Նպատակը հասարակությունները կառավարելի դարձնելն է
05.05.2020 | 00:48
Աշխարհը դարձել է բազմավտանգ։ Արդեն հայտնի վտանգներին՝ պատերազմի, տնտեսական ճգնաժամերի, քաղաքական անկայունության, ավելանում են նորերը, անկանխատեսելի՝ իրենց ծագմամբ ու դրսևորման ձևերով, անվերահսկելի՝ տեխնիկապես և տեխնոլոգիապես, անկառավարելի՝ կազմակերպաբանորեն։ Դրանք ուղղված են և՛ պետական կառույցների դեմ, և՛ հասարակության ու անհատի։ Սպառնալիքն իր տարածման ցանցային բնույթով անտեսանելիորեն համակում է հասարակության տարբեր խմբերի՝ ստեղծելով բազմակենտրոն ճգնաժամային օջախներ, փլուզում է այն պետական կառույցներն ու գործադրված ջանքերը, որոնք պետք է վերահսկեին այդ իրավիճակը։
Նորահայտ տագնապներն ու դրանց ուղեկցող, իրականում հիմնական թեմա հանդիսացող աշխարհաքաղաքական իրադարձությունները մի նոր պաստառ են բացում մեր առաջ։ Գլոբալիզացիան, որպես գաղափարախոսություն, ճաքեր է տալիս, հենց որ կանգնում է գլոբալ վտանգի առաջ։ Այն գաղափարները, հանուն որոնց դրա հեղինակները ցանկանում էին «մեկ հարկի» տակ հավաքել բոլորին, լիովին արժեզրկվում են։ Ավելին՝ յուրաքանչյուրն իր դռներն ու պատուհանները պինդ փակում է, հնարավորինս հիմնավոր բաժանելով իրեն մյուսներից։ Ի հակադրություն դրա` աշխարհում հնչեցին նաև համախմբման, համերաշխության կոչեր։ Դրանք կարևոր ազդակներ են, և դրանց պետք է ճիշտ պատասխանել։
Ամենակարևորը մեր համախմբման խնդիրն է որպես ազգ, պետություն, որտեղ վերջին պլան պետք է մղվեն բոլոր տարաձայնությունները, հետապնդումներն ու անցյալի լուսաբանման շոուները։ Մեր գոյության երաշխիքը համախմբվածությունն է և միասնական օրակարգով ապրելը։
Ինչպիսի՞ իրավիճակում ենք մենք այժմ։
Խուճապը, որն ուղեկցում է վարակին և տարածվում նրանից արագ, լրացուցիչ հոգեբանական բեռ է հասարակությունների համար։
Տնտեսական ճգնաժամի տեսական և իրական հեռանկարը սպառնում է տնտեսությունների կենսունակությանը, քաղաքացիների վճարունակությանն ու գոյության միջոցներով ապահովվածությանը։
Կառավարման համակարգերի ճգնաժամը (հատկապես «ժողովրդավարական» հասարակություններում) նեոլիբերալ աշխարհում կապիտալի պահանջներով ու պարտադրանքով ներդրվող քաղաքական, տնտեսական, ֆինանսական ախտերի ազդեցության հետևանք է, այժմ նաև՝ կենսաբանական-հոգեբանական։ Այդ երկարատև ծրագրային ազդեցությունների հետևանքով խաթարվել են պետական, ազգային, հասարակական կառույցների պաշտպանական համակարգերը։ Պատկերավոր ասած՝ մենք ապրում ենք բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ գրեթե զրոյական իմունիտետ ունեցող պետությունում և հասարակությունում, ուր թափանցել է վարակը։
Միջպետական հարաբերությունների ճգնաժամը փոխադարձ վստահության և պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության կորստի հետևանք է։
Անհատական առումով այս փորձությունն առաջին հերթին ծանր հարված է մարդու ինքնագիտակցությանը, այս աշխարհում ապահով անկյուն ունենալու նրա երազանքին, այդպիսի նպատակն իրագործելու նրա ճիգերին։ Այս փորձության նպատակը մարդկությանը պերմանենտ արտակարգ իրավիճակներում ապրելու պահանջներ ներկայացնելն է, հակադրության բոլոր հնարավորությունների ոչնչացումը։
Այսօրվա աշխարհում ժողովրդավարական համարվող կառավարությունները չունեն կապիտալի ոտնձգություններից իրենց հասարակությունները պաշտպանելու լծակներ։ Այդ հնարավորությունները վերադարձնելու համար իրոք պետք է զոհաբերել քաղաքացիական հասարակության ձեռքբերումների մի մասը։ Իրականում դրանք ոչ միշտ են եղել հանուն պետական, ազգային, ընտանեկան արժեքների պաշտպանության։ Ավելին, պետություն-քաղաքացի հարաբերությունների կարգավորման շատ մեխանիզմներ, որոնք ստեղծվել են կառավարման համակարգերի թուլացման նպատակով, ամբողջությամբ չեն ծառայել քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, քանի որ այդ գործընթացների կառավարման լծակները կապիտալը պահել է իր ձեռքում (Սորոսի հիմնադրամ)։ Դրանց միջոցով՝ անհատ-հասարակություն-ընտանիք հակադրություն ստեղծելով, նրանց մեծապես հաջողվել է մասնատել հասարակությունը, խարխլել անհատի բարոյական, հոգևոր կայունությունը։
Կապիտալն արդեն սպառել է ընդլայնման բոլոր հնարավորությունները, գործադրել է հասարակության ունեզրկման ամենահնարամիտ ձևերը։ Ճգնաժամային իրավիճակները՝ անխուսափելիությունից զատ, ընդունում են աննախադեպ ծավալներ և խորություն։ Հասարակությունների ընդվզման հավանականությունը մեծանում է, և դա իրական սպառնալիք է կապիտալի միջոցով իշխանությանը տիրացածների համար։ Այդ սպառնալիքի առաջն առնելու համար էլ մտածվում են այն սցենարները, որոնք գործադրվում են և գործադրվելու են հաջորդաբար` փորձելով արագորեն կառուցել աշխարհի հետկապիտալիստական մոդելը, այն է՝ նոր ճորտատիրական կարգեր։
Նրանք կարողանում են այնպես իրականացնել իրենց ծրագրերը, որ դրանց հակադրվելու քայլերը նույնպես ծառայում են հենց նրանց նպատակներին։ Երկու դեպքում էլ նպատակը հասարակությունները կառավարելի դարձնելն է։ Կապիտալի կողմից ձեռնարկվող քայլերի նպատակը երկրի վրա ապրողներիս հպատակեցնելն է, յուրաքանչյուրին առանձին-առանձին։ Առանձին երկրների իշխանությունների կողմից իրենց քաղաքացիների նկատմամբ իրականացվող կոշտ միջոցառումների նպատակը նրանց համախմբելն է` արտաքին ազդեցություններին հակադրվելու գործողությունների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպման համար։
Ի՞նչ կերպ մենք կարող ենք հակադրվել արտաքին ճնշումներին, որոնք լինելու են անհամաչափ, ավելի ու ավելի հաճախ գործադրվող։ Ի՞նչ կարող են անել հասարակություններն ու պետությունները։
Շատ պետություններ, դրանց կառավարման համակարգերը կարող են չդիմանալ բազմադեմ ճգնաժամի ճնշումներին։ Դրանք կարող են փլուզվել։
Ի՞նչ կարող են անել այն պետությունների կառավարությունները, որոնք կուզենան տեր կանգնել իրենց հասարակություններին.
-ամրացնել իրենց կառավարման համակարգերը,
-համախմբել հասարակությանը ազգային, պետական նպատակների շուրջ,
-պաշտպանել իրենց հասարակությունները միջազգային կապիտալի ոտնձգություններից,
-ստեղծել հնարավորություններ հասարակությունների զարգացման համար։
Այսինքն, լուծել այն հիմնախնդիրները, որոնց գորդյան հանգույցով կապկպված է հասարակությունը։
Եթե մենք չկարողանանք մեր երկրում ձևավորել տարբեր ոլորտներում ճգնաժամային իրավիճակներին արագ և համարժեք արձագանքման համակարգեր, ապա տանուլ կտանք գոյատևման պայքարում, որն ըստ ամենայնի կդրսևորի ոչ թե թուլանալու, այլ սրվելու միտում։ Մենք պարտավոր ենք ձևավորել ներքին և արտաքին անվտանգության համակարգեր իրենց կառավարման և գործունեության կանոնակարգերով։ Այս համակարգերի արդյունավետ գործունեության հիմքը զարգացած տնտեսությունն է, իսկ երաշխիքը՝ առողջ և գործունակ պետական կառավարման համակարգը։
Այդպիսի կարողություններ դրսևորելու համար առաջին հերթին պետական կառավարման համակարգն իր ձեռքը պետք է վերցնի կառավարման այն բոլոր լծակները, որոնք տարիների ընթացքում այս կամ այն բարեփոխման արդյունքում կորցրել է։
Այդ նպատակի իրականացումը հնարավոր է միայն, եթե պետությունը կարողանա.
-հրաժարվել ներկա կառավարման քաղաքական-տնտեսական-ֆինանսական, այն է՝ նեոլիբերալ համակարգից,
-ստեղծել նոր կառավարման համակարգ, որը թույլ կտա ազգային, պետական նպատակներն ու դրանց ներդաշնակված քաղաքացու իրավունքներն ու հնարավորությունները պրակտիկ իրականացման ճանապարհի վրա դնել։
Տա Աստված, որ մենք նվազագույն կորուստներով դուրս գանք այս վիճակից։ Այնուհետև մենք կունենանք մի փոքրիկ պատուհան, որը կարող ենք օգտագործել մեր պետականության, հասարակության վերածնման, ամրապնդման և կենսունակացման համար։
Դա բոլորովին չի նշանակում, որ մենք, հայտնվելով հետճգնաժամային (հետհամավարակային) իրականությունում, ինքնաբերաբար զարգանալու և ամրապնդվելու ենք որպես պետություն և հասարակություն։ Ոչ։ Պարզապես մենք պարտավոր ենք այս պատուհանն օգտագործել մեր նպատակների համար։
Այն հանգամանքը, որ հետճգնաժամային կառավարմանը բնորոշ է լինելու ինչ-որ չափով կոշտ, որոշակիորեն միանշանակ գործիքակազմ, անառարկելի է։ Սակայն խնդիրն այստեղ ոչ թե կառավարման այդ եղանակով մարդու իրավունքների ու ազատությունների կաշկանդումն է, այլ պետական, ազգային կարևորագույն հիմնախնդիրների վերադարձը օրակարգ և դրանց լուծման ապահովումը։
Եթե մենք ցանկություն չդրսևորենք այս վիճակից դուրս գալու, մեզ ոչ ոք ինքնակամ թույլ չի տա դա անել։ Ոչ միայն ցանկություն, այլև հսկայական ջանքեր են հարկավոր այս համակարգից դուրս գալու համար, տևական տքնաջան աշխատանքի տարիներ։ Ընտրությունը մերն է. կա՛մ մնում ենք այս համակարգում, հաշտվելով այն մտքի հետ, որ մեր այսօրվա ծնկաչոք վիճակից վաղն իջնելու ենք սողացող վիճակին, կա՛մ կամք և պատրաստակամություն ենք դրսևորելու սեփական ճանապարհով գնալու, գերադասելով մի քանի տարիների ծանր աշխատանքը։
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
Մեկնաբանություններ