ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒ զովությունը հասնում էր մինչև մատներիդ ծայրերը

ՈՒ զովությունը հասնում էր մինչև մատներիդ ծայրերը
20.02.2024 | 07:24

Մի կոպեկով կարելի էր իսկական հրավառություն սարքել կոկորդում, իսկ երեք կոպեկով՝ գունավոր ու քաղցր հրավառություն։ Ամռան շոգին մի կոպեկանոցը գցում էիր ավտոմատի մեջ, ու բաժակը ֆշշոցով լցվում էր սառը, առատ գազից խռովված, թափանցիկ, զուլալ ջրով։ Դրա տեսքից արդեն շոգը նահանջում էր։ Բաժակը վերցնում ու մոտեցնում էիր շուրթերիդ, գազի պղպջակները ջրի երեսից թռնում, քթիդ էին խփում, խուտուտ էին տալիս։ Դանդաղ խմում էիր, ու ջուրը կոկորդդ ծակծկելով՝ ներս էր հոսում, գազի մի մասը քթիցդ դուրս էր գալիս, մնացածը՝ սառը ջրի հետ, իջնում էր ներքև, տարածվում մարմնովդ մեկ, ու զովությունը հասնում էր մինչև մատներիդ ծայրերը, մինչև կոշիկներդ, շոգը կոտրում-գցում էր ոտքերիդ տակ։ Ծարաված օրգանիզմդ աստիճանաբար հագենում էր կենարար, սառը ջրով, բջիջներդ կյանքով էին լցվում․․․ Իսկ եթե երեք կոպեկ էիր գցում ավտոմատի մեջ, էդ նույնն էր լինում, բայց գունավոր քաղցրությամբ՝ իսկական լիմոնադ, իսկական տոն։ Էն ժամանակ վիրուսներն անմեղ արարածներ էին. բաժակը շրջում էիր, սեղմում, ու ապարատից շատրվանի նման խփող սառը ջուրն ամեն ինչ մաքրում էր, ի՜նչ վիրուս, ի՜նչ բան։

Փողոցում էլ էին ջուր ծախում։ Սպիտակ խալաթով կինը փողոցում նստած, կարմիր օշարակով լի երկար շիշը դեմը, ջուր էր ծախում։ Շշի տակի ծորակը բացում էր, մի քիչ օշարակ լցնում բաժակի մեջ, հետո վրան գազով ջուր ավելացնում։ Խնդրում էիր, որ օշարակը մի քիչ շատ անի։ Անում էր, չէր ափսոսում, ու վարդագույն քաղցր ջրով լցված, փրփուրի հաստ շերտով պատված բաժակը պարզում էր քեզ։ Սառնությունից քրտնած բաժակը ձեռքդ էիր առնում, ու արդեն մատներով սկսում էիր վայելել մոտալուտ երջանկությունը։ Խմելուց առաջ պետք էր մի ակնթարթ կանգ առնել, որ լավ հասկանայիր, թե ինչ գերագույն հաճույք էիր հիմա զգալու։ Բա կվասը․․․ կվա՜սը․․․ Ասում էին, իբր, կվասի հետ ջուր են խառնում։ Չգիտեմ՝ խառնում էին, թե չէ, բայց կվասը շատ համով էր, շա՜տ համով։ Ասում էին, նաև, որ կվասի տակառի մեջ գորտ են գցում, որ սառը մնա։ Ճիշտ էր, թե սուտ՝ չգիտեմ, բայց մենք, առանձնապես, բանի տեղ չէինք դնում դրան։ Գորտ ա, էլի, մեզ ի՜նչ պիտի անի։ Հեն ա, ֆրանսիացիք գորտ են ուտում, հո չեն մեռել։ Բա գորտը մեզ կխանգարե՞ր, որ վայելեինք սառը, համով կվասը։ Կվասից չէիր կշտանում, բաժա՞կն էր փոքր, թե՞ շատ էր համով, բայց հա ուզում էիր խմեիր։

Իսկ խանութներում ծիրանի, դեղձի, պոմիդորի հյութ էին վաճառում՝ մեծ կոնաձև ապակյա անոթների մեջ։ Հյութը թանձր էր, մսոտ, խմելուց հետո բաժակի պատերին նախշեր էին մնում, ինչպես սուրճից հետո, իսկ քո մոտ տպավորություն էր մնում, ասես, ոչ թե հյութ ես խմել, այլ ծիրան ես կերել, դեղձ պոմիդոր։

Բայց հյութերի իսկական շքերթը տանն էր լինում։ Պոմիդորի կիլոն երեք կոպեկ էր, իսկ պոմիդորը՝ քաղցր-քաղցր, ասես, արևից մի կտոր պոկվել, ընկել էր։ Արկղերով առնում-բերում էինք, ու մսոտ կարմիր հյութով լցված երեք լիտրանոց բանկաները շարվում էին իրար կողքի՝ տան հեռավոր անկյուններում։ Կողքը շարվում էին ծիրանագույն բանկաները՝ ծիրանի հյութով, դեղձի հյութով, կոմպոտները, մուրաբաները․․․ Դրանք, իբր, ձմեռվա համար էին, բայց տանը ոչ ոք չէր հավատում, որ դրանց կեսն անգամ մինչև ձմեռ կմնա։ Ու, իհարկե, չէր մնում։

Իսկ երբ սիֆոնները հայտնվեցին, երբ սկսեցինք տանը գազով ջուր սարքել, բոլոր մուրաբաների ֆունկցիոնալ նշանակությունը կտրուկ փոխվեց. մուրաբաների ամբողջ հյութը լիմոնադ էր դառնում, իսկ պտուղներն առանձին ուտում էինք՝ որպես քաղցրավենիք։

Բայց ամենահամովը ծորակի սովորական ջուրն էր՝ քաղցրահամ, սառը, խմում-խմում էիր, չէիր կշտանում։ Ֆրունզիկն ասում էր, որ առաջին տեղում Դիլիջանն ա, իսկ երկրորդում՝ Սան Ֆրանցիսկոն։ Երրորդում, հաստատ, Երևանն էր, հատկապես, մեր թաղերը։ Շատ համով ջուր էր։

Դե, բայց, իհարկե, էդ բոլոր տեղերից առաջ՝ ամենավերևում, Ապարանի ջուրն էր՝ էն, որ մի կում խմում էիր, ատամդ բռնում էր։ Լեռների, սարերի, ձորերի բոլոր համերն էդ ջրի մեջ կային։ Ասենք՝ հիմա էլ կա։ Անցյալ տարի տղերքով էդ կողմերում էինք։ Ճանապարհի վրա մի կին կանգնած միրգ էր ծախում, իսկ կողքին՝ պուլպուլակ։ Կանգնեցինք։ Ես կպա պուլպուլակին ու չէի պոկվում, ջուրն էնքան սառն ու համով էր՝ իսկական մեռոն։ Տղերքը զոռով քաշեցին-պոկեցին պուլպուլակից ու ասեցին, որ մեծ, հսկայական տանձի եմ նմանվել։ Տենց՝ լղլղկալով մոտեցա մեքենային, զգույշ նեստեցի ու շարժվեցինք։ Դանդաղ էին քշում, որովհետև թեթև ցնցումից ջուրը մեջս ալիք էր տալիս, խփում պատերին։

Երևանի ջուրն էլ էն չի, Սան Ֆրանցիսկոյինն էլ, հաստատ, փչացրած կլինեն, բայց հիմա ես գիտեմ իսկական ջրի տեղը, ու երբ ուզում եմ մանկությանս համն առնել, տաքսի եմ պատվիրում ու՝ դեպի Ապարան:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5446

Մեկնաբանություններ