Դամբարաններ և թանգարաններ Արարատի հայացքի ներքո
04.10.2019 | 01:43
«Գույների խորհրդակարգում սևը Ճապոնիայում համարվում է ուրախություն, ամերիկյան հնդկացիների համար՝ գիշեր, օրվա կարմիր գույնի համադրություն, բուդդիզմում՝ կապանքներ, չինացիների համար՝ հյուսիս, մինչ ձմեռ, քրիստոնյաների համար՝ վիշտ, ժխտում, եգիպտացիների համար՝ վերածնունդ, պտղաբերություն, հրեաների համար՝ հասկացողություն, արքայություն, հնդիկների համար` զգայական և դեպի վեր ուղղված շարժում, ժամանակ, մայաների համար՝ թշնամու մահ, իսլամում՝ հատուցում»։
«Խորհրդանշանների հանրագիտարան»
ԼԳԲՏ-ԱԿԱՆ ՍԱՐ, ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Եկեք մինչև կերպարվեստային խնդրի արծարծումը աննշան խմբագրենք հանրահայտ ազգային-ազատագրական երգի նշանավոր տողը՝ «Իսթամբուլը պիտի դառնա արյան ծով...», և ներկայացնենք հանրության դատին այս տեսքով. «Ամուլսարը պիտի դառնա մի նոր Իսթամբուլ»։
Իր բնույթով, չզարմանաք, Ամուլսարը ԼԳԲՏ-ական սար է և աղանդավորական հանքավայր։ Զի խախտում է բնականի և բարոյականի հայտնի ու անհայտ բոլոր սահմանները։ Սարն իր բնական կարգավիճակում բնաշխարհի զարդն ու հանգույցն է։ Բարոյական տեսանկյունից այն Հայկական լեռնաշխարհի մի դրվագն է, որը համալրում է Արարատի և Նեմրութի, Աժդահակի և Արագածի, Արա լեռան և մյուսների առնական հանդեսը, սակայն այսօր ամորձատված է, զի ոմանց համար այն հասկացություն է, արքայություն, այլոց համար թշնամու մահ, հարստացում և վերածնունդ։ Արևելաքրիստոնեական երկրի բնակիչներիս համար այն վիշտ է և ժխտում։
Երկրի (այն է՝ Հայաստանի և Արցախի) բոլոր հանքերը նախ անհրաժեշտ է հայ և օտար նկարիչների ձեռամբ պատկերագրել։ Հետո պետք է դրանք անհապաղ զմռսել և վերածել դամբարանների բաց երկնքի տակ։ Անկասկած, սա կարդալով հոգեխանգարմունքի մեջ կհայտնվեն երկրի տնտեսության վարկային զարգացման թունահաբերով գերհագեցած տնտեսագետ-տեսաբանները և կհառաչեն ու կշառաչեն ի լուր աշխարհի (իմա՝ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի, և, իհարկե, Սորոսի), «Հասեք և փրկեք, հանքերը զմռսելով՝ երկիրը շեղում են բնականոն զարգացման, այն է՝ հանքերի շահագործմամբ անապատացնելու վսեմ ճանապարհից»։ Ի դեպ ժամանակն է, որ վերականգնվի ՀՀ թիվ 1, երկրապաշտպան և ազգափրկիչ օրենքի, այն է` Անկախության հռչակագրի 7-րդ հոդվածը, համաձայն որի ՀՀ բոլոր ռեսուրսները` հողը, ջուրը, ընդերքը, ժողովրդի, այն է` ՀՀ քաղաքացիների սեփականությունն է։
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Ի հեճուկս երկրի ժամանակավոր թշվառությամբ և կախյալությամբ ¥«Նոր Հայաստանը, ցավոք, օր օրի նմանվում է ճոճանակից կախված, ոտնիգլուխ պճնված զվարթերես մանեկենի¤ օրնիբուն հրճվող հանրահայտ (նաև անհայտ) մոգերի և քրմերի, ՀՀ-ի ներկա և անցյալ կառավարող ուժակենտրոնների, այս աշնանը մի աննախադեպ թանգարան-պատկերասրահ կբացվի մայրաքաղաքի Փոքր կենտրոնում, մեկ ուրիշը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Սա հրաշալի մեկնարկ է, Երևանը, ինքնաբերաբար դառնում է տարածաշրջանային կերպարվեստի կենտրոն։
Առաջն Աստված, տեսանելի ապագայում երկիրը կներգրավվի կերպարվեստային գործարարության միջազգային գործընթացներում։ Վերոնշյալ հայտարարությունը կայուն հիմքեր և ցայտուն հեռանկարներ ունի։ Ահավասիկ, երկրում ստեղծագործում են 2500-3000 կերպարվեստագետներ։ Նկարիչ դառնալու հայտ են ներկայացնում բազմաթիվ ուսանողներ։ Այսինքն՝ ներուժն անբավ է, չե՞ք հավատում, կասկածու՞մ եք։ Հավատացեք, որ իզուր։ Հարյուրավոր արվեստանոցներում բազմահազար գործեր են ամբարված։ Ավելին հայ դասական վարպետների ընտրանու մի ստվար մասը անտես է աշխարհին։ Միով բանիվ, հարկ չկա հորինելու մի նոր հեծանիվ, զի կերպարվեստային հանքերը կան և սպասում են իրենց նվիրական շահագործողներին։
Փորձենք առայժմ տեսականորեն դրանք շահագործել։
Նախ՝ ձևավորենք «Ազգային կերպարվեստի հիմնադրամ»։ Գրեցի և մի պահ մոլորվեցի, զի առաջնայինը պետության դերն է այս ամենում։ Պետությունը, ի դեմս խորհրդարանի, պետք է ստեղծի առնվազն երեք հեղաշրջիչ օրենք։
Նախ՝ օրենք նկարչի մասին (նման օրենքներ գործում են, ի դեպ, աշխարհի մի շարք երկրներում, ի մասնավորի՝ նախկին խորհրդային հանրապետություն, ներկայումս անկախ պետություն Էստոնիայում), որը կհստակեցնի, թե ՀՀ քաղաքացի լինելուց բացի, հայ նկարիչը որքանով է ունակ իր ներուժը ծառայեցնելու երկրին։ Նկարիչը պիտի պահպանվի օրենքով, որպես պետական արգելոց և պատմամշակութային հուշարձան։ Նկարչի գործունեությունը իր արվեստանոցում պետք է համարվի աշխատանքային ներդրում, համահավասար գոնե ԱԺ պատգամավորի և ՀՀ սուպերնախարարի ներդրման պետականաշինությունում։ Սա` նախ և առաջ։ Նախ և հետո՝ նկարչի և պետության պարտավորությունները միմյանց նկատմամբ պետք է ամրագրվեն հետևյալ կերպ.
ա) նկարիչը պարտավոր է, պահպանելով հայ ազգային կերպարվեստի արժեհամակարգը, համընթաց քայլել համաշխարհային իրողությունների հետ, արարել մշտապես, ստեղծել բարձրարժեք ստեղծագործություններ,
բ) պետությունը պարտավոր է ապահովել նկարչի համար ստեղծագործական արվեստանոց (ոչ սեփականության իրավունքով),
գ) նրա ստեղծագործությունները հանրահռչակել և վաճառել Երկիր մոլորակի չորս ծագերում, իրավունք ունենալով տնօրինելու վաճառքից գոյացած հասույթի 50 տոկոսը։
Նաև՝ պետությունը պարտավոր է ստեղծել օրենք «Հայաստանի նկարիչների միության մասին»։ (Պետությունը, այն է՝ ԱԺ-ն)։
Միաժամանակ անհրաժեշտ է հայ դասական նկարիչների տուն-թանգարանները ստեղծել և դրանք դարձնել մշակութային զբոսաշրջության հանգուցային հանգրվաններ։ Նշեմ մի քանի պատվավոր անուն՝ Վարդգես Սուրենյանց, Գեորգի Յակուլով, Հակոբ Գյուրջյան, Ռուբեն Շահվերդյան, Եփրեմ Սավայան, Հրաչյա Հակոբյան (նույն ինքը՝ Սիրուն Հրաչը), Կարո Մկրտչյան, Ավո Այվազյան։
Իրազեկում եմ անիրազեկներին, որ կերպարվեստ-բիզնեսը գերշահավետ գործարարության պատվավոր քառյակում է։ Առաջնադիրքում զենք-զինամթերքի (այն է՝ զրահատեխնիկայի և հեռակառավարվող հրթիռների, ռազմանավերի և այլնի) մեծածախ առևտուրն է։ Եթե հիշողությունս ինձ չի մոլորեցնում, գերշահութաբերությամբ զենք-զինամթերքի առևտրին հետևում է թմրամիջոցների բիզնեսը։ Երրորդ անպատվաբեր տեղում մարմնավաճառությունն է։ Չորրորդում՝ կերպարվեստի տեսականու առևտուրը։ Մենք արիաքրիստոնեական քաղաքակրթության հանգրվանն ենք և հեռու ենք զինամթերքի, թմրանյութի և մարմնավաճառային գործերից։ Մերը քաղաքակրթական առևտուրն է՝ սկսած հինավուրց ժամանակներից։
Այսպիսով, «Կերպարվեստ» հանքի շահագործումը օրվա, տարվա, մեր բիրտ դարի գերհրամայականն է։ Եվ որ ասվածը չհնչի որպես ձայն բարբառո հանապատի, փորձեմ հիշեցնել, որ մեր տնտեսությունը, որը երեսուն տարի շարունակ ու դաժանորեն անփառունակ սպասարկում է տարբեր դիմակ դրած, պիջակ հագած և տարաբնույթ փողկապներով պճնված օլիգարխիկ համակարգի և վարչական օսլայաօձիք բյուրոկրատիայի շահերը, դժվար քիչ, թե շատ լուրջ հայտ ներկայացնի միջազգային շուկաներում։ Պահածոներ, կոնյակ ու գինի, միրգ ու հատապտուղ, նաև գորգ ու կարպետ. սրանով ենք սովորաբար «զարմացնում» աշխարհին։ Զարմացնում ենք, երբեմն անգամ հիացնում ենք, հաճախ սակայն կանգնում ենք կոտրած տաշտակի նորոգման թնջուկի առաջ։ Զի աշխարհը վաղուց արդեն դադարել է զարմանալուց, աշխարհը հազարամյակային խոտորումների մեջ է և փնտրում է խաղաղ ու կենսաբեր հանգրվաններ, որտեղ մարդն իրեն կզգա լիարժեք ադամորդի, բանական արարած, ի վերջո՝ ասուն, ոչ անասուն։
Հայաստանը կարո՞ղ է դառնալ քաղաքակրթական կղզյակ համաշխարհային ալեծուփ օվկիանոսում։ Իհարկե։ Ասվածը հաստատված է վերևում։ Եվ կամրագրվի ստորև։
ՎԵՐԱԾՆՎԵՆՔ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԵՆՔ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Տոնավաճառ։ Բառն այս նախընտրելի և անգամ սիրելի է բառ ու խոսքի նվաստիս կազմած բառաշխարհում։ Օրինակ, «վրձնահարվածը» շատ ավելի նախընտրելի է, քան այլընտրանքը, իսկ «տոնավաճառը» գերադասելի է «օրակարգից», զի մեր իրականության մեջ ոչ այլընտրանք կա, ոչ, կներեք, օրակարգ։ Սակայն կան տոնավաճառներ։ Այսպիսով, տոնավաճառ. ստուգաբանելով բառը` ստանում եմ ցանկալի արդյունք՝ տոնի վաճառք։ Կռահեցի՞ք, թե դեպի ուր է ճկվում միտքս. միանգամայն ճիշտ եք, մենք պետք է հանրահռչակվենք աշխարհում, դառնանք ճանաչելի և, համակրելի կոնյակով ու կարպետով, նաև կերպարվեստով։ Այսինքն, վերածնվենք ու հաստատվենք աշխարհում կերպարվեստի կղզյակի կարգավիճակում, ուր ամեն քայլափոխի կերպարվեստի տոնավաճառ է, քանդակ են վաճառում և կտավ, միաժամանակ ընդունում են պատվերներ, աշխարհի այս ու այն բնակավայրում արձան են կերտում, որմնանկարում են, պարզապես նկարում են... Անշուշտ, զարմացախառն թերահավատության դրոշներ են ծածանվում նշյալն ընթերցելիս։
Սիրելիներս, վար իջեցրեք դրոշները և հիշեք, որ աշխարհում բազում են երկրները, ուր հայ վարպետները կգնահատվեն, անգամ կգերագնահատվեն։ Զարմանու՞մ եք, իզուր, շատ են երկրները, որտեղ հայ նկարիչները էապես գերազանցում են տեղի արարիչներին բնատուր շնորհքով։ Ի դեպ, խորհրդային տարիներին մեր վարպետները կայսրությունով մեկ ձևավորում էին գյուղական ակումբներ և գիտահետազոտական ինստիտուտներ, արձաններ և քանդակներ էին տեղադրում, հավատացեք, ամենուր։ Ի դեպ, 1982-ին ազերբայջանական Նուխի քաղաքում տեղադրվեց «Մայր Ադրբեջան» 15-մետրանոց հուշարձանը։ Ստեղծագործական խմբի ղեկավարն ու արձանի հեղինակը երևանաբնակ, այսօր էլ ապրող և արարող քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն էր։ 1990-ին ազերի հայրենասերները հուշարձանը պայթեցրին։
Ի ՀԵՃՈՒԿՍ ՎԵՐՋԱԲԱՆԻ
Երկրի առաջ դրված գերխնդիրը պիտի լուծել՝ Սահմանադրությամբ երկիրը դարձնելով դամբարան և թանգարան բաց երկնքի ներքո։ Եվ հիմա ես սարսափով եմ մտածում՝ ի՞նչ կլինի, եթե մի հրաշքով Արևմտյան Հայաստանի հյուսիսային հատվածը հենց այսօր նվիրաբերվի երկրին։ Այո, կռահեցիք, Արարատն ու Նեմրութը և մյուս լեռները իսկույն ևեթ կշահագործվեն և կպատուհասեն շրջակա անտառներն ու լճերը։ Այնպես որ, «Կերպարվեստ» հանքը պետք է ժամ առաջ շահագործել։ Եվ երկիրը ուղղակի դարձնել կերպարվեստի աննախադեպ թանգարան բաց երկնքի տակ։ Արարատի հայացքի ներքո։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ