«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մեր ընդունած որոշումները լինում են մեր սրտով և ոչ թե որևէ մեկի»

«Մեր ընդունած որոշումները լինում են մեր սրտով և ոչ թե որևէ մեկի»
29.07.2008 | 00:00

«ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԹԵ ՈՉ ՄԵՂԱՎՈՐ, ԱՊԱ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ Է»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ։
-Պարոն Սաֆարյան, սկսենք «Ժառանգության» վերջին հռչակումից` մանդատները վայր դնելուց. շատերը, ճանաչելով Ձեր կուսակցության խաղային մոդիֆիկացիաները, կարծում են, որ «Ժառանգությունը» նման բան երբեք չի անի:
-«Շատերը» պարզապես չեն ճանաչում «Ժառանգությանը», իսկ առավել ստույգ` նրա գործելաոճը:
-Վա՞յր եք դնելու մանդատները:
-Ի դեպ, «շատերը» նաև կասկածում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրաժարվի արտասահմանյան գործուղումներից և ընդհանրապես չի կանխակայի:
-Չէ. զորօրինակ Ձեզ շատ մոտ կանգնած աղբյուրներից մեկն օրերս ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
-Երկրորդում եմ` նման պնդումների հեղինակները պարզապես անիրազեկներ են: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ԵԽԽՎ իր վերադարձն անձնական խնդրանքներով չէ, որ տեղի է ունենալու. ինքը կվերադառնա այն դեպքում, երբ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները Եվրոպայի առաջ, ԵԽԽՎ-ն էլ բոլոր խնդիրների նկատմամբ կկիրառի նույնական չափանիշեր:
-«Մոտ աղբյուրները» նաև տեղեկացնում են, որ Տեր-Պետրոսյանի մուտքը «Ժառանգության» համագումար, նրա` դահլիճը վերցնելու, մթնոլորտն իրենով անելու խիստ էլեգանտ քայլն ամենևին դուր չի եկել Ձեզ և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Քաղաքականությունը դուր գալու կամ չգալու վայր չէ, համագումարում չի եղել հյուրերի խոսք` սկսած վարչապետից, վերջացրած Տեր-Պետրոսյանով, որ մեզ դուր եկած չլինի: Չկա այդպիսի բան։
(Այդ պահին մեր զրույցին ռեմարկով «խառնվեց» «Ժառանգություն» խմբակցության սենյակում գտնվող կուսակցության համակիրներից մեկը. «Ո՞նց կարող էր որևէ մեկին դուր գալ Տեր-Պետրոսյանի 15 րոպե ուշացումով մուտքը. համագումարին պետք է գալ ժամանակին, ուշացումով գալը գեղեցիկ չէ»):
-Իսկ որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում թեկուզ 15 րոպե, թեկուզ կես ժամ ուշացումով ընդդիմության հանրահավաքների՞ն, գիտեք դա դո՞ւր է գալիս «բոլորին»:
-Եթե մենք ներկա ենք միտինգներին, դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ներկա:
-Ի դեպ, տեսակետ կա, որ Ձեր` Հայ ազգային կոնգրես չմտնելը «սդաչին» է Տեր-Պետրոսյանին` համագումարում տեղի ունեցածի «հաշվով»: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են Ձեր որոշումները ձգվում-ձգձգվում` ծեգծեգումով կայանում, եթե կայանում են: Որոշ տեսաբաններ էլ պնդում են` վերջին հաշվով այդ որոշումները հիմնականում ձեռնտու են լինում հատկապես Քոչարյանին, ու որ այդ մասին էլ գրում ենք, Դուք նեղանում եք:
-Ես նորից եմ կրկնում` այդ տեսաբանները քաղաքականությունից անտեղյակ մարդիկ են, որովհետև մեր ընդունած որոշումները լինում են մեր սրտով և ոչ թե որևէ մեկի, թե ուրիշ ում սիրտն են հովացնում դրանք, մենք պատասխանատու չենք:
-Իսկ ինչքանո՞վ եք հնարավոր համարում Քոչարյանի վերադարձը:
-Մեր երկրում այնքան անկանխատեսելի, այնքան անսպասելի իրադարձություններ տեղի ունեցան, որ թեպետ տարրական տրամաբանությունը հուշում է, որ նա ընդհանրապես չի կարող վերադառնալ, բայց քանի որ երկրում քաղաքական համակարգ չկա, որպեսզի դատես քաղտեխնոլոգիաների կամ օրինաչափությունների տեսանկյունից, բնականաբար, չես կարող բացառել ոչինչ: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Այո, հնարավոր է, որ մարտի մեկի, հոկտեմբերի 27-ի և այլ աննկարագրելի իրադարձությունների համար պատասխանատվություն կրող անձնավորությունը` էքս-նախագահը, կրկին վերադառնա քաղաքականություն:
-«Ժառանգությունը» մասնակցո՞ւմ է ընդդիմության կողմից կազմակերպված Հաագայի ստորագրահավաքին:
-Որքան գիտեմ, դա քաղաքացիական ակցիա է, այսինքն` քաղաքացիներն են ստորագրում, և կուսակցությունները, որպես այդպիսին, չեն քննարկում այդ հարցը: Ես տեղյակ չեմ, թե մեր կուսակցությունից ովքեր են ստորագրել:
-Իսկ Դուք կստորագրե՞ք:
-Չեմ կարող ասել. ես դեռ այդ որոշումը չեմ կայացրել, որովհետև չգիտեմ, թե Հաագայի միջազգային դատարան ինչպես են դիմում, ինչպես են գործը քննում և ընդհանրապես` ինչ ճակատագիր կունենա այդ գործը:
-Իսկ «արժանի՞» է դրան Քոչարյանը. ինչպես կասեր ամբոխը` Րաֆֆիի դեպքում. ոչ Հովհաննիսյանի, այլ` «Սամվելի» հեղինակի:
-Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է ունենանք դատարաններ, որոնք պատասխանատվության կկանչեն այն մանր ու մեծ պաշտոնյաներին, ովքեր, չենթարկվելով օրենքին, կատարել են հանցագործություններ: Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, թեպետ և կարծում եմ, որ մարտի մեկին կատարվածի համար Քոչարյանը եթե ոչ մեղավոր, ապա թիվ մեկ պատասխանատուն է, և, բնականաբար, մինչև չքննվի յուրաքանչյուրի պատասխանատվության բաժինն այդ ամենում, հնարավոր չէ ինչ-որ բան ասել:
-2003-ին Դուք լրագրողական «հետաքննություն» էիք անցկացնում 27-ի առնչությամբ և ուղիղ դուրս էիք եկել Քոչարյանի «վրա»:
-Այո:
-Ե՞վ:
-Եվ համոզված էի, որ որպես թիվ մեկ պատասխանատու նա պետք է պատասխան տա: Մեր խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն է նշել, որ հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի պատասխանատվության կանչելու երկրորդ նախագահին: Պատասխանատվության խնդիրն աներկբա է:
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 5772

Մեկնաբանություններ