Երբ Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ, առաջին օրերին «անողոքաբար» սկսեց պայքարել ապօրինի շինարարության դեմ, սակայն, մի քանի կառույց մեծ աղմուկով քանդելուց հետո, այլևս ոչ ոք չլսեց ապօրինի շինությունների մասին։ Դրանք շարունակում են կառուցվել՝ ի հեճուկս «հեղափոխական» իշխանության հավաստիացումների։ Ներկայացված լուսանկարում պատկերված շինությունը Հարավ-արևմտյան Ա-3 թաղամասում է, ընդամենը վերջերս է կառուցվել, ու դժվար չէ նկատել, որ ուղիղ փողոցի մեջտեղում է։
Ըստ մեր աղբյուրի, այն պատկանում է Մալաթիա-Սեբաստիայի ԼՀԿ-ի կառույցի ղեկավարներից մեկին՝ Արայիկ Գրիգորյանին, որը նաև հարակից շենքերի համատիրության նախագահն է, իսկ նրա կինը՝ թաղամասի մանկապարտեզի տնօրենը։ Ի դեպ, այս հանգամանքը զայրացրել է տեղի բնակչությանը, նրանց բողոքներին քաղաքապետարանից ընդամենը հակադարձել են. ««Уже» ասած ա»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Եթե «նախորդ հանցավոր ռեժիմի» օրոք կառուցված բոլոր ապօրինի շինությունները գումարենք իրար, միևնույն է, իրենց «աննախադեպությամբ» կզիջեն վերը նշվածին, քանզի երբևէ անմիջապես փողոցի վրա չեն կառուցել «զոռբայի» մտքով անցածը։