Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Թող նա էն աշխարհում էլ ազնիվ ու քաջ զինվոր մնա

Թող նա էն  աշխարհում էլ ազնիվ ու քաջ զինվոր մնա
18.06.2013 | 11:04

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Քո հոգնած թիկունքից բարձրանում է հուշի թանձր ամպը: Կոմիտասյան անձրև՞ է մաղելու, կարկո՞ւտ է տեղալու: Անձրև, թե կարկուտ` լացացնելու են իրար, ու հյուսվելու է Վրեժ Իսրայելյանի հուշը: Մինչև հիմա ինքն էր գրում, սրանից հետո իր մասին են գրելու և իր գրածներն են կարդալու անձրևի ու կարկուտի ժամանակ:
...Եվ եկավ «Ավանգարդի» խմբագրություն: ՈՒսանող էր: «Աշնակից եմ»,- ասաց: Պարզ է` եղեռնից փրկվածի ժառանգ: ՈՒ մի օր խմբագիր Լորիս Կրոյանը ասաց. «Գնում ես Փոքր Վեդի, ծանոթանում տասը աղջիկ ունեցող ու վերջերս տղա ունեցած Մարգար Հովհաննիսյանի հետ, լավ նայում ես տան ներս ու դրսի պատերին, գյուղի ներս ու դրսին ու մի կարգին ակնարկ ես գրում»: Ասացի` Վրեժին էլ հետս եմ տանում: «Տար,- ասաց խմբագիրը,- եղեք նաև Խոր վիրապում, երկար նայեք Արաքսի ժապավենին, նայեք Ազատն ի վեր, Մասիսն ի վեր… Թղթակից լինելը խմբագիր լինելուց լավ է»: Վրեժիս հետ գնացինք: Ծանոթացանք հանրային տնտեսության նախագահի հետ, որը նույն տասը աղջիկ ու մեկ տղա ունեցող Մարգար Հովհաննիսյանն էր: Տղայի անունը դրել էր Ազատ: Միլպետի խոսքն էլ լսեցինք: «Աչքդ վրան պահիր, դեռ ձվից դուրս չեկած, փորձում է պետական սահմանը խախտել, բարձրանալ Ազատն ի վեր, Մասիսն ի վեր»: Խոսք ասաց. «Պատմվածքներ եմ գրում: Մի պատմվածքի մեջ երեխան բռնում է պապի գյուղ տանող ճամփան ու… երազում գնո՜ւմ է, գնո՜ւմ է, գնո՜ւմ է: Գնում է, որ հասնի: Կհասնի՞, չգիտեմ»: Խոր Վիրապից նայեց Արարատին. «Գուցե էստեղից մտնի Արաքս, բռնի, այ, էն ճամփան ու գնա՜, գնա՜, գնա՜, բարձրանա, բարձրանա, իջնի, ձգվի դեպի էրգիր, դեպի Սասուն տանող ճանապարհով: Տեսնես Մուշեղն ի՞նչ կասի»: Էդ օրը ես ծանոթացա ոչ միայն Փոքր Վեդիի հողի, այգիների, մարդկանց, բազմանդամ մի ընտանիքի, այլև իմ կրտսերի, իմ Վրեժի հետ: Նրա ամեն մի հոդվածը, ակնարկը, պատմվածքը, գիրքը դարձան ծանոթություն գրողի, մարդու, աշնակցու, էրգրացու հետ: Վրեժը սիրել տվեց իր ստորագրությունը: Մուշեղ Գալշոյանը եկավ Խաչիկ Դաշտենցից, Սասուն Գրիգորյանը եկավ Սողոմոն Տարոնցուց: Իսկ Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Սասունիկ Թորոսյանը… Իսկ Գրիգոր Ջանիկյանը, Հովիկ Վարդումյանը, Վազգեն Սարգսյանը… էս ի՜նչ հրաշալի, հայրենասեր գրողներ ունենք:
Արցախյան պատերազմը դարձավ Արազի ափին ծնված տղերքի կռիվ, ազատատենչություն:
Թիկունքիս ամպերը ծանրանում են: Անձրև՞ է գալու շարմա՜ղ-շարմաղ, կարկո՞ւտն է ջարդելու բառերի արտը, անտառը: Չգիտեմ:
Սիրելի՛ Փիրուզա, ցավակցելով մեր գրական ընտանիքին, հենց քեզ, իմ սիրելի Նիկօյին, ցանկանում եմ հոգու զորություն, առաջվա սիրով թերթիդ էջերում տպագրիր Վրեժի պատմվածքները, նույն սիրով թող Նիկօն ձևավորի իր ընկերոջ պատմվածքները, հարյուր տարի իրար հետ հարյուր փութ աղ ու հաց կիսած մեր Վրեժին հիշենք, հիշենք, թող նա էն աշխարհում էլ ազնիվ ու քաջ զինվորը մնա ու… Աշնակում ծաղկում են քարերը: Վերջին անգամ Աշնակում եղել եմ Կոմանդոսի և Նորայր Մուշեղյանի հետ: Վրեժն Աշնակից է բռնելու իր էրգրի, իր պապի, իր պապի գյուղի, իր պապի գյուղի տան ճանապարհը։
Բարի ճանապարհ, Վրե՛ժ։ Դու հիշողության ճանապարհ բացեցիր, որ Դաշտենցի, Գալշոյանի բացած ճանապարհով բարձրանում ես դեպի մեր հիշողության բարբառի հովիտն ու սարը:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ