Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»

«Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»
05.06.2013 | 17:29

Հունիսի 6-ին նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի մրցույթը առանձնակի շուքով է անցկացվելու, որովհետև 2013-ին ընտրվել է որպես միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:
«ԱՊՀ տարածքի մրցույթների շարքում առաջինը Չայկովսկու մրցույթն է, երկրորդը` Արամ Խաչատրյանի անվան մրցույթը,- ասաց նա:- Մրցույթին մասնակցում է 26 թավջութակահար, որը լուրջ ցուցանիշ է»:
Նախարարը նշեց, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի շրջանակում աշխարհի շուրջ 170 քաղաքներում իրականացվել և իրականացվելու են տարբեր ծրագրեր: Հաղորդումներ, ֆիլմեր են նվիրվում հայ կոմպոզիտորին:
Այս տարի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության օրերին մշակութային ծրագիրը ներկայացվելու է «Սպարտակ» բալետով: Արամ Խաչատրյանի ծննդյանն են նվիրվելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք կոնսերվատորիայի միջազգային շաբաթը, Ֆրեզնոյում և Սանտա Բարբարայում հայկական կամերային երաժշտության փառատոնը և այլն:
Չնայած մեծածավալ միջոցառումներին, Հասմիկ Պողոսյանի կարծիքով, Արամ Խաչատրյանի երաժշտությունը հանրահռչակելու ամենամեծ ներուժը կոմպոզիտորի անվան մրցույթն է, որ տեղի է ունենում մեր հայրենիքում` ներգրավելով աշխարհի կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ուժերը, մրցույթ, որի շնորհիվ այդ երիտասարդները աշխարհի տարբեր բեմերում ներկայացնում են Արամ Խաչատրյանին:
Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանի խոսքով` մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին և ոչնչացնեն այն մարդկանց, ովքեր չեն անցել վերջին փուլ: «Մրցույթները ստեղծվել են նրա համար, որ բացահայտեն նոր տաղանդներ, ներկայանալու հնարավորություն ընձեռեն երիտասարդներին: Սա չափազանց կարևոր միջոցառում է, որտեղ ի հայտ են գալիս նոր անուններ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթն անցկացվել է ջութակի անվանակարգում: Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին որոշում էր կայացրել հանձնել Գրան-պրի, և մրցանակակիր դարձավ Ֆյոդոր Ռուդինը (Ֆրանսիա-Ռուսաստան), որին հանձնվեց նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ