Օգնենք մեր ընտրյալներին...ախր շա՜տ են քայլել
03.12.2019 | 02:40
Հարգելի խմբագրություն, ճիշտ ժամանակին, առանց հերթ կանգնելու, իրար հրմշտելու (հիմա թոշակառուներս էլ հերթ չենք կանգնում, բոլորս էլ ապահովված ենք, երբ կուզենք, այն ժամանակ էլ կստանանք) ստացա թոշակս ու ձմեռվա ամիսների համար խանութից մթերք պատվիրեցի։ Ախր ձմռանը դժվարանում եմ քայլել դրսում` ձյուն է, սառույց։ Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ չեն հասցնում մաքրել։ Հետո ախր էդ խեղճերը էդ չնչին աշխատավարձով ու պրեմիաներով էդքան ո՞նց աշխատեն։ Մեղք են, է՜... Էդ Գագիկն էլ տարավ բերեց ասաց, որ ձմռանը շատ ձյուն է գալու։ Է՜-է՜-է՜ շատ դժվար են նրանք ապրում։
Մթերքս բերեցին. միս` տավարի, խոզի, ոչխարի, նապաստակի, հնդուհավի ու սովորական հավի։ Ճիշտն ասած, ինչ մեղքս թաքցնեմ, կոկորդիլոս էլ պատվիրեցի։ Ասում են` մոդա է։ Ինչի՞ հետ մնանք, չէ՞ որ մենք ամենաէլիտար թոշակառուներն ենք։ Հա, պատվիրել էի նաև երշիկեղեն, նրբերշիկեղեն, զակուսկի, ձկնկիթ` սև ու սպիտակ... Վա, էս ինչ ասացի` սև ու կարմիր, ձմեռվա կարտոֆիլն ու սոխը, C վիտամին պարունակող մթերք` ֆեյսբուքում գրում են, որ շատ օգտակար է։
Գնեցի նաև վերարկու, նորկայից մուշտակ` մեկ-մեկ օպերա կգնամ։ Ասում են, մի հանճարեղ գեղարվեստական ղեկավար ունի օպերան` Ակունց-Ղարաբյան ազգանունով, Իտալիայից է, մի չքնաղ հայազգի տենոր է հրավիրվել` Արամիկ Հարությունյան։ Ասում են, Պավարոտին նրա դեմ գլուխը պատովն է տվել, սուպերբելկանտո է...
Մուծեցի ձմեռային ամիսների կոմունալ վարձերը` լույսի, ջրի, գազի, սպասարկման, հարկային, հողի, օդի... Հանգստացած շունչ քաշեցի ու հաշվեցի մնացած դրամս։
Ախր չափից ավելի բարձր են մեր թոշակները, եվրոպականից շատ բարձր։ Ստանում ենք ու չգիտենք, ինչ անենք, ուր ծախսենք։ Դրա համար էլ ամիսը մի քանի անգամ արտասահման ենք գնում, տարբեր էկզոտիկ կղզիներ` մարդամեջ ենք մտնում, մեզ ենք ցույց տալիս։ Բայց էլի փողը չի վերջանում։
Իսկ պետությունը ծանր վիճակում է։ Լավ է, գոնե կառավարության անդամների պրեմիաները բարձրացրին, իսկ խեղճ դեպուտատները մնացին սոցիալապես անապահով վիճակում։ Արդարացի չէ։ Ախր նրանք գիշեր-ցերեկ աշխատում են. իրենց օրենքներով մեր` թոշակառուների, կյանքը բարելավեցին։
Սիրելի թոշակառուներ, եկեք մենք էլ նրանց կյանքը բարելավենք. մեր բարձր թոշակի մնացորդը ուղարկենք մեր ընտրյալներին, թող նրանց պրեմիաներն էլ ավելացնեն։ Ախր շատ կոշիկ է պետք. շատ քայլեցին, կոշիկ մաշեցին։ Անպայման մի քանի զույգ` ամառային, ձմեռային, դեմիսեզոն, բաց մատերով տապոչկաներ... Բա՜...
Սիրելի թոշակառուներ, համոզված եմ, համաձայնություն կտաք։ Դա կլինի մեր «թոշակառուները` սիրելի բալիկներին» հիմնադրամը։
Մի խումբ թոշակառուների անունից գրի առավ
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Մեկնաբանություններ