Պարգևավճարը՝ հացփորի աշխատավարձով, ծառայողական մեքենան՝ հեծանիվով փոխարինեք
06.04.2020 | 00:24
Որոշ ապրանքների գնաճի մասին «Իրատեսը» դեռ երկու շաբաթ առաջ էր գրել: Այսօր արդեն համատարած գնաբարձրացումը քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում: Հին ու նոր օլիգարխները, որ մեր օրերում «դուխով» իշխանությունների կողմից «խոշոր գործարար» բարձրագույն տիտղոսն են ստացել, դանդաղ ու աննշմար քայլերով օգտվում են ստեղծված իրավիճակից ու մարդկանցից հետ բերում այն գումարները, որ «նվիրաբերել» են իշխանամերձ տարբեր հիմնադրամների: Տնտեսագիտության օրենքն է՝ դեֆիցիտը գնաճի է հանգեցնում, բայց եթե պատկան մարմինները հայտարարում են, թե պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության մասին այս պահին գոնե խոսք լինել չի կարող, ապա համատարած անվերահսկողությունն ու գների թռիչքաձև աճն անհասկանալի են: Ավելի ճիշտ՝ ամեն բան էլ հասկանալի է. խոշոր գործարար կոչվող անհատները մի կողմից «բարեգործություն» են անում, գումար փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին, մյուս կողմից, օրինակ, հնդկաձավարի համար կրկնակի գին սահմանում: Օր օրի նկատվող գնաճն արդեն իսկ անհանգստացնում է քաղաքացիներին, իմ շրջապատի մի շարք մարդիկ անցել են տնային պայմաններում հաց թխելուն նույնիսկ: Խնդիրը, սակայն, պարզվում է, դուրս է պետական վերահսկողությունից: Հայաստանում որևէ մարմին չկա, որ վարչապետի բառապաշարով ասած՝ կարող է տնտեսավարողների «վզներից բռնել» ու ասել՝ այս ի՞նչ եք անում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայն հսկելու ու արձանագրելու, բայց ոչ կարգավորելու գործառույթ ունի: Եվ եթե այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին հնդկաձավարը գնում է 800 դրամով, ապա ոչ մի երաշխիք չկա, որ վաղն այն կարող է կրկնակի թանկանալ: Անհարկի թանկացումների մասին իշխանության վերին էշելոններում խիստ «տրամաբանական» պատասխան ունեն՝ ճիշտ և ճիշտ նախորդ իշխանության ներկայացուցիչների նման: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, վերհիշելով ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտնի միտքը, մարդկանց խորհուրդ է տալիս թանկացած ապրանքն այլ բանով փոխարինել: Հակոբյանը, հիշեցնենք, այն տեսակետին էր, թե մսի թանկացումը սովորական մահկանացուների վրա չի կարող ազդել, քանի որ աղքատները կարտոֆիլ են ուտում, հետևաբար՝ իրե՞նց ինչ՝ միսը կթանկանա՞, թե՞ ոչ: Նմանատիպ մոտեցում ունի նաև Խաչատրյանը, որն առաջարկում է ոսպը փոխարինել այլ բանով: Փոխարինիչների մասնագիտացում ստացած Խաչատրյանին խորհուրդ ենք տալիս ամսական պարգևավճարը փոխարինել հացփորի աշխատավարձով, ծառայողական մեքենան՝ հեծանիվով, համեղ ընդմիջումները՝ հոթ-դոգերով: Ինչ խոսք, թե՛ ներկա, թե՛ նախկին չինովնիկներն անկեղծ են իրենց հայտարարություններում, ասում են այն, ինչ մտածում են: Բայց համատարած թանկացումների ֆոնին, եթե մատդ մատիդ չես տալիս ու որևէ բան փոխելու ունակ չես, լավագույն ձևը լռելն է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ