Որքա՞ն է տևելու պատերազմը։ Իհարկե‚ բոլորի ցանկությունն է‚ որ այն շուտ ավարտվի‚ սակայն փորձագետները նշում են‚ որ այս պատերազմը կարող է նաև երկար շարունակվել։ Պատերազմի առաջին իսկ օրերին շատերը կարծում էին‚ թե 2016 թ. ապրիլյան պատերազմի նման ամեն ինչ մի քանի օրում կավարտվի‚ ընդ որում նույն նախատրամադրվածությամբ էին մարտի դաշտ մեկնում նաև կամավորականները։ Սակայն արդեն մոտ մեկ ամիս տևող պատերազմական գործողությունները անկանխատեսելի են, մանավանդ, եթե հաշվի առնենք‚ որ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ հսկայական խաղադրույքներ է կատարել՝ չթաքցնելով իր վերջնական նպատակը՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Թշնամու կողմից այնքան մեծ խաղադրույք է արված‚ որ դրանից նահանջելը բավականին դժվար է։
Ինչո՞վ կարող ենք օգնել թիկունքում գտնվողներս ռազմաճակատին։ Նվազագույնը‚ որ կարող ենք անել‚ թիկունքային կարգապահությունն է‚ կարգապահություն ամեն ինչում՝ սկսած ամենատարրական քայլից մինչև մեր աշխատանքի օգտակար գործողության գործակցի բարձրացումը։ Բնականաբար‚ պատերազմի ժամանակ ամենաանհրաժեշտ բանը գումարն է։ Գումար հավաքվում է Հայաստան համահայկական հիմնադրամում և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում։ Դրանցից մեկը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (այսպես ասած‚ 1000 դրամների հիմնադրամ)‚ 2017-ի հունվարի 1-ից փոխհատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Պարզ է‚ որ այս կառույցի ծանրաբեռնվածությունը վերջին պատերազմի հետևանքով մեծացել է։ Այսօր արդեն կարծիքներ‚ առաջարկներ են հնչում 1000 դրամի փոխարեն այս կառույցին 2000 դրամ փոխանցելու անհրաժեշտության մասին։ Նշենք‚ որ պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ը հիմնադրամին է փոխանցվել 2700000 ԱՄՆ դոլար, նվիրատուների ընդհանուր թիվը 5887 է‚ աշխարհագրությունը՝ 58 երկիր։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ