«Ամենքս մեր տղաների շորերն ենք հագնում, հոտ քաշում, ասում «ուխա՜յ», կարոտներս փոքր-ինչ առնում ու սպասում: Զանգի ենք սպասում, որ ասեն՝ մամ ջան: Այդքանն էլ մեզ բավարար է, որ հանգիստ լինենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է ստեփանակերտցի կինը, որի երկու սպա որդիները սահմանին են:
Ստեփանակերտի շենքերից մեկի բակում են նստած, չեն զրուցում, լուռ սպասում են, թե երբ կգա վերջապես պատերազմի հաղթական ավարտի լուրը: Քանի դեռ օդային տագնապ չկա, ապաստարան չեն իջնում, բայց այն կարգի են բերել, մահճակալներ ու աթոռներ տեղադրել, որ հարկ եղած դեպքում կարողանան պատսպարվել Արցախի շքեղ մայրաքաղաքը ռմբակոծող արկերից: Երեք պատերազմ տեսած ժողովրդին պատերազմով վախեցնելը դժվար է, ամեն մեկն այստեղ իր անելիքն ունի: «Մենք հերոսածին մայրեր ենք, նորածնին կաթի հետ հայրենիքի նկատմամբ սերն ենք փոխանցում: Ես մանկավարժ եմ, բայց աշակերտներիս հայրենասիրություն չեմ սովորեցնում, չեմ դաստիարակում, գիտե՞ք՝ ինչու, որովհետև դա մեր գենի մեջ է: Մենք հո վախկոտ թուրք չենք, որ թողնենք մեր տունն ու տեղը: Փախչե՞լ, ի՞նչ փախչել, ու՞ր փախչել: Չկա նման բան, չհավատաք»,- հպարտորեն նշում է կինը:
1990-ականներին, հիշում է, ապաստարաններում անգամ Նոր տարի են նշել: Հարևաններից մեկի տղան, որ հիմա գնդապետ է, Ձմեռ պապիկի դերն էր խաղում, ուրախացնում բոլորին: Երեխաներն առանձին սենյակ ունեին, մեծահասակներն ու երիտասարդները՝ առանձին: Բոլորով մեկ եղած ապրում էին՝ նույն հոգսերով ու դարդերով: «Սրիկաները թող խփեն, մենք չենք գնալու, թող վախեցնեն, մենք վախեցող չենք: Մենք մայր ենք, մեր զավակներին ինչպե՞ս թողնենք-գնանք: Հաղթանակը հետևում է մեզ, չմտածեք, արցախցու ասած՝ լյոխ լավա ինան»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ