևույթ: Երբ այս հրապարակումը պատրաստելիս փորձեցի «youtube»-ից դուրս գրել վերևում մեջբերված մեկնաբանությունները, պարզվեց, որ տեսանյութն արգելափակվել է «Շանթ» հեռուստաընկերության պահանջով` այն պատճառաբանությամբ, թե չեն պահպանվում այդ նյութի հեղինակային իրավունքները: Ա՜յ քեզ «ինքնատիպություն». «Շանթն» իր տարօրինակ ռեպորտաժից առավել տարօրինակ է հեղինակային իրավունք հասկացության վերաբերյալ ունեցած պատկերացումներո՞ւմ: Այն, որ համացանցում շատ հաճախ թքած ունեն հեղինակային իրավունք հասկացության վրա, մեզ համար արդեն նորմալ է, օրինաչափ, բայց որ այդ վարքագիծը սահուն կերպով սողոսկել է նաև հեղինակավոր հեռուստաընկերություն, փոքր-ինչ տարօրինակ է:
Ինչևէ, կրկնեմ, որ ես մեծ համարում չունեմ մի քանի վայրկյան տևողությամբ այդ տեսանյութի մասին և բոլորովին դեմ չեմ, որ այն արգելափակվի (այս հարցում, սակայն, իրավունքները պատկանում են բացառապես ինձ` որպես ֆեյսբուքյան օգտատիրոջ, և irates.am կայքին, ում պահանջով վերականգնվեց տեսանյութի ցուցադրման հնարավորությունը «youtube»-ում): Բայց առավել շահեկան կլինի, որ տեսանյութը տարածվի ու օգտագործվի որպես «ուսումնական ձեռնարկ» այն մարդկանց համար, ովքեր ոչ միայն պետք ունեն սովորելու Գոդֆրի Ռեջջոյի անունը, այլև ճանաչելու նրա դեմքը: Խոսքս հատկապես այն լրագրողների մասին է, որոնք մեծագույն ռեժիսորի հետ ճեպազրույցից հետո անմեղսունակ անգիտությամբ ասում էին` կներկայանա՞ք:
Եվ քանի որ ոմանք, շնորհիվ այդ տեսանյութի, զգալիորեն առաջադիմել են «ռեջջոյագիտության» ասպարեզում ու մասնակի թերություններով յուրացրել նրա անունը, թող կանգ չառնեն «ձեռքբերումների» խութաշատ ճանապարհին, փորձեն սովորել նաև այս հրապարակման սկզբում հիշատակված նրա ֆիլմերի անունները, ապա և նոր սխրանքների պատրաստակամությամբ տոգորված` դիտեն դրանք համացանցում: Հասկանում եմ, որ միանգամից շատ բեռնեցի «նրբաճաշակ», «բարեկիրթ», ռաբիսամերժ իմ ընդդիմախոսներին, և նրանց փխրուն ուսերն ու հոգին հազիվ թե դիմանան իմ առաջարկած բիրտ մտավարժանքին, բայց մեծ արվեստը մեծ զոհողություններ է ենթադրում, ինչպես որ Գոդֆրի Ռեջջոն «զոհաբերվեց», «տանջվեց» «Ոսկե ծիրանի» փակման խնջույքին, որի ընթացքում պարահրապարակը գրեթե չլքող համաշխարհային կինոդեմքերը չէին էլ մտածում, թե ոմանք պիտի զուգահեռներ անցկացնեն իրենց ու Սիդնի Պոլլակի «ՈՒժասպառ ձիերին կրակում են, այնպես չէ՞» ֆիլմի հերոսների միջև: Դե՜, էդ մարդկանց էլ կարելի է հասկանալ. գուցե չե՞ն պատկերացնում, որ «Ոսկե ծիրանը», կինոիրադարձություն լինելով հանդերձ, տուրք չի տա 1960-ականների հայտնի ամերիկյան կինոֆիլմի տրամադրություններին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ