Պատերազմին զուգահեռ թիկունքում էլ կատաղի «պայքար» է, բայց արդեն անտեսանելի թշնամու դեմ։ Կորոնավիրուսի կտրուկ աճող թվերը բարդացրել են առողջապահության ոլորտի մասնագետների աշխատանքը։ Թեև ի տարբերություն առաջին ալիքի, այս անգամ, ինչպես վստահեցնում են պատասխանատուները, ծանր դեպքերը պակասել են, բայց միևնույն է, մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում մեր բուժաշխատողները։ Երեկվա դրությամբ փաստացի բուժվողների թիվն արդեն հասնում է 20 հազարի, վարակի տարածման օրից այսպիսի ցուցանիշ չենք ունեցել։ Բժիշկների հորդորներն այլևս չեն աշխատում նաև այն պարզ պատճառով, որ վարակի տարածման օբյեկտիվ հիմնավորումներ կան։ Ռազմական դրությունով պայմանավորված մարդկանց շարժը կտրուկ ավելացել է, դրան գումարած զգոնությունը թուլացել է, փողոցում, տրանսպորտում, փակ տարածքներում մեծացել է ոչ թե դիմակը ծնոտին իջեցրած, այլ ընդհանրապես դիմակ չկրող քաղաքացիների թիվը։ Վարակի հանդեպ անտարբերությունը պայմանավորված է նաև ճնշող մեծամասնության մոտ ձևավորված այն գիտակցությամբ, թե պատերազմի օրերին ի՞նչ վարակ։
Անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնավորումներից, մի բան չափազանց վտանգավոր է, առողջապահության համակարգն այս ծանրաբեռնվածությանը չի կարող երկար դիմանալ, վիրավոր զինվորներից մենք բժիշկ ենք «գողանում»։
Աճող թվերը նաև առաջնագծում կարող են խնդիրներ ստեղծել, քանի որ կանոնավոր բանակից բացի այսօր այնտեղ են տարբեր տարիքի կամավորականներ, որոնք կարող են ռիսկային գոտում լինել և էլ ավելի բարդացնել ռազմաճակատում աշխատող բժիշկների գործը։ Բնականաբար բարդ է այս իրավիճակում կռվել երկու թշնամու դեմ, բայց ամեն ինչ պիտի անել՝ առնվազն սահմանին կանգնած զինվորին ու բժշկին չխանգարելու համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ