Շնաբարո ծագումնաբանություն
03.04.2020 | 00:14
ՈՒղիղ մեկ ամիս առաջ Հայաստանում գրանցվեց նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ օրերին հայրենի իշխանությունները, բարձրախոս առած, գյուղից գյուղ էին անցնում ու ազդարարում հեղափոխության արժեքների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխակաների մասին: Մեկ ամիս առաջ իշխանությունները դեռ երկու տարի առաջվա նույն երգն էին երգում ու մարդկանց համոզում՝ երկրին մեկ անձի փոփոխությամբ պայմանավորված հեղափոխություն է պետք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ օրերին անձամբ էր ՀՀ «հպարտ քաղաքացու» «անձնագրեր» բաժանում քաղաքներում ու գյուղերում, գրկում մարդկանց, ավանդական սելֆին անում ու հորդորում՝ «հեղափոխությանն «այո» ասել»: ՈՒղիղ մեկ ամիս անց, սակայն, նախկին իշխանության ստվերների դեմ պայքարող իշխանություններին ծափ տվողները գլխահակ, մտահոգ ու վախվորած սպասում են, թե իշխանություններն ինչպես են պայքարելու և իրենց ազատելու երկիրը պատուհասած վիրուսից:
Մարդիկ, որ համոզված էին, թե կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր բան չէ, ու դրա կանխարգելման համար առանձնակի միջոցառումներ պետք չեն (նրանց այդ մասին առողջապահության նախարարն անձամբ էր ասել), այժմ աստղաբաշխական թանկ գներով բժշկական դիմակներ ու ձեռնոցներ են գնում, որ որոշ չափով պաշտպանվեն վարակից: Տնից դուրս չեն գալիս, աշխատանքի չեն գնում, զրկվում են օրվա ապրուստից այն պարագայում, երբ նախապես գիտեին, թե դրա դեմը տնական օղիով էլ կարելի է առնել: Նիկոլ Փաշինյանն էր այդպես ասում, ավելին` դեռ վստահեցնում էր, թե պինցետով հատ-հատ կհանեն այդ վիրուսը, որը մինչև հիմա էլ պարզ չէ, թե «ում շունն է»:
Այդպես էլ չիմանալով, թե «կորոնավիրուսն ում շունն է», բրիտանացի գիտնականները հիմա էլ մեկ այլ գլուխկոտրուկի վրա են չարչարվում՝ ի՞նչ օգտակարություն կարող է ունենալ այս օրերին մարդկանց հեռախոսազանգերին հետևելը, երբ, այսպես ասած, բանը բանից անցել է: Ընդդիմությունն ահազանգում է՝ համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերը ֆիքսելը խոսակցությունը գաղտնալսելու վտանգն ունի: Իշխանությունը երաշխավորում է ու խնդրում հավատալ՝ որևէ մեկի խոսակցությունը չեն լսելու: Բայց, սիրելի՛ իշխանավորներ, իմ ու ձեր հարևան անգրագետ Պողոսը ձեզ հավատալու ի՞նչ հիմք ունենա, երբ որոշ ժամանակ առաջ նրան բացատրում էինք կորոնավիրուսի շնաբարո ծագումնաբանության, պինցետով ու տնական օղիով չեզոքացման բացառիկության մասին, իսկ այսօր բազմաթիվ նոր մոդուլային բժշկական մասնաշենքեր եք կառուցում, աշխատանքի եք հրավիրում բուժաշխատողների ու մարզահամերգային համալիրը մեկուսացման գոտու վերածում: Այժմ խոսում եք մարդկային կյանքեր փրկելու մասին, բայց ձեզանից և որևէ մեկը խիստ տոնով չասաց՝ հանգիստ թողեք էջմիածինցի կնոջը: Ավելին՝ մեղադրեցիք «պետությունից ջերմություն ունենալու փաստը թաքցնելու մեջ»:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 650-ից, 5 մահ կա, ցավոք, իսկ իշխանությունները դեռ շարունակում են պնդել՝ իրենք ոչ մի վայրկյան չեն վարանել, սխալ չեն գործել, աշխատել են մաթեմատիկական ճշգրտությամբ: Այժմ, գուցե, անում են հնարավորն ու անհնարը, և տա Աստված, որ այս մղձավանջն արագ ավարտվի, ու իշխանությունները գիտակցեն՝ պետություն ղեկավարելն ու ռիսկերի կառավարումը խաղուպար չէ, համավարակն էլ դռան շեմի շուն չէ, որ քշես, հեռու գնա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ