Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
20.09.2019 | 00:48
Ամուլսարի մասին շատ են գրում ու խոսում, բայց այս խնդրին պետք է մոտենալ նաև մեկ այլ, զուտ տեխնիկական տեսակետից ու փորձել հասկանալ, թե ինչու է Փաշինյանը շարունակում այդպիսի համառությամբ շարժվել ժաղովրդի կամքին հակառակ, ինչու է մոռացել, որ ոչ վաղ անցյալում նա լսում էր մարդկանց ձայնը, կիսում նրանց մտահոգությունները և, առանց երկմտելու, պատրաստ էր կանգնելու ժողովրդի կողքին: Հիմա նա մնացել է երկու քարի արանքում. ի՞նչ անել, բավարարել մարդկանց արդարացի պահանջները՝ արգելափակելով Ամուլսարի շահագործու՞մը, թե՞ տնտեսական կամ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, օտարներին թույլ տալ շահագործել հանքը, դուրս տանել երկրի բնական հարստությունը՝ մեծ վնասներ հասցնելով երկրին ու երկրի քաղաքացիներին: Այստեղ Փաշինյանը պարտավոր է երկար-բարակ մտածել ու իր վարչապետական խոսքն ասել, առայժմ դա չի հաջողվում, որովհետև չի կարողանում հասկանալ ու ճշգրիտ գնահատական տալ ստեղծված իրավիճակին: Իսկ սուտ խոստումների վրա հիմնված այն գաղափարը, թե... «Մենք թույլ կտանք, որ աշխատեն, բայց նաև զգուշացնում ենք, որ բնապահպանական վնասների դեպքում կզրկենք հանքը շահագործելու լիցենզիայից», ուղղակի վիրավորական է առողջ բանականություն ունեցող ու կրթված հայ մարդու համար, ես չեմ էլ փորձի մեկնաբանել այս «գաղափարը», որովհետև այն արվում է դիտավորյալ՝ մեր հասարակության ապակողմնորոշված ու շփոթված լսարանին ավելի շփոթեցնելու համար, ովքեր առայժմ վախենում են համաձայնել այն մտքին, որ Փաշինյանն այլևս այն հեքիաթային Լին չէ, ով կարողացավ հաղթել հրեշին ու փրկել իր տառապյալ ժողովրդին (այս մասին ես գրել էի՝ մինչև Փաշինյան-պատգամավորը կդառնար Փաշինյան-վարչապետ):
«Մի անգամ ուղտին հարցրին, թե կրակն ով գցեց քո ջանը, ասաց՝ ես: Դե քաշիր, թող հոգիդ դուրս գա»: Այս խրատական խոսքերն ամբողջությամբ վերաբերում են մեր ժողովրդին. պետք է քաջություն ունենանք ու ընդունենք մեր սխալը, տեսնենք մեղքի մեր բաժինը և այլևս այդպիսի ճակատագրական սխալներ թույլ չտանք ու չսխալվենք՝ ընտրություններին ավելի սթափ վերաբերվելու առումով, առայժմ մեր ընտրազանգվածի որոշիչ մասը միայն էմոցիաներով կամ ընտրակաշառքներով է առաջնորդվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության եկավ հասարակական դժգոհությունների ալիքի վրա, հիմա շարժվում է հակառակ ուղղությամբ, ժողովրդի կամքին հակառակ՝ որպես իշխանություն ու իշխանության առաջին դեմք, հիմա ընդամենը ժամանակ է շահում՝ իրավիճակից ելքեր է փնտրում (առաջին հերթին իր համար): Ասեմ միանգամից, այլ ելք, քան Ամուլսարի հանքի շահագործումից հրաժարվելը, Փաշինյանը չունի: Սա հակապետական, հակահայկական գործարք է, ինչը պարզ է և լռողների, և ինձ նման արտահայտվողների համար: Ամուլսարի պատմությունը ցույց տվեց, որ Փաշինյանը նստել է ուղտին ու կուզեկուզ է ման գալիս, այն պրիմիտիվ փաստարկները, թե տնտեսական վնասներ կունենանք, եթե հանքը չշահագործվի (հնարավոր է, որ մի քանի հարյուր աշխատատեղ կորցնենք), թե որքան ներդրումներ ու ներդնողներ կկորցնենք, տեղին չեն: Ավելին, «Լիդիան Արմենիային» պետք է ցուցադրաբար դուրս մղելը Հայաստանից, ինչը կօգնի, որ այսուհետ մեր երկիր գան միայն ազնիվ նպատակներ ունեցող, երկիրն ու նրա ժողովրդին սիրող գործարարները, ովքեր իրենց գործը կկազմակերպեն պատշած ձևով՝ աշխատատեղեր ստեղծելով ու միայն օգուտներ բերելով մեր երկրին՝ առանց հետին մտքերի ու ծուռ նպատակների:
Ասում են` մինչև ուղտին դժոխքի դուռը ցույց չտաս, դրախտի գինը չի հասկանա:
Երկիր սիրող գործարարներ ունեցել ենք, օրինակ, «Հանթսման» ամերիկյան ընկերությունը, որը երկրաշարժից հետո Երևանում կառուցեց և շուրջ մեկ տասնամյակ շահագործեց ամերիկյան վերջին տեխնոլոգիաներով աշխատող երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը, միակը հետխորհրդային տարածաշրջանում: Ես եղել եմ այդ գործարանում, միայն ամերիկյան ստանդարտներ, անթափոն արտադրություն, անվտանգության բարձր մակարդակ, բարձր աշխատավարձեր ու իրենց աշխատողների նկատմամբ բացառիկ ուշադրություն։ Ցավոք, Հանթսմանների նման օրինակելի ընտանիքը Հայաստանի «ատկատային» տնտեսությանը չդիմացավ, եղած-չեղածը թողեց Վարդան Օսկանյանին ու հեռացավ մեր երկրից: Հիմա ունենք «Լիդիան Արմենիայի» նման ընկերություններ, որոնց համար երկրին վնաս տալը կոպեկ չարժե և, ամենացավալին, մենք դեռ պարտավոր ենք չափից շատ զբաղվել օտարերկրյա այդ ընկերությամբ, ինչու՞: Կարծում եմ, որ այստեղ իրենց դերն ու նշանակությունն ունեն այն «ատկատները», որոնք տրվել են Հայաստանի չինովնիկությանը՝ հանքարդյունաբերությանը նպաստավոր պայմաններ տրամադրելու համար:
Կասկածներ ունեմ, որ ամեն ինչ սկսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից՝ «ատկատների» այդ սիրահարից, որը չխորշեց անգամ «ատկատային» տեխնոլոգիաները տարածելուց նաև իր կողմից բաժանվող ՀՀ նախագահի մրցանակի տիրույթում. այս մասին գրել եմ, բայց դեռևս պատասխան չեմ ստացել:
Եթե Փաշինյանը ցանկություն ունենար Ամուլսարի հարցին արդարացի լուծում տալու, ապա նախ պետք է պարզեր, թե ու՞մ չարամիտ նածխաձեռնությամբ է այդ բիզնես-նախագիծը Հայաստան եկել, ովքե՞ր են տվյալ բիզնեսի մեջ ներգրավված հայերը, ի՞նչ հանգամանքներից ելնելով էին նրանք այդպիսի ճակատագրական սխալ թույլ տվել՝ «Լիդիան Արմենիա» օտարերկրյա ընկերությանը հնարավորություն տալով ոսկու հանք շահագործել միջազգային ճանաչում ունեցող կուրորտային Ջերմուկ քաղաքի և տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջուր պարունակող Սևանա լճի հարևանությամբ։ Ինչու՞ մեր չինովնիկները և, առաջին հերթին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անձնական պատասխանատվություն չեն կրում այդ նախաձեռնության համար, չկան, չեն երևում, բերանները ջուր առած լռում են:
Կասկածից վեր է, որ Ամուլսարի խնդիրը լիովին համապատասխանում է հայկական «ատկատային» տնտեսության տրամաբանությանը, ճիշտ ինչպես դա տեղին է «Սանիթեկի», գազի, ջրամատակարարման և բազում այլ օտարերկրյա բիզնես-նախաձեռնությունների դեպքերում. առավել նպաստավոր պայմաններ ստանալու ու գերշահույթ ապահովելու համար, կաշառել ու շարունակում են կաշառել հայ պաշտոնյաներին:
Հիմա իշխանությունները փոխվել են, ի՞նչ անեն, որ այդ թույլտվությունները շարունակեն աշխատել, էլի կաշառեն ու շահագրգռեն, բայց ու՞մ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում կաշառք ու կոռուպցիա չկա, իսպառ վերացել է: Դժվար է դրան հավատալ, բայց որոշ վերապահումներով ընդունենք, որ այդպես է: Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը Ամուլսարի մասնագիտական քննարկումներին ուղղակի անթույլատրելի է, մեր հարգարժան վարչապետը թող իրեն վունդերկինդի տեղ չդնի, հումանիտար կրթության տեր մարդը չի կարող խորանալ խիստ մասնագիտական խնդիրների մեջ, այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք միաժամանակ բավարարեն և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ օտարերկրյա հանքարդյունաբերողներին, որովհետև այդ սուբյեկտների շահերը տրամագծորեն հակառակ են։ Հայաստանի քաղաքացիների (ոչ միայն ջերմուկցիների) համար ընդունելի չէ, որ իրենց երկրի բնական հարստությունը երկրից դուրս է բերվելու՝ ապականելով իրենց ապրելու բնական միջավայրը։ «Լիդիան Արմենիան», հակառակը, պետք է մի տասը տարում սրբի, տանի Հայաստանի ոսկին՝ իրենից հետո ամայություն թողնելով:
Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի հերթական անգամ թոզ փչել մարդկանց աչքերին, համոզել, խաբել հայ ժողովրդին ու հերթական անգամ տանել փշոտ ճանապարհներով: Դա կլինի ոչ թե ինքնուրույն, այլ ինքնագլուխ որոշում, որին Հայաստանի մտահոգ քաղաքացիները, նաև ես, երբեք չենք համաձայնի ու նրան չենք ների:
Խոսենք թվերով: Այսօր Ամուլսարի ոսկու պաշարների վերաբերյալ տարբեր թվեր են շրջանառվում՝ 50-100 տոննա, որը կազմում է 1,6-3,2 միլիոն ունցիա: Այդ քանակի ոսկու արդյունահանման ընդհանուր գումարային համարժեքը կկազմի 2,44619112-4,9238224 միլիարդ դոլար: Բայց դրանց հասնելու համար պետք է հսկայածավալ ներդրումներ կատարել՝ 1,9568-3,9138 միլիարդ դոլարի չափով, որպեսզի շահութաբերությունն ապահովվի 20 տոկոսի սահմաններում: «Լիդիան Արմենիայի» շահույթը կկազմի 489-978 միլիոն դոլար, Հայաստանի բյուջեի մուտքերը ավելի քիչ կլինեն: Հիմա փորձենք հաշվել այն գումարները, որոնք Հայաստանը կարող է ստանալ Սևանի խմելու ջրերի արդյունահանումից ու արտահանելուց: (Այս հաշվարկները ժամանակին արել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր Իվան Կարաբեկովը: Նա վերլուծել էր տարածաշրջանում խմելու ջրի խնդիրը և պարզել, որ Հայաստանը, ի դեմս Սևանի ու նրանից սնվող աղբյուրների, հանդիսանում է տարածաշրջանի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը: Հայաստանը պետք է ձգտի իր վրա վերցնելու հարևան երկրներին շշալցված խմելու ջուր մատակարարելու գործը: Կարաբեկովը բացառում էր խողովակաշարերով խմելու ջրի մատակարարումը, որովհետև ստրատեգիական առումով դա ճիշտ չի լինի, ջրի ծորակները փակելը հավասարազոր կլինի ջուր ստացող երկրին պատերազմ հայտարարելուն)։
1,9568-3,9138 միլիարդ դոլարի շշալցված խմելու ջուր արտահանելու համար կպահանջվի վերամշակել 4 միլիոն 892 հազար մ3 ջուր: Հիշենք, որ, ըստ նախագծի, ամեն տարի Արփա-Սևան և Որոտան-Արփա թունելներով Սևան է մտնելու 200-250 միլիոն մ3 ջուր, որի շուկայական արժեքը, որպես արտահանվող շշալցված ջուր, կկազմի 100 միլիարդ դոլար: Ո՞րն է լավը. ամեն տարի 100 միլիարդ դոլար՝ խմելու ջրի վաճառքի միջոցով, թե 500 միլիոն դոլար «Լիդիան Արմենիայի» համար՝ տասը տարվա ընթացքում: Ընթերցողը կարող է այս կլորիկ դոլարները դնել կշեռքի նժարներին ու համապատասխան եզրահանգումների գալ՝ Փաշինյանին հիշեցնելով, որ պետության առաջին դեմքը այս և բոլոր նման հարցերում պարտավոր է կողմնորոշվել՝ ելնելով միայն պետական կամ համակարգային մոտեցումից. կարևոր չէ, թե ով կշահի կամ կտուժի, կարևոր է, որ արդյունքում շահեն պետությունը և հասարակությունը: Ահա և մեր ժողովրդական թվաբանությունը:
Ի՞նչ անել, օտարներին թույլ տալ, որ շահագործեն Ամուլսարի հանքերն ու սրբեն, տանեն մեր բնական հարստությունը՝ այն էլ մաքուր ոսկով (օտարներից բացի իրենց շահերը կունենան նաև մեր չինովնիկները, ովքեր հիմա, փրփուրը բերաններին, խոսում են հանքի շահագործման նպատակահարմարության մասին), ապականել մեր բնությունը՝ վտանգելով Հայաստանի հիմնական խմելու ջրի պիտանիությունը, թե մեր երկրից դուրս շպրտել «Լիդիան Արմենիա» կասկածելի ընկերությանը, թող իրենց հանքարդյունաբերությունը զարգացնեն Եվրոպայում ու Աֆրիկայում, իսկ մենք կզբաղվենք արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացմամբ՝ փորձելով միայն այդ ճանապարհով բարելավել պետության տնտեսական վիճակը: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ, ճիշտ է, Ամուլսարի ոսկին իրականում ոսկի է, բայց դրա արդյունահանումը տնտեսապես այնքան էլ շահավետ գործ չէ: Ոսկու արդյունահանման քողի տակ կարող են թաքնված լինել այլ հեռահար նպատակներ, որտեղ խնդիր դրվի ուրանի (U), թորիումի (Th), մկնդեղի (As) (այս ծանր մետաղները մտնում են ոսկու հանքերի ուղեկից նյութերի մեջ) և այլ կարևոր նյութերի ստացումը, որը ստրատեգիական առումով կարող է առավել նպատակահարմար լինել, բայց մեր հասարակությունը այս ուղղությամբ բավարար տեղեկատվություն չի ստանում, միայն կցկտուր տեղեկություններ ու ենթադրություններ են, ամեն ինչ, հավանաբար, միտումնավոր ձևով թաքցվում է, բայց լուսաբանման խիստ կարիք ունի, եթե իհարկե ՀՀ վարչապետը ցանկանում է ժողովրդի հետ բաց ու ազնիվ քննարկումներ ծավալել: Թորիումի ռադիոակտիվությունը թույլ է արտահայտված, բայց բնության մեջ այն շատ է տարածված, շատ կա գրանիտների մեջ: Այդ է պատճառը, որ բետոնի մեջ արգելվում է գրանիտի օգտագործումը և, ընդհանրապես, շենք-շինությունների մեջ գրանիտի օգտագործումը սահմանափակված է՝ մարդկանց երկարատև ռադիոակտիվ ճառագայթման չենթարկելու համար:
Խնդրին մոտենանք մեկ այլ տեսանկյունից. «Լիդիան Արմենիանն» ունի, չի կարող չունենալ, բնապահպանական իր պարտադիր տեխնոլոգիական միջացառումները, թունավոր նյութերն ու հեղուկները, թափոնները պետք է պահվեն մեկուսացված վիճակում, ընդունենք, որ այդպես է, բայց այստեղ հարց է ծագում, թե որքա՞ն հուսալի են դրանք աշխատելու ֆորսմաժորային իրադրություններում: Եթե ՀՀ կառավարությունում ինժեներական մտածողությամբ մարդիկ լինեին, ապա կիմանային, թե ինչ բան է փորձաքննությունը, որի մասին այդքան շատ են խոսում: Բացատրեմ. փորձաքննությունը հետևանքների ուսումնասիրությունն է, բայց Ամուլսարի դեպքում կարևորը սպասվող հետևանքների կանխատեսումն է, երևույթների նախիմացությունը կամ պրոգնոզն է, թե ինչ կստացվի իրադարձությունների անբարենպաստ զարգացումների դեպքում: Հայաստանում դրանք երկրաշարժերն են, որոնք առաջացնում են միմյանց նկատմամբ երկրակեղևի առանձին հատվածների տեղաշարժեր՝ մինչև 10կմ/ժամ արագությամբ, ցնցումներ, հետցնցումներ և, ի վերջո, երկրակեղևի ջարդվածքներ: Հայտնի ավերածություններից բացի, երկրաշարժերը հանգեցնում են հայտնի ու անհայտ վնասակար երևույթների, ինչպիսին էր, օրինակ, հովտային տենդի բռնկումը, որը տեղի ունեցավ Ամերիկայի Վենտուրա օկրուգում՝ Լոս Անջելեսի երկրաշարժից հետո: Է՞լ ինչ կլինի, ոչ ոք չգիտի, երկրաշարժերից հետո են դրանք պարզվում:
Թվարկենք հետևյալ ֆորսմաժորային դեպքերը, որոնք պարտավոր էին հաշվի առնել հանքը շահագործողները.
1. երկրաշարժ՝ 1 բալ ուժգնությամբ,
2. երկրաշարժ՝ 2 բալ ուժգնությամբ,
3. երկրաշարժ՝ 3 բալ ուժգնությամբ,
4. երկրաշարժ՝ 4 բալ ուժգնությամբ, Բավրա գյուղի մոտ, 2019 թ. սեպտեմբեր:
5. երկրաշարժ՝ 5 բալ ուժգնությամբ,
6. երկրաշարժ՝ 6 բալ ուժգնությամբ,
7. երկրաշարժ՝ 7 բալ ուժգնությամբ, Լոս Անջելես, 1994 թ., 700 զոհ, 13-50 միլիարդ դոլարի նյութական վնաս,
8. երկրաշարժ՝ 8 բալ ուժգնությամբ, Հայիթի, 2010 թ., 220570 զոհ, 6 միլիարդ դոլարի նյութական վնաս,
9. երկրաշարժ՝ 9 բալ ուժգնությամբ,
10. երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ, Սպիտակի երկրաշարժ, 1988 թ., 25000 զոհ, Հայաստանի արդյունաբերական հյուսիսի կործանում, որը մինչ օրս չի վերականգնվել,
11. երկրաշարժ՝ 11 բալ ուժգնությամբ,
12. երկրաշարժ՝ 12 բալ ուժգնությամբ։
«Լիդիան Արմենիան» պարտավոր էր, իր նախագծերը «մեյդան» բերելուց առաջ, մոդելավորել ու փորձարկել իր ինժեներական կառույցները, ճշգրիտ հաշվարկներով ու փորձնական տվյալներով որոշել դրանց սեյսմակայունության չափը՝ 1-12 բալի սահմաններում, նաև հաշվարկային ու փորձնական տվյալներով հաստատել իրենց ինժեներական կառույցների կյանքի տևողությունը, ծառայության ժամկետները: Դրանք չեն երևում, կարելի է ենթադրել, որ չեն էլ արվել, իրենց բոլոր հաշվարկներում, ըստ երևույթին, սահմանափակվել են միայն հանքի շահագործման 10-15 տարվա ժամանակահատվածով: Թե 10-15 տարի անց ինչ կլինի, հետաքրքիր չէ: Իրենց հետաքրքիր չէ, բայց մեզ շատ է հետաքրքրում, ավելին, մեզ համար կենսական նշանակություն ունի, որ մեզնից 1000 տարի անց էլ այստեղ հայեր ապրեն՝ առանց բնապահպանական խնդիրների: Հիմա ամեն ինչ արվում է խիստ գաղտնիության մթնոլորտում, կարևոր փաստերը, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ կամ անմիջական հանձնարարությամբ, թաքցվում են մեր հանրությունից, բայց իզուր: Ամուլսարի հարցը միայն ոսկու արդյունահանման ու դրա պատճառով կուրորտային քաղաքի համար բնապահպանական անցանկալի երևույթների հետ առերեսվելով չի ավարտվում: ՈՒշադրություն դարձնենք այն կարևոր հանգամանքին, թե ում են վստահել այդ կարևոր հարցի փորձաքննությունը: Ժամանակին նման հարցերը լուծվում էին Հայաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում՝ հայ մասնագետների մասնակցությամբ: Վիկտոր Համբարձումյանին դավադրաբար ասպարեզից հեռացնելուց հետ, ԼՏՊ-ին հաջողվեց մեկուսացնել ու երկրի կարևոր գործերից հեռու պահել հայ գիտնականներին: Նույնիսկ Ամուլսարի հարցում մեր «հեղափոխական» իշխանությունները հեռատեսորեն շրջանցում են մեր գիտնականներին՝ պատասխանատու հարցի լուծման իրավունքը տրամադրելով լիբանանյան մի անհասկանալի ELARD կազմակերպության:
Մեր ընթերցողներին հիշեցնեմ հայտնի պատմական փաստը. Արփա-Սևան 48,3-կիլոմետրանոց թունելի, ապա Որոտան-Արփա 21,6-կիլոմետրանոց թունելի կառուցման թույլտվությունը տրվել է Նիկիտա Խրուշչովի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի 1961 թվականին կազմած զեկույցը: Դա արվել էր Յակով Զարոբյանի նախաձեռնությամբ: Կրեմլում նման թանկարժեք նախագծերի հաստատումը բացառիկ երևույթ էր: Սևանի օրինակից փորձեցին օգտվել նաև կիրգիզները՝ Իսսիկ Կուլ լճի մակարդակը բարձրացնելու համար, բայց չստացվեց, Կրեմլը դա թույլ չտվեց, բավարարելով միայն Սևանի իշխանի ակլիմատիզացիայի ֆինանսավորումը: Սևանի ջրի մակարդակի բարձրացման հույժ կարևոր խնդրի լուծման, ինչպես նաև 1965 թվականի եղեռնի ցույցի կազմակերպման հեղինակը, անշուշտ, Զարոբյանն էր: Նա այն մարդկանցից էր, որոնք քիչ էին խոսում, բայց ազգօգուտ շատ գործեր էին անում։ Երիցս ճիշտ են բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ Զարոբյանի նկատմամբ մենք անշնորհակալ ենք գտնվել, ոչ մի ձևով չենք հավերժացրել նրա հիշատակը:
Մեր կյանքում այնքան խրթին ու ծուռ բաներ են կատարվել ու կատարվում, որ դրանց մասին խոսելն անգամ ավելորդ է: Օրինակ, բոլորն են հասկանում, որ Ամուլսարի հանքի շահագործումը դեմ է հայ ժողովրդի շահերին և կուրորտոլոգիայի զարգացման տեսանկյունից, և Սևանից սնվող աղբյուրների ջրի որակը պահպանելու տեսակետից, և ժողովրդի բնական հարստությունը պահպանելու տեսակետից և բազում այլ տեսակետներից, բայց արի ու տես, որ մեր «հեղափոխական» իշխանությունները համառորեն շարունակում են իրենց պայքարը, որ նախագիծը կյանքի կոչվի, ինչու՞:
Թող ինձ ներեն մեր այն ընթերցողները, ովքեր անմիջապես փշաքաղվում ու անհանգստանում են, երբ ես քննադատական նոտաներ եմ հնչեցնում Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին։ ՈՒրեմն Դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն եք, անշնորհակալ եք, մոռացել եք, թե Նիկոլ Փաշինյանը ինչեր արեց, ինչպես կարողացավ հեռացնել Սերժ Սարգսյանին ու փրկել մեր ժողովրդին: Այդ «փրկության» դրական արդյունքները չկան, առայժմ տեսանելի չեն, բայց ես պարզորոշ տեսնում եմ, որ կրակից փախել, ջուրն ենք ընկել և հիմա պետք է մտածենք, թե ինչպես է պետք այդ ջրից դուրս գալ՝ առանց մեծ կորուստների, փրկել մեր սերունդների ապագան:
Ես, իհարկե, կարևորում եմ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, բայց չափազանց գոհ կլինեի, եթե Փաշինյանն իր մեջ ուժ գտներ ու հրաժարվեր վարչապետի պաշտոնից՝ հետևյալ հիմնավորումով. հայ ժողովրդի համար ես կատարեցի մեկ կարևոր քայլ` ասպարեզից հեռացրի իրեն սպառած օլիգարխիկ իշխանական համակարգը, բայց չեմ կարող շարունակել պետության կառավարման դժվարին գործը, որովհետև դրան պատրաստ չեմ՝ փորձի պակասի ու պահանջվող աշխատանքային հմտություններ չունենալու պատճառով: ՈՒրեմն... ուրեմն ասելով մեր քաղաքացիներն այնքան են շփոթվել մեր օրերում, որ դժվարանում են պատկերացնել, թե որն է ճիշտը, որը սխալը, որն է դուզը,՝ որը ծուռը, ընկել ենք խեղճ ուղտի օրը:
Մի անգամ ուղտին հարցրին` վիզդ ինչու՞ է ծուռ: ՈՒղտը պատասխանեց` ի՞նչս է դուզ, որ վիզս ծուռ չլինի:
Մեր բոլոր պրոբլեմները սկսվել են անկախության առաջին տարիներից, երբ ՀՀՇ-ն կազմակերպված ձևով երկիրը տարավ դեպի կործանում՝ անխնա ոչնչացնելով մեր գործարաններն ու ֆաբրիկաները, մարդկանց թողնելով առանց աշխատանքի ու ապրուստի միջոցների՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով արտագաղթի համար: 30 տարվա կորցրածը հետ չես բերի, նախկին գործարաններն ու ֆաբրիկաներն այլևս չես վերականգնի, բայց պետք է հասկանալ ու մարդկանց բացատրել թալանի երևույթն ըստ էության ու այնպիսի ճշգրտությամբ, որ հնարավոր լինի ապագայում դրանց դեմն առնելը, պետք է քաղաքական գնահատական տալ մեր երեք նախագահների կատարած գործողություններին (անգործությանը), սա է մեր զարգացման առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը:
Ամուլսարի գործը տարբեր փորձաքննությունների միջոցով «սվաղելու» գործը մեզ համար նորություն չէ, այն գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից, երբ բարձրաստիճան պետական-կուսակցական բյուրոկրատիայի համար սուտ խոսելը դարձել էր աշխատանքային նորմա: Հիշենք այն պատմական փաստը, երբ Արփա-Սևան թունելի երկաթբետոնե անորակ շինությունները մեկը մյուսից հետո սկսեցին փլուզվել: Մարդկանց մեջ կարծիք էր ձևավորվել, որ դրա պատճառը շինարարությունից բարձրորակ ցեմենտի գողությունն էր, որը օգտագործվում էր շրջակա բնակավայրերում տներ կառուցելու համար: Այս ակնհայտ փաստը պաշտոնապես հերքեց ՀՀ մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը. «Ի՞նչ ցեմենտ, ինչ մասնավոր շինարարություն. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան եզրակացություն է տվել, որ թունելի որոշ տեղամասերի փլուզումները տեղի են ունեցել երկրակեղևի տեկտոնիկ տեղաշարժերի պատճառով, թունելի երկաթբետոնե կառույցները դրանց դիմանալ չէին կարող»: Ամուլսարի հանքի շահագործման կողմնակիցները մեզ վստահեցնում են, որ ամեն ինչ հաշվի է առնվել, գնահատել են բոլոր սպասվող ռիսկերը, բայց մեկ միամիտ հարց՝ ինչպե՞ս է գնահատվել երկրակեղևի տեկտոնիկ տեղաշարժերի ազդեցությունը ստորջրյա ավազանի վրա, հասկանու՞մ են արդյոք «Լիդիան Արմենիայի» մասնագետները, թե ինչ է երկրակեղևը, ինչ են տեկտոնիկ շարժումները և ինչպես է պետք պաշտպանվել այդպիսի բնական աղետներից, եթե արհեստական բանականության աստիճանին հասած ու թվային տեխնոլոգիաներին տիրապետող մարդկությունը դեռևս չի կարողացել գուշակություններ անել հնարավոր երկրաշարժերի սկզբի ու մասշտաբների վերաբերյալ: Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցույց տվեց, որ այդպիսի բնական աղետներից պաշտպանվել հնարավոր չէ ՝ հնարավոր չէ անգամ 5 վայրկյանի ճշտությամբ կանխագուշակել տեկտոնիկ շարժումների ու երկրաշարժերի առաջացման պահերը, որպեսզի մարդիկ կարողանան շենքերից դուրս գալ ու փրկվել: Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» մասնագետները թղթի վրա կարողացել են կազմել Վայոց ձորում սպասվող տեկտոնիկ շարժումների ու երկրաշարժերի մոտավոր գրաֆիկը և այն համաձայնեցրել Հայաստանի իշխանությունների հետ, հնարավոր է, մեր երկրում «ատկատներով» փող աշխատողների համար ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ նման ֆանտաստիկ բաներն են հնարավոր, որովհետև միասին փող են աշխատելու՝ երկիրը ապականելու ու բնակիչների առողջությունը քայքայելու ճանապարհով, այլ երկրներում նման բաներ թույլ չեն տրվում, իսկ մենք թույլ ենք տալիս, որովհետև արբիտրի դերում մեր լրագրող վարչապետն է հանդես գալիս:
Նշեմ, որ ԽՍՀՄ-ում երկրակեղևի գիտությունը զարգացած էր այն աստիճանի, որ տեկտոնիկ երևույթի հիման վրա հզոր զենք էին ստեղծել՝ հակառակորդի հրթիռային հենակետերը ոչնչացնելու համար: Հզոր ու սինխրոն պայթյունների միջոցով առաջ էին բերվում երկրակեղևի շերտերի լոկալ տեղաշարժեր, ինչը հնարավորություն էր տալիս քանդել ընդարձակ տարածքներում տեղակայված հրթիռային շախտաների զրահապատ կառույցները: Հետաքրքիր է իմանալ, որ հրթիռային շախտաներ կառուցելու համար ԽՍՀՄ-ում շինարարական տեխնիկա չէր օգտագործվում, ուղղահայաց հորերը բացելու համար գրունտը քայքայվում էր հատուկ քիմիական լուծույթներով ու դուրս բերվում հորից: Ինչ մնում է Լիբանանի ELARD ընկերության և հաջորդ ընկերությունների տված եզրակացություններին, ապա դրանք կարող են աշխատել միայն մասնավոր դեպքերում, աղետների երջանիկ պաուզաների պայմաններում՝ մինչև առաջին պատահած 5-6-բալանոց երկրաշարժը, որը մեր սեյսմիկ տարածաշրջանում այնքան էլ սարերի հետևում չի եղել (Աստված հեռու պահի):
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ