Ալավերդիում ասես «մութ ու ցուրտ» տարիները լինեն
11.05.2020 | 22:26
Հայաստանի երբեմնի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկում՝ Ալավերդիում, կարծես 1990-ականները լինեն: Քաղաքում ծավալվող դեպքերի զարգացումը մարդկանց նորանկախ Հայաստանի տարիներ են տեղափոխել՝ փլված արդյունաբերություն, փակված գործարան, արտագաղթի մեծ ալիք ու անհասկանալի հայացք դեպի ոչինչ չխոստացող ու անորոշ ապագա:
Օրերս «ACP» ընկերության աշխատակիցները նորից փողոց էին դուրս եկել` պահանջելով մի քանի ամսվա աշխատավարձը: «Իրատեսը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Վալլեքս» խմբի «Էյ Սի Փի» ընկերության բաժնեմասը նույնպես անցել է «VTB» բանկին, որ այժմ նշանակված կառավարչի միջոցով շահագործում է նախկինում «Վալլեքս»-ին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Պղնձաձուլարանը, մեր տեղեկություններով, ՎՏԲ բանկը հանձնել է Թեղուտի հանքավայրի կառավարումը ստանձնած Նորիկ Պետրոսյանի փեսային: Ալավերդու գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ աշխատել են մինչև այս տարվա հունվար ամիսը: «Հունվարի 23-ին ասացին, որ հունվարի 10-ից ազատվել ենք աշխատանքից: Փաստորեն, Աշխատանքային օրենսգրքի խախտումով են մեզ հեռացրել, որովհետև աշխատանքից ազատել են, ապա օրեր անց միայն իրազեկել այդ մասին: 250 հազարից մինչև 600 հազար դրամ աշխատավարձերի մասին է խոսքը, մարդ կա կես ամսվա աշխատավարձ ունի ստանալու, մարդ կա՝ մեկուկես»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ մեր տեղեկությունների՝ գործարանի տնօրինումը ստանձնած Պետրոսյանների ընտանիքը աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի, մյուս մասին էլ տարբեր աշխատանքներ կատարելու դիմաց պետք է վճարի: Թեև գործարանը չի աշխատել, բայց տնօրենությունն աշխատակիցներին տարբեր աշխատանքներ է հանձնարարել՝ մի արտադրամասից մեկ այլ արտադրամաս ինչ-որ բան տեղափոխել, նորոգման աշխատանքներ անել և այլն: Այս պահին գործարանում 10-15 աշխատակից կա միայն, նրանք էլ տարածքի անվտանգությունն են հսկում:
«Իսկ ինչպիսի՞ մթնոլորտ է քաղաքում»,- հարցրինք մեր զրուցակցին: «Թշվառությունն արդյունաբերական հսկային ծնկի է բերել: 1990-ականների քրոնիկոնն է: «Զավոդը» փակվեց, մարդիկ մեծ թափով լքեցին Ալավերդին՝ մի մասը Երևան, մի մասը՝ Ռուսաստանի տարբեր շրջաններ: Գործարանն էլ ալան-թալանի գոտի դարձավ, ով ինչ կարողանում գողանում էր: Հիմա ճիշտ և ճիշտ նույն պատկերն է, ուղղակի բանը զանգվածային թալանին չի հասել: Հուսանք՝ չի էլ հասնի, ու գործարանը նորից կաշխատի: Չնայած՝ իրատես լինելը լավ բան է, ինչպե՞ս աշխատի, երբ դրան նպաստող որևէ քայլ չենք տեսնում»,- պատասխանեց նա:
Ալավերդցիները հույսեր էին կապում երկաթե գնդեր արտադրող կառուցվելիք գործարանի հետ, ինչը, սակայն, մեր տեղեկություննեով, Ալավերդիում չի կառուցվի: Գործարանը կառուցող «Վալլեքսը» նախապես որոշել էր՝ շինարարական աշխատանքներ ծավալել պղնձաձուլարանի տարածքում, բայց քանի որ «ACP»-ի կառավարումն այլ մարդկանց է անցել, Մեջլումյանը որոշել է այն Արցախում կառուցել, քանի որ Ալավերդիում այլևս արտադրական տարածքներ չունի: Ըստ երևույթին, այն կկառուցվի Դրմբոնի կամ Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկաների տարածքում: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ալավերդցիները, որ մեծ հույսեր էին կապում 100-ից ավելի աշխատատեղ ապահովող այս նոր գործարանի հետ, փաստորեն, նորից հուսախաբ կլինեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ