Հայաստանում նոր կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարի ձախողված լինելն օրերս, ըստ էության, խոստովանեց ինքը` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք չտարբերակենք, և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- հունիսի 12-ին «Ազգային ժողով» կոչվածի հատուկ նիստում խոստովանեց Փաշինյանը:
Կառավարության անդամների կամ ՀՀ իշխանական վերնախավի կողմից հակահամաճարակային կանոնները չպահպանելու շարքից հիշենք Արցախում Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և այլոց մասնակցությամբ հայտնի կերուխումը՝ առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու: Հիշենք նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի հետ կապված պատմությունը, որին, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, մասնակցել են նաև ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը և ՊԵԿ նախագահը (համարվում է, որ դա պատճառ հանդիսացավ նրանց բոլորի պաշտոնանկության, կամ, ըստ Փաշինյանի, դա եղավ կուլմինացիան):
Ի վերջո, հիշենք նաև հենց Փաշինյանի հայտնած տեղեկությունը նոր կորոնավիրուսով իր և իր ընտանիքի անդամների վարակվելու մասին, նրա խոստովանությունը, որ ինքն էլ պատշաճ չի պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչի հետևանքով վարակվել ու վարակել է ընտանիքին: Փաշինյանը ԱԺ նույն նիստում խոսելով հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության մասին, առաջարկելով, որ այդ պահից սկսած, բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները, ասաց բառացիորեն հետևյալը. «Ես ինքս այս ամբիոնից պարտավորվում եմ անձամբ, ճշգրտորեն, անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության և կոչ եմ անում նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին»:
Կրկնում ենք` ԱԺ վերոնշյալ հատուկ նիստը հունիսի 12-ին էր, դրանից ընդամենը 2 օր հետո` հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցներ Երևանի կենտրոնում, Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքի դիմաց և հարակից տարածքներում իրենց ղեկավարների հետ թքեցին Փաշինյանի վերոնշյալ կոչի վրա` հանրության աչքերի առջև չպահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը, միաժամանակ Գագիկ Ծառուկյանին առնչվող իրադարձությունների կապակցությամբ բողոքի միջոցառման մասնակիցներից և միջոցառումը լուսաբանող լրագրողներից պահանջելով պահպանել սոցիալական հեռավորություն:
Երբ իրավակարգի պահապաններն իրենք չեն հետևում սահմանված կարգուկանոնին, երկրի ղեկավարի կոչին, շարքային քաղաքացիներից քանի՞սը կհետևեն այդ նույն կոչին։ Մի՞թե սա Փաշինյանին բացատրելու կարիք կա, կամ այնքան բարդ է, որ Փաշինյանն ինքնուրույն չի կարող հասկանալ։ Ոմանք գուցե պատճառաբանեն, թե ոստիկանները հարկադրված էին խախտել սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, բայց այդ դեպքում նկատի ունենանք, որ բողոքի միջոցառման մասնակիցներն ու լրագրողներն էլ նույնը կարող են պատճառաբանել:
Այն, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է, փաստվում է հենց Փաշինյանի նաև այլ հայտարարություններով.
«Արդեն քայլում ենք դժոխքի միջով,- հունիսի 6-ին՝ պարետատան նիստից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:- Սրա լուծումը, գոնե միջնաժամկետ, կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, և մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը»:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր նույն ելույթում ասել է նաև. «Դառնությամբ եմ ասում, որ, այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին, այսինքն` մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում: Ասեմ ավելին, որ մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից… Նաև ուզում եմ արձանագրել, որ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»:
Դրանից մեկ օր առաջ` հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը խոստովանել էր, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր և առայժմ դեռ ծանրանում է:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերոնշյալ խոսքերը, առաջացած ծանրաբեռնվածության տակ ՀՀ առողջապահական համակարգի ճկռելու մասին Փաշինյանի հայտարարությունը, հունիսի 13-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նրա խոստովանությունը, որ «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն…», փաստորեն գրեթե ազդեցություն չունեցան ՀՀ հպարտ քաղաքացիների վրա: Դրա ապացույցներից մեկն էլ հունիսի 15-ին իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակած լուսանկարն է` կից գրությամբ. «Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»:
Նրանք, ովքեր ծանոթ չեն տվյալ լուսանկարին, տեղեկացնենք, որ դրանում պատկերված տարբեր տարիքի մարդիկ լինելով առանց շնչադիմակների, միաժամանակ չեն պահպանել նաև սոցիալական հեռավորությունը: Այո, իսկապես այն տպավորությունն է, թե մեր երկրում կարծես կորոնավիրուս չկա, մնում է միայն ավելացնել, որ սա բոլորիս դեպի աղետ տանող ամենաուղիղ ճանապարհն է:
Մեր հասարակությունը, նրա անդամների թերևս մեծամասնությունը, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի ստեղծված իրավիճակի համար, բայց առաջին և հիմնական մեղավորը Փաշինյանն է իր ղեկավարած իշխանությամբ: Հասարակությանն ապակողմնորոշող հենց նրա և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հայտնի հայտարարությունները, նոր կորոնավիրուսի առնչությամբ նրանց վարած խայտառակ քաղաքականությունը, անթույլատրելի գործողությունները, ինչպես նաև հանցավոր անգործությունը, ընդամենը վերջերս Փաշինյանի և ՀՀ քաղաքական վերնախավի` այլոց համար վատ օրինակ հանդիսացող վարքն են պատճառը, որ այսօր բազմահազար մարդիկ չեն հավատում ո՛չ SARS-CoV-2-ի վտանգավորությանը, անգամ` գոյությանը, ո՛չ նոր կորոնավիրուսի, վարակի հետագա տարածման դեմ իշխանությունների պայքարի լրջությանը, ո՛չ էլ հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությանը կամ արդյունավետությանը:
Եթե վերոնշյալին գումարենք նաև սահմանված կանոնները պահպանելու անհրաժեշտությունը գիտակցողների մի մասի կողմից շնչադիմակներ, ալկոգել ձեռք չբերելն ընտանեկան բյուջեի` նույնիսկ օրվա հացի խնդիրը լուծելու համար անբավարար լինելու պաստճառով, ապա, կարծում ենք, պատկերը կամբողջանա:
Ստեղծված իրավիճակը հնարավորինս շտկելու, թույլ տված սխալներն ուղղելու փոխարեն, Փաշինյանն առկա իրավիճակի համար փորձում է գրեթե ամբողջապես ժողովրդին մեղադրել, նաև` ընդդիմությանը, հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար նաև` կառավարությանը, թերևս բոլորին, բացի իրենից, մոռանալով, որ կառավարությունն իր կազմած, ձևավորած կառավարությունն է:
Փոխանակ իր «Կորոնավիրուսն ու՞մ շունն ա…» հասարակությանն ապակողմնորոշող հայտարարության համար նույն հասարակությունից ներողություն խնդրելու, Փաշինյանն ասաց, թե չի հիշում, որ նման հայտարարություն է արել (դրանից անմիջապես հետո համացանցում հրապարակվեց նրա այդ հայտարարությունը ներկայացնող տեսանյութը):
Փոխանակ գործնականում այն լուրերի դեմն առնելու, թե նոր կորոնավիրուս չկա, գոյություն չունի, կամ կա, բայց վտանգավոր չէ, գրիպի վիրուսի պես մի բան է կամ գրիպն ավելի վտանգավոր է, քան COVID-19-ը, փոխանակ համապատասխան կերպով հակազդելու այն տեղեկությունների հրապարակմանը, թե Հայաստանում և աշխարհում հիվանդների ու մահացածների վերաբերյալ հրապարակվող թվերը մեծ չափով ուռճացված են և այլն, Փաշինյանն առայժմ խոսել է միայն այդպիսի կեղծ տեղեկություններ տարածողներին տեղորոշելու անհրաժեշտության մասին:
Փոխանակ խոստովանելու, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պարտվել է և իրականության ճիշտ գնահատումից բխող համապատասխան քայլեր կատարելու, Փաշինյանը հունիսի 11-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է հետևյալը. «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանի կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի՞ պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում… Այո, ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի իմ նշած բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունը ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում»:
ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը դարձյալ ստում է` հայտարարելով, որ «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ»: Փաշինյանը պարզապես հաշվի չի առնում, թե նշված երկրների բնակչության թվաքանակի հաշվառմամբ, քանի հարյուր մարդուն է մեկ հիվանդ բաժին ընկնում, Հայաստանում` քանի:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ստում է նաև այն առումով, թե Հայաստանն ունի պրոբլեմներ այնքան, որքան աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունն ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում: Իրականում նոր կորոնավիրուսի հետ կապված Հայաստանի հիմնախնդիրներն անհամեմատ շատ են և՛ հիվանդության հաստատված դեպքերի քանակի առումով, և՛ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում, միաժամանակ իր չորս հարևաններից երկուսի կողմից շրջափակված է:
Ինքներդ համոզվեք, թե Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում իրականում արդյոք այնքա՞ն է պարտվել, որքան պարտվել է աշխարհը։
ՀՀ բնակչությունն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, կազմում է 2 956 900 մարդ: Դժվար չէ ՀՀ բնակչության վերոնշյալ թվաքանակը բաժանել Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում» հրապարակված հունիսի 18-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի (18 698) վրա ու համոզվել, որ մեր երկրի յուրաքանչյուր 158 բնակչի հաշվով կա նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 1 դեպք:
Փաշինյանի նշած երկրներից, օրինակ, Ռուսաստանում, ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի COVID-19-ի վերաբերյալ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող հատուկ կայքում հունիսի 18-ի ժամը 13:39-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 560 279:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՌԴ բնակչությունը 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 146 748 590 մարդ: Հիմա թվաբանական նույն գործողությունը կատարենք` ՌԴ բնակչության թվաքանակը բաժանելով այնտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի (560 279) վրա ու համոզվենք, որ ՌԴ բնակչության յուրաքանչյուր 261 բնակչի հաշվով կա նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 1 դեպք: Այսինքն` մինչ վերոնշյալ պահը Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, մեր երկրի բնակչության քանակը հաշվի առնելով, ավելի քան 1,6 անգամ ավելի շատ է, քան ՌԴ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը:
Ֆրանսիայի բնակչությունը 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր ավելի քան 67 մլն մարդ, նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 194 805: Բնակչության քանակը` 67 միլիոնը բաժանելով 194 805-ի վրա, տեսնում ենք, որ Ֆրանսիայում յուրաքանչյուր 344 բնակչի հաշվով կա COVID-19-ի հաստատված 1 դեպք, այսինքն` Հայաստանի համեմատ ավելի քան երկու անգամ քիչ:
Արագորեն աճող Գերմանիայի բնակչությունը 2019 թ. ավարտին կազմել է 83 200 000 մարդ, պարզ է, որ այն հիմա ավելին է, սակայն մեր հաշվարկի համար հիմք կընդունենք նշված թիվը: Այն բաժանելով Գերմանիայում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի` 188 604-ի վրա կստանանք 441, այսինքն` Գերմանիայի յուրաքանչյուր 442 բնակչի հաշվով է արձանագրվել COVID-19-ի հաստատված 1 դեպք, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ավելի քան 2,5 անգամ գերազանցում է Գերմանիայի ցուցանիշը:
Հիմա տեսնենք, թե Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում իրականում արդյոք այնքա՞ն է պարտվել, որքան աշխարհը, որի բնակչությունը երեկվա դրությամբ կազմում էր ավելի քան 7 807 500 000 մարդ։ Այս թիվը բաժանելով COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվի` 8 362 238-ի վրա, ստանում ենք 933 661 538 933, այսինքն` աշխարհի ավելի քան 933 բնակչին է բաժին ընկնում COVID-19-ի հաստատված 1 դեպք, ինչը նշանակում է, որ բնակչության քանակի համեմատ հիվանդների քանակը Հայաստանում մոտ 6 անգամ ավելին է, քան ողջ աշխարհում:
Ընդգծենք, որ Հայաստանում բնակչության քանակի համեմատ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը խայտառակ կերպով գերազանցում են նաև Անդրկովկասի մեր հարևանների` Վրաստանի և Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները, ինչը հիմնավորող փաստերը կներկայացնենք մեկ այլ հրապարակմամբ:
Այս վերլուծականն այլ թվերով ու համեմատություններով չծանրաբեռնելու նպատակով, այժմ դեռ չենք նշում նաև Փաշինյանի նշած մյուս երկրների համապատասխան ցուցանիշները, հարկ եղած դեպքում դրանց կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ, սակայն, կարծում ենք, որ բերված թվերը, փաստերը, կատարված համեմատությունները լիովին բավարար են համոզվելու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հերթական անգամ ստում էր։
Իսկ ինչո՞ւ է ստում Փաշինյանը։ Շատ պարզ պատճառով` փորձում է թաքցնել իր և իր իշխանության վարած հանցավոր քաղաքականության հետևանքները, Հայաստանի ցուցանիշների մեծ գերազանցումն աշխարհի, ինչպես նաև նշված և այլ երկրների համապատասխան ցուցանիշներից, մեր ցուցանիշների` սպասվող աղետի մասին հուշող բնույթը, ՀՀ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի նման մեծ քանակ ունենալու մեջ իր և իր իշխանության ահռելի մեղքը, քանի որ Հայաստանում ներկայիս իրավիճակի առաջին և հիմնական պատասխանատուն հենց ինքն ու իր ղեկավարած իշխանությունն են:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է, տապալված է խայտառակ կերպով և այնպիսի մասշտաբով, որն արդեն սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը: Փաշինյանի հերթական ստերը նոր կորոնավիրուսի համավարակի առնչությամբ և ճշմարտությունը մեր հասարակությունից թաքցնելը, առնվազն, որպես երկրի ղեկավար, իրականությունից երես թեքելը, այն համարժեք չգնահատելը և դրանից բխող համապատասխան քայլեր չկատարելը Հայաստանը հաստատուն կերպով տանում են դեպի կործանում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ