Երեք տասնամյակ՝ նկուղում
20.09.2019 | 01:09
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում: Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել էր դժվար, իսկ հետո՝ անհնար: Սուքիասյանների որդին՝ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներին՝ քույրերի ու ծնողների, իսկ ընտանիք կազմելուց հետո՝ կնոջ ու զավակների հետ: Նա փորձել է քայլեր ձեռնարկել, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով այդպես էլ չի հաջողել. կիսակառույցի պատերը մնացել են հին, քայքայված ծածկի տակ: Տեղանքին հատուկ՝ անձրևառատ ու խոնավ կլիմայի պատճառով, եղածն էլ է սկսել քարուքանդ լինել: Իսկ նկուղում ապրելը դարձել է վտանգավոր՝ ամբողջովին բորբոսի մեջ կորած պատերի պատճառով:
Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ արդեն լուծվել է հին ու կաթացող տանիքի խնդիրը: Տեղատարափ անձրևներն այլևս սպառնալիք չեն ընտանիքի համար:
«Եթե փորձեի միայնակ լուծել խնդիրը, չէի կարողանա: Իսկ աջակցության շնորհիվ ամբողջ տանիքը փոխել ենք ընդամենը 4 օրվա ընթացքում: ՈՒրախ եմ, որ երեխաներս ծածկի տակ են: Հիմա գուցե զգամ, որ նորմալ կյանքով ապրում եմ»,-ասել է Արմանը:
«Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելով՝ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանք՝ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաև թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,- ասել է Արմանի մայրը՝ Գյուլփեր Սուքիասյանը:
Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ կանխվել է նաև կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցելու սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաև աղետի գոտու և այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդիրը: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաև ներքին հարդարման խնդիրը»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ:
Լուսանկարներ
Մեկնաբանություններ