«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Հեռուստատեսությամբ ոչ միայն մնջախաղ, ընդհանրապես թատերային ներկայացում չի կարելի նայել»

«Հեռուստատեսությամբ ոչ միայն մնջախաղ, ընդհանրապես թատերային  ներկայացում չի կարելի նայել»
01.03.2013 | 12:44

Աթոռի համար ամեն ինչի ընդունակ մարդը, ի վերջո, դառնում է աթոռի ոգու գերին, և դժվար է որոշել, թե ով է ում տիրացել, քանի որ աթոռին տիրող մարդն անասելի տանջանքներ է կրում իրենից պոկ չեկող աթոռից ազատվելու համար:
ՀՀ Վաստակավոր արտիստ, ռեժիսոր ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «Աթոռի ոգին» ներկայացվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի մանրապատումների շարքում: Ծրագրում ընդգրկված էր 5 մանրապատում` «Շախմատ», «Ճիչը», «Սալոմե», «Կաղապարում» և «Աթոռի ոգին»:
«Աթոռի ոգին» ցուցադրվեց նորովի` դուետով: Բեմադրիչը ցանկացել էր, որ ներկայացմանը մասնակցի նաև մնջախաղի թատրոնի դերասանուհիներից մեկը` Նաիրա Եդիգարյանը: Իմպրովիզացիոն այս հատվածը բեմադրվել է «Աթոռը» մանրապատումի մոտիվներով, որը Յուրի Կոստանյանի կատարմամբ ցուցադրվել է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:

-Պարոն Կոստանյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ փոփոխությունը, ինչո՞ւ «Աթոռը» դարձավ «Աթոռի ոգի»:
-Ես միայնակ էի խաղում աթոռի հետ, բայց ցանկացած երևույթ ունի իր հոգին, ոգեղեն է ամեն ինչ այս աշխարհում: Այդ ոգեղենությունը շատ հետաքրքիր է ներկայացնում Մորիս Մետեռլինկը իր «Կապույտ թռչուն» պիեսում: Երբ ես սկսում եմ գործ բեմադրել, ամբողջն ինձ համար ոգեղենանում է: Նույնիսկ բեմը, հետնաբեմը սկսում են ոգեղեն դառնալ, շնչել, երբ դու իրենց այդպես ես մոտենում: Ցանկացած երևույթ մեզ հետ խոսում է, զգում: Կարելի է փայտը համարել մեռած, բայց դա ծառ է եղել, աթոռը պատրաստված է որոշակի նյութերից, բայց տիեզերական նյութեր են` ոգեղեն հատկություն ունեցող: Մենք նույնիսկ մարդուն երբեմն այդպես չենք մոտենում: Դա մեր թերությունն է: Այդպիսին է իմ մոտեցումը ոչ միայն այս էտյուդային փոքր պրոցեսում, այլև իմ ներկայացումներում: Ընդհանրապես, մեր թատրոնը լուրջ վերաբերմունք ունի աշխարհի նկատմամբ, երևույթների: Մենք հանդիսատեսի հետ զրուցում ենք բեմի միջոցով: Նաև հարցեր ենք բարձրացնում:
-Իսկ պատասխաննե՞ր:
-Ամենահանճարեղ մարդիկ, եթե նույնիսկ փորձում են պատասխաններ գտնել, միևնույն է, դրանք շատ ժամանակավոր բնույթ են կրում: Այդպես է նաև թատրոնը: Գիտնականները, ֆիզիկոսները ասում են, որ երբեմն նյութը վերանում է, մնում է հոգին: Արվեստը, արվեստագետը ինքնին կրողն են ոգեղենի, իսկ ոգեղենը չունի սկիզբ ու վերջ, ինչպես աստվածայինը: Եվ չունի պատասխան` իմ կարծիքով:
-Ի՞նչ ասել է իմպրովիզացիոն ներկայացում:
-Երբ փորձում ենք ինչ-որ բան ձևակերպել, այդ երևույթը ձևակերպման մեջ մահանում է: Պետք է նայել արվեստի գործը և վերջ: Էլ ոչ մի խոսք: Ամեն ինչ ասվում է: Հիմա մենք հարցազրույց ենք վարում, ու եթե պայմանավորվածություններ ունենայինք, ավելի թերի կլիներ մեր զրույցը: Գյոթեն, երբ իր կենդանության օրոք 150 հատոր արդեն տպագրել էր, ասում է. «Այդ 150 հատորը ես չեմ կարող փոխարինել մի զրույցով, որ հենց հիմա տեղի է ունենում իմ և ընկերոջս միջև սեղանի մոտ նստած, դա անհնար է թղթին հանձնել ու փոխանցել սերունդներին»: Զրույցը, երբ արձանագրվում է ինչ-որ տեղ, վերանում է: Մենք նկարագրում ենք երևույթներ, որոնք եղել են կամ պիտի լինեն, բայց պահը մենք չենք կարող մարդկանց փոխանցել: Այդ պատճառով էլ իմ ներկայացումները իմպրովիզացիոն են, գուցե որոշ չափով տուժեն մյուս ներկայացումների համեմատ, բայց դա ինձ չի անհանգստացնում: Որովետև այստեղ և հիմա է տեղի ունենում, մենք խաղընկերներով մտնում ենք մի փոխհարաբերության մեջ, որտեղ պայմանավորվածությունները հնարավորինս քիչ են: Ինձ հետ աշխատող դերասանները երբեմն բողոքում են, թե մենք չպայմանավորվեցինք` ես որտեղ պետք է լինեմ, աթոռը` որտեղ: Ես ասում եմ` պետք էլ չէ, կարևորը մեր փոխադարձ` հենց այստեղ, այս պահին տեղի ունեցող կենդանի հարաբերություններն են:
-Կյանքը նո՞ւյնպես իմպրովիզացիոն մնջախաղ է:
-Մեր ամբողջ կյանքը թույլ է տալիս այս վայրկյանին այնպես ապրել, ինչպես ապրում ենք, բայց եթե մենք պայմանավորվում ենք` ոնց ապրել, արդեն ինքը դառնում է չափած-ձևած` վատ առումով, ինձ համար: Իր կենդանությունը, հրատապությունը, այժմեականությունը կորցնում է:
-Ներկայացման մեջ և՛ միստիկա կար, և՛ քաղաքականություն, և՛ կոմեդիա, նաև ողբերգություն: Գաղափարը, իմ կարծիքով, շատ չի փոխվի իմպրովիզացիաների արդյունքում:
-Էությունը մնում է, բայց մի ուրիշ անգամ կարող է շեշտադրումը փոխվել, Ձեր թվարկածներից մեկը կարող է ավելանալ, մյուսը` պակասել:
-Մնջախաղում խոսք չկա, բայց խոսուն է ամեն ինչ` ամեն շարժումը, միմիկան, ժեստը, անշարժությունը: Այսինքն՝ ավելի շատ է խոսքը:
-Քանդակագործության, գեղանկարչության, ճարտարապետության մեջ խոսքեր չկան, բայց բոլորն էլ արվեստի հետաքրքիր, խոր տեսակներ են: Եթե լավ երաժշտություն է, ինձ համար խոսքերը երկրորդական բնույթ ունեն, իհարկե, բացի հեղինակային երգերից, որտեղ առաջնայինը պոեզիան է: Իմ ներկայացումներում կան հնչյուններ, ապրումներ, վիճակներ: Խոսքն ավելի շատ բխում է էմոցիաներից, կրքերից, ոչ թե դրանց հիմքում է: Խոսքն ավելի շատ տրամաբանական կողմն է: Իսկ եթե տրամաբանությունն առաջ ընկնի, արվեստը կտուժի: Մարդն օգտագործում է իր ուղեղի հնարավորության 3-4 տոկոսը, իսկ մնացածն ի՞նչ է: Մնացածն ինձ համար ենթագիտակցությունն է, անգիտակցականի ոլորտը, ու արվեստի մեջ հենց այդ 96 տոկոսն է գործում:
-Մնջախաղի ներկայացումներն, ասես աբստրակտ կտավներ լինեն, որ նայում ես ու ընկալում յուրովի:
-Այո, ճիշտ է, բայց եթե գեղանկարչության մեջ գոյություն ունի ֆիքսված կտավ, այստեղ գոյություն ունի շարժում, որն իր ընթացքի մեջ անհամեմատ բեղուն, գունային երանգներով աշխարհ է ստեղծում: Հենց հիմա կայացավ, հենց հիմա սկսվեց, վերջացավ, հենց հիմա ապրեց: Այդպես է մարդը նաև. եթե ինքն ապրի հետին կյանքով կամ սպասվելիք կյանքով, չի կարող հիմա ապրել: Արևելքում վաղուց հասկացել են և ուսմունքեր են ստեղծել, որ մարդն իր կյանքն ապրի հենց հիմա և այստեղ, և իր կյանքը տեղի ունենա, կայանա, ոչ թե անընդհատ հետ ու առաջ ընկնի: Տոլստոյն իր օրագրերում ամեն ակնթարթը գրում էր, նշում, ուզում էր ընկնել այդ վիճակ մեջ` հետ ու առաջ: Հետ ու առաջը երևի գրողի գործն է, երբ նա պատմությունը, տեսածը նկարագրում է, վերականգնում: Թատրոնում կենդանի վիճակ է, դա հիմա է և այստեղ, դու չես կարող վաղը գալ ու այդ ներկայացումը տեսնել: Կարող ես տեսնել տեսագրությունը, որը չի փոխարինում կենդանի խաղին:
-Այսինքն, մնջախաղը չի՞ կարելի նկարահանել ու ցուցադրել հեռուստատեսությամբ:
-Հեռուստատեսությամբ ոչ միայն մնջախաղ, ընդհանրապես թատերային ներկայացում չի կարելի նայել, չի կարելի տեսագրել, տեղադրել համացանցում: Մարդիկ խաբվում են, ասում են` տեսել ենք այդ ներկայացումը: Չեք տեսել: Եթե ամենալավ օպերատորն էլ նկարահանի, չես տեսնի, չես զգա դա:
-Աթոռը կործանեց մարդուն, բայց եթե Ձեր հոգեվիճակում ուրիշ մի բան կատարվի, Դուք զգաք, որ աթոռը չի կործանում, ավելին` լավ էլ պետք է մարդուն, և այդ օրը ներկայացման լինեք, ինչպե՞ս կխաղաք:
-Կխաղամ այնպես, ինչպես թելադրում են իմ զգայարանները, իմ հոգին:
-Իմ մատնանշած տարբերակը հնարավո՞ր է:
-Հնարավոր է: Այնտեղ կան սուր իրավիճակներ աթոռին տիրանալու հետ կապված: Եթե ուզում ես տիրանալ աթոռին, որ ծառայի ոչ ճշմարիտ, դրական մտքերին, աթոռը քեզ կարող է հակադրվել ու ճնշել: Դու կարող ես աթոռին ոչ մի նշանակություն չտալ, կարող ես նստել աթոռին, կարող ես նստել հատակին, կանաչների մեջ: Բայց երբ դու նստում ես, որպեսզի քո առավելությունն ընդգծես, կործանված ես: Մեր աշխարհում մարդիկ ընթանում են սխալ ճանապարհով, և դա առաջ է բերում հասարակության մեջ հիերարխիայի հասկացությունը: Հիերարխիան մարդկության մեջ չի կարող լինել, ընդհանրապես չի կարելի, որ լինի: Կարող է լինել ընդամենը մի աստիճան` անվերջության հետ կապված` մարդ-Աստված: Նա է բարձրը, Նա է ամբողջը, մարդը չի կարող մարդ մնալ առանց Աստծո:
-Մնջախաղի առավելություններից մեկն էլ այն է, որ թարգմանության խնդիր չկա: Հաճա՞խ եք արտասահմանում հյուրախաղեր ունենում, և ինչպիսի՞ն է դրսի հանդիսատեսի արձագանքը:
-Տասից ավելի երկրներում հյուրախաղեր ենք ունեցել: Այսպիսի մի բան կա. արտասահմանում պատկերացում չունեն, որ կարող է Երևանում ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ նման բարձրակարգ թատրոնի տեսակ լինել: Մեր շրջագայությունների ժամանակ անպայման դա ընդգծում են:
-Մեր ժողովուրդը սիրո՞ւմ է մնջախաղը:
-Անխոս թատրոն ասենք, թե խոսուն, սա թատրոն է իր տեսակով: Լավագույն թատրոններն ինձ համար հենց նմանատիպ են, որովհետև նրանց մոտ առաջնայինը տեսողականն է, խոսքը չեմ ասում անկարևոր է, բայց եթե այսօր տեսանելին չի ապահովվում (որքան որ մենք ենք ապահովում), ինքը որպես թատրոնի տեսակ շատ թերի է: Կատակում եմ երբեմն, որ մեզ դիտողին ասում ենք` հանդիսատես, որ թե հանդիսալս:
Իսկ մնջախաղ սիրում են նրանք, ովքեր գալիս են, նայում են, միևնույն ժամանակ ճաշակ է ձևավորվում մեր ժողովրդի մեջ, իրենք վերանում են սերիալական, սկետչական թեթև խաղերից, որոնք զվարճացնելու համար են: Չի կարելի դա արվեստ համարել, վերապահումով ասում եմ` լավ, թող լինի կենցաղային արվեստ: Մեկ-մեկ հարցնում են, թե ինչո՞ւ սերիալ չեմ նայում, ես ասում եմ` նայում եմ, երբ տնից աշխատանքի վայր եմ գնում, փողոցում այդ ամենը տեսնում եմ, ինչո՞ւ պետք է հեռուստատեսությամբ նայեմ, ժամանակ կորցնեմ: Փողոցը նորի՞ց խաղարկեմ, տո՞ւնը խաղարկեմ:
-Ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Մանրապատումները ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն, կընդգրկվեն նոր մանրապատումներ` խաղացանկի բազմազանության համար:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ