Մեկ տարվա ընթացքում պատասխանատուները մատը մատին չեն խփել
12.06.2020 | 02:06
Սևանն այս տարի նույնպես, ամենայն հավանականությամբ, կկանաչի: Նման ահազանգ են հնչեցնում բնապահպանները, ինչը հաստատում է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Խնդիրը, որ դեռ նախորդ տարի էր գլուխ բարձրացրել, մեկ տարվա ընթացքում, փաստորեն, դրական տեղաշարժ չի ունեցել: Սևան թափվող կոյուղաջրերի, տարատեսակ աղբի, լճափերին բուսնած ու ջրի մեջ հայտնված ծառերի և սակավացող ձկնատեսակների հետևանք է կանաչող լիճը: Նախորդ տարի, երբ բոլորի համար անակնկալ կերպով Հայաստանի գեղեցկուհին դարչնագույն երանգ էր ստացել, մասնագետները վերլուծում ու մանրակրկտորեն ներկայացնում էին՝ ինչու է հանկարծ կանաչել Սևանը: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի կատարած լաբորատոր ուսումնասիրություններից էլ պարզվել էր, որ լճի գույնը փոխած կապտականաչ ջրիմուռները պատկանում են այն տեսակին, որը խիստ վտանգավոր թունավոր նյութեր է արտադրում և արտազատում լիճ: Հետևաբար, ասում էին գիտնականները, խուսափե՛ք Սևանում լողալուց, դա կարող է խոր հետևանքներ թողնել: Բայց քանի որ թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանության հետ սերտորեն համագործակցող «օբյեկտատերերը» գլուխ բարձրացրին, թե բիզնեսը տուժում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեթև «դաբրոյով» կանաչած Սևանը նորից հասանելի դարձավ քաղաքացիներին: Այդ օրերին ճանապարհը փակած տնտեսավարողները, որ աստղաբաշխական եկամուտ են ստանում Սևանի ափի անթույլատրելի հատվածում կառուցված ռեստորաններից ու սիգի անթույլատրելի որսից, հստակ պահանջ էին դրել կառավարության առաջ, ինչից հետո պատգամավորներն ու պետական աշխատողները, մեկը մյուսին հերթ չտալով, գովազդում էին Սևանը՝ ջուր խմելով, կիսամերկ «լայվ» անելով, լողալով և այլն: Տպավորություն էր, թե արդարանում են ճանապարհ փակած մարդկանց առջև ու ներողություն խնդրում նրանցից՝ բիզնեսին մի քանի օրով «վայիս լինելու» համար: Թե ինչ ճակատագիր կունենա Սևանն այս տարի, պարզից էլ պարզ է: Լիճը նորից կկանաչի, բայց հանգստի կարոտ քաղաքացիները, անսալով առողջապահության ու շրջակա միջավայրի նախարարի՝ կապտականաչ ջրիմուռների անվնաս լինելու մասին հայտարարությանը, դիմակներով կնետվեն լիճը: Խնդիրը, որ համակարգային ու խոր լուծում է պահանջում, կշարունակի չլուծված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ օբյեկտատերերի պահանջին կուլ գնալը չի դադարել «ձեռք տալ» օրվա իշխանությանը: «Ի՞նչ է արվել այս մեկ տարվա ընթացքում, ափամերձ հատվածները մաքրվե՞լ են ծառերից, ռեստորանների կոյուղաջրերն ու թափոնները դադարե՞լ են Սևան լցվելուց»,- հարցրինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանին: Նա, ըստ երևույթին, հաստատեց՝ ոչինչ էլ չի արվել: Փոխարենը վերահաստատեց՝ ձկան գողության տեմպերը չեն նվազում, իսկ այդ հարցում մեղավոր են թե՛ ինքը, թե՛ «Սևան» ազգային պարկի տնօրենությունը, թե՛ շրջակա միջավայրի նախարարությունը. «Այն կարծիքին եմ, որ մարդիկ կարող են շարունակել զբաղվել ձկնորսությամբ, բայց քանի որ լճում գտնվող ձկնապաշարները պետական ռեսուրս են, պետությունը պետք է հստակ խաղի կանոններ սահմանի: Իսկ խաղի կանոնները երկուսն են. երբ ձուկ բռնել և ինչ չափով։ Այսինքն, խոսքը ոչ թե ընդհանրապես չբռնելու մասին է, այլ հստակության, թե ինչ չափի ցանցերով պետք է ձուկ որսալ: Կարևոր է նաև ժամանակահատվածը, որ այն չհամընկնի ձկների ձվադրման սեզոնի հետ։ Բայց, ցավոք, այս պահին էլ տարբեր պատճառներով մանրաձկան որս կատարվում է»:
Մինչ բնապահպանները, մասնագետներն ու լրագրողները բարձրաձայնում են Սևանին պատուհասած աղետի մասին, ոլորտի պատասխանատուներն ու լճից ջուր խմող «դուխով» չինովնիկները գողացված ձկնատեսակներն են անուշ անում ու հենց լճափից սոցիալական ցանցերում գրառումներ անում բնության պահպանության թեմաներով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ