ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու է ծաղկում Սևանը

Ինչու է ծաղկում Սևանը
09.07.2019 | 02:13

Բնապահպաններն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճի ծաղկման մասին։ Մասնագետները նշում են, որ Սևանը ծաղկում է մեծ մասամբ մարդու ներգործության հետևանքով։ Հայաստանի կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ փաստում է, որ Սևանի խնդիրների արմատները տանում են մի քանի տասնամյակ առաջ։ «Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակու՞մ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքականությունը Սևանա լճի նկատմամբ։ Միշտ սուտ է խոսվել Սևանա լճի խնդրի հետ կապված։ Ես ժամանակին ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի անդամ էի և այդ քաղաքականությունը հասկանալով՝ դուրս եկա այդ հանձնաժողովից։ Հայտարարվում է, որ Սևանը շատ կարևոր դեր ունի, և մենք պետք է Սևանա լճի մակարդակը բարձրացնենք, սակայն իրականում կանխել են լճի մակարդակի բարձրացումը։ Վերջին տարիներին եղել են նպաստավոր պայմաններ լճի մակարդակը բարձրացնելու համար, եթե թույլ տային, ապա մենք կունենայինք շատ ավելի լավ իրավիճակ Սևանում»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Սանասարյանը։


Պարոն Սանասարյանը նկատում է, որ կա Համաշխարհային բանկի կարգադրությունը՝ Սևանա լճի մակարդակը չպետք է բարձրանա կամ պետք է բարձրանա շատ դանդաղ. «1996-1997 թթ. իրականացվել է Սևանա լճի հետ կապված գործողությունների ծրագիր, հետագայում դա հայերեն թարգմանվեց՝ «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր» վերտառությամբ։ Այս ծրագրում առկա են փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը տնտեսական մեծ վնաս կբերի Հայաստանին։ Եվ ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903,5 մետր պետք է ապահովվի մոտ 47 տարվա ընթացքում։ Այդ փաստաթուղթը կազմված էր կեղծ թվերից ու փաստաթղթերից։ Ես նույնիսկ հիշում եմ, որ կար նաև հետևյալ միտքը. եթե Որոտանի թունելի կառուցումն ու շահագործումն արժենա անգամ 0 դոլար, միևնույն է, ՀՀ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա այդ ծրագրից, քանի որ այն վնասաբեր կլինի Հայաստանի համար. հողատարածքներ կմնան ջրի տակ, ենթակառուցվածքները պետք է տեղափոխվեն և այլն։ Սա Համաշխարհային բանկի տեսակետն է, և մինչ այժմ այդ դրույթները շարունակվում են»։


Ըստ բնապահպանի՝ ՀՀ իշխանությունները մշտապես նշել են, որ լճի մակարդակի բարձրացումը շատ կարևոր է, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց իրականում ջուրը բաց են թողել, երբ պետք չէ, նույնիսկ 1,5-2 անգամ բարձրացրին Սևանից բաց թողնվող ոռոգման ջրի նորմատիվները։
Պարոն Սանասարյանի խոսքով՝ կան նաև անձնական խնդիրներ. իշխանավորները, օլիգարխիան լճի ափամերձ տարածքում շինություններ են կառուցել։ Սևանա լճի ափամերձ արգելված տարածքում մոտ 5000 կառույց կա, որոնց զգալի մասը թանկարժեք կապիտալ շինարարություններ են, մինչդեռ Սևանի ազգային պարկի տարածքում ոչ ոք անգամ մեկ քար տեղափոխելու իրավունք չպետք է ունենար։


Հակոբ Սանասարյանը նկատում է, որ լճի ծաղկումը պայմանավորված է ջրի մակարդակի ցածր լինելով, բացի այդ, կոյուղաջրերը 4 կողմից լցվում են լճի մեջ։ «Մի քանի տարի առաջ ցանցային եղանակով սկսվեց ձկների արտադրությունը Սևանա լճում։ Մասնագետները ահազանգեցին, որ նույնիսկ օվկիանոսի առանձին հատվածներում նման գործունեություն ծավալելիս մեծ խնդիրներ են առաջանում, ուր մնաց այս փոքր Սևանում նման բան անելը։
Սևանա լճի մասին օրենքով արգելվում է լճի ավազանում տնտեսական ցանկացած գործունեություն, որը կանդրադառնա լճի ջրի որակի վրա։ Խորհրդային Միության տարիներին Սոթքի հանքի ավելի քան 50 տոկոսը փակ եղանակով էր շահագործվում։ ՀՀ անկախացումից հետո ոսկու վերջին փշրանքները կորզելու համար հանքը սկսեցին շահագործել բաց եղանակով, թափոնները լցվեցին լճի ավազանը, ինչը նույնպես մեծ վնաս հասցրեց լճի էկոհամակերգին։ Տարիներ առաջ ես մի փաստաթուղթ ստացա Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալից, որը գրում էր, թե Սևանա լիճը տեր չունի, ցանկացած ապրանք պետք է ունենա իր տերը, և լիճը պետք է սեփականաշնորհվի։ 5-էջանոց նյութում անգամ նշվում էր, որ լիճը պետք է բաժանվի 4 մասի, և յուրաքանչյուր մասը՝ այնտեղ թափվող գետերով ու գետակներով, պետք է սեփականատիրոջն անցնի, որպեսզի դրանք արդյունավետ կառավարվեն։ Այս խնդիրը, իհարկե, մեծ հակազդեցություն առաջացրեց և այլևս քննարկման չդրվեց։ Փաստաթուղթը չեմ հրապարակել»,- ասաց Հակոբ Սանասարյանը։


Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4433

Մեկնաբանություններ