ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կզաքիսի «շուստրիություն» թե՞ բորենու դիվանագիտություն

Կզաքիսի «շուստրիություն» թե՞ բորենու դիվանագիտություն
09.06.2023 | 11:40

Մորթապաշտության, անինքնասիրության, տգիտության, ապաշնորհության ու ապիկարության, դիլետանտության ու քծնանքի դրսևորումներ, ինչքան ասես, որ տեսանք ընդամենը մեկ շաբաթում:

Մոսկվայում՝ ձևական, բայց համոզիչ գզվռտոցի, Անկարայում՝ ֆլիրտ-սիրախաղի ականատեսը դարձանք:

Մոսկվայում՝ ներքին լսարանների համար անհանդուրժողականության ու անտագոնիզմի ֆոն ապահովվեց, Անկարայում՝ անթաքույց հիացմունք ու զվարճանք, մի խինդ ու ծիծաղ, հրճվանք ու անմիջականություն դրսևորվեց, վերջում էլ՝ համատեղ խրախճանքով կուլմինացիան պսակվեց:

Դե, իսկ Քիշնևում՝ հայ համայնքի հետ զրույցում, իր անմիջականությամբ փայլատակեց, Մանուկ բեյին էլ գերազմանի մեջ շուռ տվեց:

Գիտե՛նք, գիտե՜նք...

Այս ամենը դիվանագիտություն է:

Գիտենք, որ մինչ տարեվերջ էլ Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության պայմանագիր եք ուզում կնքել:

Գիտենք, որ Արցախն առանց վերապահումների, այսուհետ Ադրբեջանի մաս եք ճանաչել, Տիգրանաշենը, տավուշյան գյուղերը պատրաստ եք հանձնել, ստրատեգիական բարձունքներ ու մարտավարական կարևորության դիրքեր էլ զիջել:

Մանավանդ, որ մեծ հաշվով բողոք չկա, ընդդիմացող, ձեր ձեռքը բռնող, ձեզ հանդիմանող ու հաթաթա տվող չկա:

Ազգը լռում է, հանդուրժում է, արածներդ լուռ մարսում է:

Մանավանդ, որ քեզ պախարակեն, նախատեն, դատափետեն, անվանարկեն ու հայհոյեն էլ, միևնույն է՝ դու դրանցից վիրավորվողը չես:

Դրա համար էլ «կադաստրի վկայական» չունեցողից ինչ էլ ուզեն կվերցնեն, ինչ ուզեն կպահանջեն, ինչպես ուզեն ու ինչքան ուզեն կծաղրեն, կնվաստացնեն, կստորացնեն, ծաղր ու ծանակի առարկա կսարքեն:

Մանավանդ, որ Արցախի հարցում տառացիորեն կրկնում ես Ադրբեջանի մոտեցումները, «փաստարկներն ու հիմնավորումները»:

Դու «շուլուխ» արա, հաճոյացիր, որ ասածիդ ու քո վրա ծիծաղեն, բայց թշնամին անվարան՝ որպես հաջորդ փուլ «վերաինտեգրման» խոչընդոտների վերացումն ու շրջանի ապառազմականացումն է կյանքի կոչում:

Անգամ նախապես է զգուշացնում, որ Արցախում ռազմական ենթակառուցվածքների ու զինվորականության ոչնչացումն էթնիկ զտում չէ:

Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում։

Քարվաճառն այսօր դարձել է ռազմականացված պլացդարմ։

Այնտեղ անգամ մարդ չեն բնակեցնում, որովհետև այն շատ հարմար է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:

Որ որքան էլ թուղթ ստորագրեն, կամ ամեն օր դու երդվես, որ պատրաստ ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, միևնույն է, Ալիևն ավելի հեռուն է գնալու, թուրք-ադրբեջանական տանդեմն իրենց համատեղ նպատակներից հետ չի կանգնելու:

Դու քո գավառական շուստրիությամբ մեզ համոզում ես, որ անկլավները հանձնելը մեծ վտանգ չէ, որ դրանք դժբախտ ու դժգույն գյուղեր են և մեզ պետք չեն։

ՈՒ դա առանց խղճի խայթի, առանց մտածելու, որ տալով անկլավները Հայաստանը հայտնվելու է տոտալ բլոկադայի մեջ։

Որ տալով Տիգրանաշենը, տալիս ես նաև Սյունիքն ու Վայոց Ձորը։

Դու ընդամենն ուզում ես ստանալ բոլորի լուռ համաձայնությունը:

Քո հաջորդ քայլերի համար փորձում ես ստանալ հանրային լեգիտիմություն, քանի որ գիտակցում ես, որ միայն 2021-ի թղթե մաշված ու մսխած մանդատն արդեն բավարար չէ այս ծանրության որոշումներն իրականացնելու համար:

Մանավանդ, որ հասարակությունն իր լռությամբ արդեն մեկ անգամ ստորագրել է քո հրեշավոր մի հայտարարության տակ՝ այն մասին, որ կռիվը հնարավոր պահին չես կանգնեցրել, որպեսզի քեզ չանվանեն դավաճան:

Հիմա այդ նույն հասարակությանը սպառնում է երկրորդ ստորագրությունը:

Դու հիմա անում ես մի բան, ինչը երբեք նախորդ ղեկավարները չեն արել.

Դու պաշտոնապես հրաժարվում ես Հայաստանի՝ Արցախի նկատմամբ ունեցած պարտավորություններից ու իրավունքներից։

Դու քո տոտալ չեզոքությամբ ու անտարբերությամբ կանաչ լույս ես վառում Ադրբեջանին՝ ցանկացած գործողություն իրականացնելու համար:

94 թվականին, երբ ջախջախված Ադրբեջանն ավելի վատ վիճակում էր, քան այսօրվա Հայաստանը, Ադրբեջանը չհրաժարվեց Արցախի նկատմամբ իր ունեցած նկրտումից։

Ընդհակառակը՝ լուռ զինվեց, հզորացավ, հաղթեց պատերազմում ու տիրացավ Արցախի զգալի մասին:

Դու ծնեցիր ու գործածության մեջ դրեցիր՝ «տանք պրծնենք, հանգիստ ապրենք», «սոված ես մնալու, քանի դեռ Ղարաբաղ կա», «Ղարաբաղը մերը չէ» նարատիվը:

88-ի միակամ, միահամուռ պայքարը, ազգային զարթոնքը վերածեցիր Աստված գիտե, թե ինչի։

Քո օրոք Հայաստան, հայրենիք , հայրենասիրություն բառերը դարձան ծաղրի առարկա:

Միշտ այսպես է լինում, երբ արկածախնդիր ազգակործան մի պատուհաս որոշում է ապալեգիտիմացնել պետությունը, քանդել ինստիտուտները, ջնջել կամ խեղել պատմությունը, բարոյալքել ժողովրդին:

Մի բան հաստատ գիտեմ, որ ապագայում, հաջորդ սերունդներն անիծելու են թե՛ քեզ, և թե՛ մեզ՝ 88-ի շարժումն ու պայքարն այս անմխիթար օրվան ու այս հանգրվանին հասցնելու և Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող մի մասից պաշտոնապես հրաժարվելու համար։

Դու սկսել ես քո կետից, ու ավարտը լինելու է քո դրած վերջակետով:

Կամ դու ինքդ քեզ ես տանում անդունդի եզր, կամ մեզ բոլորիս, հայրենիքն էլ հետդ՝ կանխամտածված կործանման:

Սա ի՞նչ անոմալիա է, ի՞նչ խեղկատակություն է:

Հարգելի՛ հայրենակից.

որոշե՞լ ենք, որ Արցախը ազատ է ու անկախ, հռչակե՞լ ենք իր դեյուրե անկախությունը, հետևաբար չի լինելու Ադրբեջանի կազմում, ուրեմն վերջ:

Պատրա՞ստ ենք սա ընդունել որպես անհերքելի փաստ ու որպես միակ ճշմարտություն, ուրեմն ազգովի պետք է զորավիգ լինենք Արցախին ու արցախահայությանը:

Արցախը և Հայաստանի ցանկացած բնակավայր որևէ մեկի ստորագրությամբ չի կարող հանձնվել մեկ ուրիշին: Մեր հողի յուրաքանչյուր մասնիկի հանձնումը թշնամուն անարգանք է մեր նախնիների և վտանգ՝ մեր գալիք սերունդների համար։

Եվ հետո.

մեր սուվերեն տարածքում ուրիշին պատկանող հող գոյություն չունի։

Ընդհակառակը, մեր սրբազան հայրենիքի զգալի մասն է ուրիշին պատկանում:

Տե՛ր լինենք մեր հայրենիքին, տե՛ր լինենք մեր արժանապատվությանն ու անցած ճանապարհին:

Մեր երեխաներին հայրենիք, ապրելու հող ու ջուր ժառանգենք:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ