Աստծո շնորհած լույսը փակողները
10.12.2019 | 01:46
Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 32 տան բնակիչ Ավետիք Ղամբարյանը որոշեց նոր տուն կառուցել։ Որոշեց ու անցավ գործի։ Նախ պատվիրեց ճարտարապետական նախագիծ, հետո բախեց նույն՝ Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 34 տան դուռը և… Երկար-բարակ պատմեց, թե նպատակ ունի տուն կառուցելու, թե անհրաժեշտ է անմիջական դրկիցի համաձայնությունը։ Հարևանուհին բնավ դեմ չէր, որ նոր հարևանը նոր տուն կառուցի, սակայն պահպանի հարևանական համակեցության նորմերը, այն է՝ չփակի իր տան լույսը։ Ավետիք Ղամբարյանն անմիջապես հեռաձայնեց իր տան նախագծի հեղինակ, «Էմ քեյ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ճարտարապետ Արտյոմ Սուքիասյանին և խնդրեց հավաստիացնել թիվ 34 տան բնակչուհուն, որ կառուցվող տունը ոչ մի կերպ չի խոչընդոտի արևի լույսի ներթափանցմանը։ Ճարտարապետը հավաստիացրեց, որ իր նախագծած առանձնատունը չի փակի արևի լույսը։ Թիվ 34 տան տիրուհին, չխորանալով մանրանասների մեջ, իմա՝ քանի՞ հարկանի է լինելու ապագա առանձնատունը, հավատում է հարևանի և բազմափորձ ճարտարապետի տղամարդկային խոսքին ու տալիս իր գրավոր համաձայնությունը։
Նորակառույցը օր օրի վեր է բարձրանում և պարզվում է՝ թիվ 32-ի առանձնատունը փակում է թիվ 34 տան ննջասենյակի և հյուրասենյակի լույսը։ Ակնհայտ է խաբեությունը, անվերապահ է, որ ճարտարապետ Արտյոմ Սուքիասյանը ինչ-որ մութ գործարքի մեջ է մտել Ավետիք Ղամբարյանի հետ։
Տանտիրուհուն մի բան էր մնում՝ ահազանգել Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ» ծառայություն։ Պատասխանը քաղաքացին ստանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Աբրահամյանից։ Ներկայացնում ենք նամակը՝ ընթերցողների և Երևանի քաղաքապետարանի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով պաշտոնական պատասխանի վերջին երկու տողին. «Հայտնում ենք նաև, որ հարևանների միջև ծագած վիճելի խնդիրները կարգավորվում են միմյանց հետ փոխհամաձայնության գալու միջոցով կամ դատական կարգով»։ Ողբամ զքեզ, տիար Ա. Աբրահամյան, զի մայրաքաղաքի զինանշանով վավերացված պաշտոնական գրությունը պաշտոնապես սատարում է Սուքիասյան-Ղամբարյան երկյակի բացահայտ հակահանրային գործարքին։ Ինչպիսի՞ փոխհամաձայնության կգային ճարտարապետն ու վարչական շրջանի ղեկավարը, եթե նրանց դրկիցը փակեր իրենց արևի լույսը։ Եթե այս հարցի պատասխանը նրանք գիտեն, թող անհապաղ այն ներկայացնեն խմբագրությանը։ Առայժմ այսքանը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ. Գ. Եթե թիվ 32 տան շինարարությունը չկասեցվի, այս ողջ պատասխանատվությունն ընկնում է և՛ անբարեհույս տանտիրոջ, և վայ ճարտարապետի, և՛ վարչական շրջանի ղեկավարի վրա։ Այլ կերպ ասած, թիվ 34 տան օրինապահ բնակիչը ստիպված կդիմի սույն խաբեությունից բխող համապատասխան քայլերի։
Մեկնաբանություններ