Սիրտ-անոթային վիրաբույժ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների խումբը օգնելու է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների մի մասը մեկնելու է Արցախ: Նրանք իրենց հետ բերել են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Բժիշկների պատվիրակության խմբում են սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, վիրաբույժ Ան ՄԱՐԻ ԲԵՐԺԵՆ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ ՊԱՏՐԻԿ ԿՆԻՊԵՐԸ, վիրաբույժ-վնասվածքաբան ՊԻԵՐ ԺԻՐԱՐԸ, վիրաբույժ-վնասվածքաբան ՄԻՔԱՅԵԼ ՉԱՓԱՐՅԱՆԸ, բժշկի օգնական ՄԱՐԻ-ԼԻՍ ՊԵՏԻՆ:
Բժիշկների մարդասիրական այս այցը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության աջակցությամբ, «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ: «Աննա Կարոլինա» հոլդինգի տնօրեն ԱՆՆԱ ԿԱՐՈԼԻՆԱՆ շնորհակալություն հայտնեց բոլորին. նախ և առաջ զինվորներին՝ մեր հայրենիքի պաշտպաններին, ապա՝ Լևոն Խաչատրյանին՝ շատ կարճ ժամանակահատվածում կյանքի կոչված այս նախաձեռնության համար, ինչպես նաև ֆրանսիացի բժիշկներին, որ մեր կողքին են այս ծանր օրերին:
«ՈՒրախ եմ, որ եկանք մեր հայրենիքին օգնելու: Երբ Լևոն Խաչատրյանից իմացա այս նախաձեռնության մասին, իսկույն ասացի՝ այո: Հուսամ՝ լավ գործ կանենք: Ժամանակը սուղ է»,- ասաց Միքայել Չափարյանը:
«Այսպիսի պահերին մենք մեկ անգամ ևս հասկանում ենք, որ վիրաբույժ ենք»,- ասաց Պատրիկ Կնիպերը, ընդգծելով, որ ամեն անգամ հայի օգնելիս տպավորություն ես ստանում, թե մի ամբողջ ազգի ես օգնում:
Լևոն Խաչատրյանն ասաց, որ եկել են մեկ շաբաթով, բայց կառաջնորդվեն իրադրության թելադրանքով: Նշեց նաև, որ բժիշկների երկրորդ խումբ է կազմավորվում:
«Իրատեսը» մի քանի հարց ուղղեց ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:
-Մասնագիտական ունակություններից զատ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բժիշկը, որ անհրաժեշտ են ռազմի դաշտում, և ի՞նչ փորձառություն ունեն Հայաստան ժամանած բժիշկները:
-Բժիշկն արդեն իսկ այնպիսի հատկանիշների տրցակ է, որ ռազմի դաշտում կարող է իրեն դրսևորել: Գործընկերներս մասնագետներ են, որ օժտված են նման հատկանիշներով, դրա համար էլ նրանք այստեղ են: Նրանք վնասվածքաբաններ են, վիրաբույժներ, սրտանոթային վիրաբույժներ:
-Սրտանոթային վիրաբուժության կարիք լինու՞մ է պատերազմի դաշտում:
-Չեմ կարծում, բայց կարող է կարիք լինել անոթային վիրաբույժի, ես նաև անոթային վիրաբույժ եմ: Բացի այդ, Հայաստան գալու նպատակս բժիշկների խումբը բերելն էր: Չեմ կարծում, թե բժշական իմաստով ամենամեծ արդյունավետությունը ես եմ դրսևորելու, բայց կարող եմ օգնել, որ գործընկերներս իրենց առավելագույն հնարավորություններով աշխատեն և օգնեն մեր վիրավորներին:
-Դժվա՞ր էր բժիշկների մարդասիրական այս այցը կազմակերպելը:
-Ե՛վ այո, և՛ ոչ: Այո, որովհետև առաջին քայլերը կարծես թե հաջող չեղան. մարդիկ կային, որ մերժեցին գալը, բայց հետո, ի զարմանս ինձ, կոնկրետ իմ ընկերները, երբ զանգահարեցի նրանց, առանց վայրկյան իսկ մտածելու՝ համաձայնեցին: Ես նույնիսկ հարցրի՝ պատկերացնու՞մ են, թե ուր են գնում, ինչ պայմաններում են աշխատելու, ասացին՝ այո: ՈՒ ես շատ ուրախ եմ, որովհետև այդ մարդիկ ունեն ռազմական բժշկության փորձ, աշխատել են մոլորակի տարբեր թեժ կետերում:
-Տեղյա՞կ էին բժիշկները՝ ինչ է կատարվում Արցախում: Մարդասիրական այց կատարելիս հաշվի առնու՞մ են իրադրությունը. կռվում ես հայրենիքդ պաշտպանելու՞ մղումով, թե՞ զավթելու, ոչնչացնելու:
-Մինչ իմ զանգելը, ցավոք, քիչ բան են իմացել Հայաստանի մասին, պատերազմի մասին ընդհանրապես չգիտեին, բայց հետո գիտեին գրեթե այնքան բան, որքան ես: Նրանք շատ լավ հասկանում են իրադրությունը, բայց քաղաքագետներ ու իրավագետներ չեն, բժիշկներ են, ու իրենց գործն է՝ անել այն, ինչի համար կոչված են՝ անկախ պայմաններից ու պատճառներից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ