Մոտ տասն օրից Լոռու մարզկենտրոն Վանաձորը կընդունի ոչ միայն Հայաստանից, այլ աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին: Հոկտեմբերի 26-ին Վանաձոր քաղաքի օրը Լոռու մարզկենտրոն կայցելի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքի կենտրոնական հրապարակում ամիսներ շարունակ շինարարական եռուզեռ է, Վանաձորի սիրտը նորոգողները վստահեցնում են՝ մինչև տոնական օրը կավարտեն վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջով ցուցադրել է հրապարակի նորացված շատրվանների փորձարկումից մի հատված: «Փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»,- գրել է նա։