Այլոց կատարած աշխատանքն իրենց վերագրելու իշխանության ներկայացուցիչների մոլուցքը չի նահանջում
28.04.2020 | 00:34
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, պաշտոնյաների բարձր աշխատավարձի մասին սեփական թեզն առաջ տանելուց հետո, այժմ էլ աշխարհաքաղաքական իրադարձությունները խմբագրելու ծանր լուծն է ուսերին առել: Բայց դա ոչ թե հիմնավոր փաստերով է լրամշակում, այլ Facebook-յան գրառմամբ: Տիկին փոխխոսնակն այն համոզմանն է, որ իշխանության գալուց հետո կառավարող թիմն արտաքին թևում այնպիսի տիտանական աշխատանք է կատարել, ինչի շնորհիվ, օրինակ, 2019 թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել, Պորտուգալիայի խորհրդարանն էլ Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել: Նա համոզված է նաև, որ 2019 թ. հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերն իր գործընկերների տքնաջան աշխատանքի արդյունքն են: Այն, որ արտաքին ճակատում իշխանությունը լրջագույն բացթողումներ ու վրիպումներ ունի, նորություն չէ: Փաստ է նաև, որ միջազգային մի շարք հարցերում Հայաստանը զիջել է նախկինում ունեցած դիրքերը, դիվանագիտական սխալների հետևանքով խզել կապերը, բայց որ քայլականները փորձում են սոցցանցային գրառումներով իրենց վերագրել այլոց աշխատանքը, դա արդեն անթույլատրելի է: Մանկապարտեզի երեխային էլ հասկանալի է, որ վերոնշյալ դեպքերը տեղի են ունեցել իշխանափոխությունից հետո, բայց մանկապարտեզի երեխային հասկանալի է նաև, որ դիվանագիտական աշխատանքը «հանաք-մասխարա» չէ: Արտաքին ճակատում չես կարող մեկ օրում տրամադրություն փոխել, մանավանդ երբ ո՛չ ահռելի ֆինանսական միջոցներ ունես, ոչ էլ մեկը մյուսից ճկուն, բանիմաց ու կայացած դիվանագետներ: Ինչքան էլ Եվրոպայի ականջներին փորձես լապշա կախել ու անդադար ասել, թե «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն ենք արել», նրանք դրա համար որևէ մեկի ճակատը չեն համբուրելու ու, հանուն գեղեցիկ աչքերի, ինչ-որ փաստաթղթեր չեն ստորագրելու: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր hռչակելու մասին հրամանագիրը նախ և առաջ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի, ապա ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Նույնը նաև Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած բանաձևի դեպքում: Հիմա տիկին Նազարյանը կարո՞ղ է անունները տալ, թե իրենց թիմից ով ինչ աշխատանք է տարել ֆրանսիացի ու պորտուգալացի գործընկերների հետ: Նազարյանի պնդումը գուցե բխում է այն հանգամանքից, որ վերոնշյալ երկրները ոգեշնչվել են իշխանությունների «դմփ-դմփ-հու» անելու կատաղի մոլուցքից ու դիվանագիտական ժեստ արել: Բայց հիասթափեցնելով նրան՝ նշենք, որ այդ ամենը Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայրաստիճան լարման հետևանք էր: Բարձր վարձատրության մասին «մաստեր-կլաս» անող իմքայլականին կարող ենք հիշեցնել նաև, թե ինչպես Փաշինյանի «ընկերները»՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, դատապարտեցին Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, իսկ Փաշինյանին համակրող ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կաբինետի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ էր տվել չմասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, մասնակցելու պարագայում էլ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չօգտագործել: Դե, իսկ Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի մասով հայտնի ելույթից հետո, որտեղ ՌԴ արտգործնախարարը խոսում էր փուլային տարբերակի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը որևէ ձայն չի հանել ու վերահաստատել իր իսկ թիմակիցների՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պնդումը, թե սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ցավոք, Նազարյանը միակը չէ, որ այլոց կատարած աշխատանքն իրենց է վերագրում: Նույն կերպ երկու տարվա նորերն իրենց են փորձել վերագրել, օրինակ, Անգելա Մերկելի հայաստանյան այցը, Ֆրանկոֆոնիայի կազմակերպումը, Մ6 միջպետական ճանապարհի ու Վեդու ջրամբարի կառուցումը և այլն: Բայց եթե հասարակությանը խաբելը հեշտ է, ապա ՝ լրագրողներիս հիշողությունը կարճ չէ, ու լավ գիտենք՝ որ ժամանակահատվածում ով ինչ է արել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ