ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խաղաղության գինը

Խաղաղության գինը
14.03.2023 | 07:27

Եվ դրա համար մենք վճարում ենք ամեն օր...
Վճարում ենք մեր զինվոր տղաների արյամբ,
նրանց կյանքի գնով, նահատակվելու դիմաց...
Եվ այս շրջապտույտը դարեր շարունակ...


Իսկ «քաղաքակիրթ» աշխարհն ինչպես միշտ ցավակցում է, հորդորում, դատապարտող ու սթափեցնող կոչեր հնչեցնում կողմերին
(մի օր չտեսանք, որ հասցեագրված լինի կոնկրետ մի կողմին) մինչև կլինի հաջորդ արյունաթափությունը, հաջորդ օկուպացիան, սադրանքը, պատերազմը...
Եվ այդպես տարիներ շարունակ....
Բայց որ նայում ես՝ անխտիր բոլոր կենտրոնները խորամուխ են կոնֆլիկտի ժամ առաջ լուծմանը, զբաղված են ելքեր որոնելով...
Այս համատեքստում հատկապես
Մոսկվա-Վաշինգտոն խանդի տեսարանների պակասը չկա...
Ականատեսն ենք դիվանագիտական պայքարի,
թե ո՞վ է վերջապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, թե ու՞մ է բաժին հասնելու դափնիները...
Բայց այս ամենն ավելի շուտ նմանվում է տարածաշրջանում հեգեմոնիզմի ու «իմիջի» դրսևորման կամ պահպանման...
Մոսկվան խոսում է այն մասին, թե ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ի վերջո լուծելու համար, և որ հակամարտության հանգուցալուծումը բացառապես իր մենաշնորհն է:


Իսկ ԱՄՆ-ն «արդարանում» է, թե մենք խաղաղության գործընթացը առաջ չենք մղում` որպես միջոց Մոսկվայի հետ մրցելու համար։
Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։
Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը, որը նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում։
Դե իսկ Եվրոպան էլ միջնորդի դերակատարություն է ստանձնել՝ Միշել-Մակրոն-Բորել ձևաչափով, առայժմ՝ Հայաստանի սահմանի երկայնքով քաղաքացիական փաստահավաք դիտորդներ տեղակայելով:
Այս հարցում ևս խանդի տեսարաններն ակնհայտ են:
Ըստ Մոսկվայի՝ Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձը՝ օգտվել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից ու ամրապնդվել հետխորհրդային տարածքում՝ խաղալով «միջնորդի» դեր։


Ու սա ասում է այն երկիրը, որը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճարտարապետն է, բայց ոչ իր իսկ գրածի ու հաստատածի հետևորդն ու հետևողական կատարողը...
Հարգելի՛ միջնորդեր,
ուրեմն բոլորդ նեգրավված լինեք այս պրոցեսին, բոլորդ ցանկանաք խնդիրը լուծել ու մինչ այսօր հակամարտությունը չլուծվի՞...
Ստացվում է՝ բոլորդ ամեն ինչ անում եք, որ պատերազմը բացառվի, բայց արի ու տես հինգ պակաս պատերազմի հավանականությունն ինչպես միշտ առկա է...
Ուրեմն, իրականում դուք դա չեք ուզում,
կամ պարզապես ի զորու չեք այն լուծել...
Միգուցե ձեր միջամտությունն է ավելորդ ու ընդհակառակը՝ դուք ավելի եք սրում ու բարդացնում իրավիճակը:
Մանավանդ, որ կոնֆլիկտի հաշվին փորձում եք ինքնահաստատվել տարածաշրջանում ու ձեր խնդիրները մեր միջոցով լուծել...
Այնպես որ, Հայաստանի ու Արցախի տարածքներն երբեք ռազմական «թատերաբեմ» կամ շահերի բախման կիզակետ չեն դառնալու և ոչ մեկիդ համար:
Ոչ էլ այն ծառայելու է որպես պլացդարմ, ֆորպոստ կամ հարցեր լուծելու վայր...
Չփորձե՛ք Հայաստանը Ուկրաինայի վերածել...
Բա՛վ է յուրաքանչյուրդ «սնվեք» այս կոնֆլիկտով...
Ձեզանիզ շնորհակալ ու երախտապարտ կլինենք, եթե կարողանայիք իրավիճակն ըստ հետախուզական զեկույցների փխրուն ու պայթունավտանգ ներկայացնելուց ու պարզապես գնահատականներ տալու փոխարեն՝ եթե ոչ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելը, ապա գոնե Ալիևին կարգի հրավիրեիք, բացատրեիք կամ սանձեիք, որ ի լուր աշխարհին՝ արդեն իսկ տրադիցիա դարձած ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարություններով հանդես չգա, ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու Արցախին չսպառնա, անդադար չհոխորտա...
Թե չէ գիտենք, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, չի կատարում և ոչ մի ստանձնած պարտավորություն։
Ընդ որում, վերջինս ի հակադրություն Հաագայի որոշմանը, որպես ալիբի մեջբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք իբր տասնամյակներ շարունակ բանի տեղ չէին դրվում ու անտեսվում էին միջազգային կառույցների կողմից...


Նույնն էլ՝ Մինսկի Խմբի մասով, որը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի գրանցել...
Հետևաբար՝ իրեն վերապահում է նույնկերպ մտածել ու գործել անվարան՝ «թքած» ունենալով ցանկացած նման որոշման վրա...
Ալիևն ավելի քան վստահ է, որ պատասխանատվություն չի կրելու ու չի պատժվելու նման վարքագծի համար:
Եվ նա ճիշտ է, քանզի ոչ մի վերպետական կառույց չի ստանձնելու պարտավորություն նման որոշումն իրագործելու, առավել ևս Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Անպատիժ մնալն էլ վերջինիս դրդում է գնալ նոր արկածախնդրությունների ու ռազմական հանցագործությունների:
Ինչպես նախկինում, այսօր ևս Ադրբեջանը իրավիճակից որպես ելք տեսնում է ռազմական էսկալացիան։
Ակնհայտ է, որ նման էսկալացիաներից հետո դեռ երկար ժամանակ անիմաստ է դառնում խոսել երկխոսության, առավել ևս խաղաղության պայմանագրի մասին։
Ընդհակառակը՝ օրեցօր ահագնանում է պատերազմի վտանգը, որը ցավոք անխուսափելի է...
Բաքուն՝ «Ադրբեջանի կազմում ավելի լավ ապրելու» քողի տակ Ստեփանակերտին վերջնագիր է ներկայացրել...
Կա՛մ լիակատար ինտեգրացիա Ադրբեջանի կազմում, կա՛մ գնում է «կտրուկ քայլերի»:
Այսինքն՝ ուղիղ պատերազմ:
Իսկ քանի որ մենք գիտենք ալիեվյան խոստումների իսկությունը, աչքի առաջ էլ ունենալով Մարաղան, Բաքվի, Սումգայիթի ու Կիրովաբադի ջարդերը մնում է՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ ընդունել վերջնագիրը, անձնատուր լինել, ու առերեսվել յաթաղանին:
Եվ սա ոչ միայն Արցախում ու Արցախի համար:


Դրանից հետո կամ դրան զուգահեռ թշնամին անկասկած անցնելու է Սյունիքի պաշարմանը:
Այնպես որ, Բաքվի կողմից հնչող հայտարարությունները հետապնդում են մեկ նպատակ՝ հող նախապատրաստել Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելու համար:
Ինչպես և կանխատեսվում էր՝ գարնան գալուստի հետ զուգահեռ Ադրբեջանը կրկին անցել է ուժի կիրառման ավանդական դարձած սպառնալիքներին։
Թել-Ավիվը կրկին Բաքվի գլխավոր ռազմական դոնորն է, որն օրեր առաջ Ադրբեջանին ապահովեց վերջին սերնդի սպառազինության նոր խմբաքանակով, միաժամանակ հաստատեց,
որ ամեն ինչ անելու է Ադրբեջանին հնարավոր վտանգներից պաշտպանելու համար։
Դե իսկ Թուրքիայի մասին խոսելն ավելորդ է:
Եթե անիծյալ պատերազմից նորմալ է վախենալը, ապա մեր դեպքում պետք է վախենալ եռակի անգամ:


Պատկերացնու՞մ եք հանկարծ այս
պատերազմը կրկին ղեկավարի ՀՀ վարչապետը...
Այն էլ իր կադրերով ու այս բանակով...
Այս պարագայում տոտալ ողբերգությունը կրկին «ապահովված» է...
Դե հա, այս անգամ լուրջ է մեր մոտեցումը...
Այս անգամ, կարծես, իրոք Հնդկաստանից զենք ենք գնել...
Այս անգամ գոնե Իսկանդերի փոխարեն իրոք կկիրառվել հնդկական հաուբիցներ...
Վարչապետն էլ հմտացել է ու թող մեկը կասկածի իր հրամանատարական կարողությունների վրա...


Իսկ եթե լուրջ, ապա իրոք լուրջ վտանգի առաջ ենք կանգնած:
Պարտադրված «խաղաղության պայմանագիր» չստորագրելու պարագայում՝ պարտադրված պատերազմն անխուսափելի է...
Այս ամենը գիտակցելու ու արժանի դիմադրություն կազմակերպելու համար արժանի, գիտակ ու կոմպետենտ ՀԱՅԵՐ են պետք...
Բացառապես նրանցով հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները, վերականգնել՝ կեղծ խաղաղասիրական թեզերի արդյունքում երկրի ներսում բթացնող արտաքին վերահաս վտանգներին դիմակայելու զգոնությունը,
ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը:
Հայեր, որոնք անսասան կամքով և արիությամբ՝ ի զորու են ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում միավորել մարդկանց մեկ գաղափարի շուրջ և ազգային համախմբման արդյունքում հաղթել թշնամուն:
Հարգելի՛ հայրենակից,
Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության հարցն է, որին, ինչպես նախկինում, այսօր առավել ևս պարտավոր ենք սատար կանգնել՝ ազգովի:
Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:
Ցավոք, այս երկրի սահմանները դեռ գծվում են արյամբ և ամրանում քրտինքով։
Եվ այո՛, օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում և ծնվում են անհրաժեշտաբար, իսկ երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից…
Մի բուռ մնացած հայրենիքը պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպետք է խեղճանանք։


Մեր տունն է, եկեք մեզ տեր ու տիրակալի նման պահենք...
Աստված պահի մեզ ու մեր հայրենիքը:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 7511

Մեկնաբանություններ