Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լուսին Ենգիբարյանը` Easter seals «Lilies» համաամերիկյան գեղանկարչական մրցույթի հաղթող

Լուսին Ենգիբարյանը` Easter seals «Lilies»  համաամերիկյան գեղանկարչական մրցույթի հաղթող
11.12.2015 | 01:57

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի «Աթանյան արվեստի կենտրոնը» ճանաչված մանկական գեղագիտական ուսումնական հաստատություն է ոչ միայն այս նահանգում: ՈՒստի նրա սաների մասնակցությունը տարբեր մակարդակների ցուցադրություններին ու մրցույթներին, այդ թվում` միջազգային, նրանց հասցեագրված դրվատանքի խոսքերն ու տարած հաղթանակները արդեն ոչ ոքի չեն զարմացնում, իսկ ուրախություն պատճառում են:
Բացառություն չէր նաև այս տարի Easter seals կազմակերպության նախաձեռնած «Lilies» (Շուշան) համաամերիկյան գեղանկարչական մրցույթը, որին մասնակցում էին մանկական գեղագիտական դպրոցների սաներ, մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գեղանկարիչներ: Կազմակերպիչների հղացմամբ, բազմափուլ մրցույթում աչքի ընկած վեց աշխատանքների պատկերով թողարկելու են նամականիշեր, որոնց վաճառքից գոյացած ամբողջ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակով, այն կփոխանցվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ հոգածության հիմնադրամներին: Այդ նկարների պատկերով արտադրվելու են նաև սփռոցներ, որոնց իրացման հասույթը ևս կտրամադրվի հիմնադրամներին:
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո պարզվեց, որ հաղթել է «Աթանյան արվեստի կենտրոնի» շնորհաշատ սանուհի, 13-ամյա Լուսին Ենգիբարյանը: Նրա մատուցած երկգլխիկ շուշանի նրբին ծաղկաթերթերի գրկից ելած առէջաթելերն ասես կենդանի թրթիռ ունեն, սեր կա այստեղ մատաղ, միմյանց ձգվելու թաքուն տրոփյուն ու այնքան նկատելի քնքշանք ու գգվանք...


Գլխավոր մրցանակակրից հետո էլի երեք «աթանյանականներ» մրցանակային տեղեր գրավեցին: Դրանք են համապատասխանաբար 2-4-րդ տեղերն զբաղեցրած դպրոցականներ Ադենա Իսագուլյանը, Աննա Փիլավչյանը և Տիֆֆանի Օվսեփյանը, մեկ անգամ ևս հաստատելով արվեստի այս ուսումնական օջախի բարձր կարգն ու գեղանկարիչ-քանդակագործ Վլադիմիր Աթանյանի գլխավորած մանկավարժական անձնակազմի անսահման նվիրումն իր առաքելությանը:
Իսկ այս օրերին շնորհավորանքների տարափ է աշխարհի տարբեր երկրներից:

Հ. Գ. «Իրատես»-ի խմբագրակազմը սիրով միանում է շնորհավորանքներին։

«Աթանյան արվեստի կենտրոնի»հիմնադիր տնօրեն, մեծարգո պրոֆեսոր Վլադիմիր Աթանյան, ուսումնական կենտրոնի հարգելի արվեստագետ մանկավարժներ

Հայաստանից Միացյալ Նահանգներ այցելություններիս ընթացքում քանիցս բարեբախտություն եմ ունեցել լինելու «Աթանյան արվեստի կենտրոնի» ուսումնական արվեստանոցներում, ականատեսը և ունկնդիրը այն հոգեթով մթնոլորտի, որ տիրում է դասասրահներում` տարագիր մեր հայրենակիցների օժտված զավակների ազգաշունչ միջավայրում: Մեկ անգամ չէ, որ արվեստանոցի մի անկյունում նստած հետևել եմ երեխաների կենտրոնացած հայացքներին, սաների նկատմամբ մանկավարժ գեղանկարիչներ Իրինա Սրապիոնյանի, Գոռ Աթանյանի, Արտակ Աթանյանի, Պոլետ Զարգարյանի, Անի Վարդանյանի, Աննա Աթանյանի, Թամար Խաչատրյանի պահանջկոտ ու հոգատար վերաբերմունքին, նրանց համառ հետևողականությանը: Ականատեսն եմ եղել կենտրոնում և տանը միայն հայերեն խոսելու նրանց հորդորներին, դասերը հայկական երաժշտությամբ «նվագակցելու» սիրուն ավանդույթին: Այս տարի նկատեցի, որ դա հանգեցրել է կենտրոնի տանիքի ներքո հայերենի ուսումնառություն կազմակերպելու մտահղացմանը, ինչը նվիրումով կյանքի է կոչում սիրված մանկավարժ Նաիրա Մնացականյանը: Ահա այս մթնոլորտում գեղանկարչության դասեր են առնում նաև թոռնուհիներս` Լուսին և Լիլիթ Ենգիբարյանները: Եվ գոհունակության այս խոսքիս առիթը Լուսին թոռնուհուս հաղթանակն է գեղանկարի համաամերիկյան «Lilies» (Շուշան) ամենամյա մրցույթում:


Մեծարգո պարոն Աթանյան, հարգելի մանկավարժներ: Պարտքս եմ համարում իմ և ընտանիքիս երախտագիտությունը հայտնելու մեր երեխաների հոգու խորքում պեծպեծող կայծը բոցավառելու, իմ թոռնուհիների, լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցների զավակների մեջ արվեստի նկատմամբ սեր արթնացնելու, առկա հակումներից տաղանդ կերտելու ձեր ազնիվ ջանքերի համար: Բարի երթ ձեզ` հետայսու ևս շարունակելու ձեր շնորհակալ աշխատանքը, և մեկ անգամ ևս շնորհակալություն:
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
ք. Երևան, 2015 թ., նոյեմբեր

Էջը` Նաիրա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՓԵԼԹԵԿՅԱՆԻ
Գլենդել, ԱՄՆ

Դիտվել է՝ 15095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ