Այսպես էլ ապրում ենք
10.01.2020 | 00:37
Անցած տարվա դեկտեմբերի 3-ից ահազանգում ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնում աշխատանքային աննորմալ պայմաններ են, սնդիկի սյունը կոնկրետ մեր աշխատասենյակում չի բարձրանում +14, +15-ից, աշխատակիցները ցրտին դիմադրում են վերարկուներն ու գլխարկները չհանելով: Կենտրոնում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև հանրապետական մամուլը, բայց թե ամեն ինչ ձայն բարբառո հանապատի է:
Սակայն երեկ տեղի ունեցավ դարակազմիկ իրողություն: Արդեն երեք տարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով գործող Շուշանիկ Միրզախանյանը բազմաթիվ ահազանգերից հետո վերջապես հրավիրեց կոլեկտիվի ժողով՝ ի թիվս անձնական բնույթի խնդրի շոշափելով աշխատասենյակներում առկա ջերմաստիճանի հարցը:
Եվ, ի՞նչ եք կարծում, հարցի լուծման ի՞նչ տարբերակ հուշած լինի:
Ընդամենը մխիթարեց, որ առանձնապես դժգոհելու բան չունենք, քանի որ այս տարի Հայաստանում տաք ձմեռ է:
Ահա այսպիսի փայլուն տրամաբանություն, կառավարման այսօրինակ մեթոդաբանություն:
Այսպես էլ ապրում ենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Այս պահի դրությամբ (ժամը 10:00-ն է) աշխատասենյակում +11 է ու դա չնայած նրան, որ առավոտվա ութից միացված են երկու տաքացուցիչները:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ