Քանդված ասֆալտի մասին երեխաները չէ, որ պետք է բարձրաձայնեն
06.12.2019 | 01:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաշալիորեն է տիրապետում մարդկանց ուշադրությունը գրավելու, նրանց շոյելու, ականջահաճո բաներ ասելու արվեստին: Օրերս Արարատի մարզի Սիս համայնք այցելելը նրա հերթական PR ակցիան էր: «Մարտի 16-ին Արարատի մարզի Սիս գյուղ կատարած չնախատեսված այցի ընթացքում գյուղի երեխաներին խոստացել էի, որ կնորոգենք ավտոճանապարհը։ Եկել եմ երեխաներին զեկուցելու՝ խոստումը կատարված է»,- Facebook-ի իր էջում գրել էր Փաշինյանն ու ուղիղ եթերում ցուցադրել, թե ինչպես է փոքրիկ տղայի հետ ստուգում նոր վերանորոգված ավտոճանապարհի որակը: Փաշինյանին ձոն նվիրելուց, շինարարների կատարած աշխատանքին գնահատական տալուց հետո, երեխան, որ բարձրաձայնել էր իրենց գյուղի վատ ճանապարհի մասին, անցավ լրագրողների հարցերին պատասխանելուն: «Մենք պարոն Փաշինյանին կարող ենք էլի «տուպիկը գցել»,- ասում է մոտ 10-ամյա մանուկը,- բայց դե չենք անի, կարևորը ճանապարհն է, հիմա արդեն մեր գյուղն ինքներս կծաղկեցնենք»: Երեխան խոսում է նաև գլոբալիզացիայից, վաղվա պայծառ օրվանից ու «մեծական» մի շարք թեմաներից, որոնք, վստահաբար, սերտել էր ուսուցիչների կամ ծնողների օգնությամբ: Երեխաներին տարբեր տեսակի միջոցառումների մեջ ներքաշելը, նրանց միջոցով ղեկավարներին ու «շեֆերին» գովաբանելը նոր բան չէ:
Տարիներ առաջ էլ հանրակրթական դպրոցներից մեկն այցելած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեկ այլ երեխա էր բանաստեղծություն ձոնում: Գրեթե վստահ եմ, որ արդեն պատանի դարձած տղան, նույն խանդավառությամբ այժմ չի ասմունքի որևէ պաշտոնյայի համար: Երեխաներին ճանապարհների, սոցիալական անարդարության, գլոբալիզացիայի հարցերը ամենաքիչը պետք է հուզեն: Այո, ճիշտ էր ասում Գալուստ Սահակյանը՝ երեխաները պարտավոր են մեծանալ, պարտավոր են մանկություն ունենալ, խաղալ, վայր ընկնել, քերծվածք ստանալ, վազել, քրտնել, հիվանդանալ, արժանանալ ծնողի և ուսուցչի հանդիմանանքին ու, ի վերջո, դաս սովորել: Իսկ քանդված ասֆալտի ու գյուղի հիմնախնդիրների մասին, վստահ եմ, այլ բարձրաձայնողներ կլինեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ