Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԴՈՒԴՈՒԿԻ ՄԵՂԵԴԻՆ ՍԵՓԱԿԱՆ ՇՆՉՈՎ ՈՒ ՄԱՏՆԵՐՈՎ ԵՍ «ՀՈՒՆՑՈՒՄ»

ԴՈՒԴՈՒԿԻ ՄԵՂԵԴԻՆ ՍԵՓԱԿԱՆ ՇՆՉՈՎ ՈՒ ՄԱՏՆԵՐՈՎ ԵՍ «ՀՈՒՆՑՈՒՄ»
22.03.2011 | 00:00

Առաջինը ձեռքն էր վերցնելու ակորդեոնը: Հետո մորեղբայրը նրան կլառնետ էր նվիրելու: Շատ էր սիրում դուդուկ: Նրա երաժշտական ճանապարհին չէին անտեսվելու նաև այլ երաժշտական գործիքները` շվին, կլառնետը, զուռնան: Այսօր արդեն Ջիվան Գասպարյանը վստահությամբ ասում է, որ ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեր քաղաքի լավագույն դուդուկահարներից է: «ՈՒնենք երեք-չորս շնորհալի դուդուկահար, դրանցից մեկը Հովիկն է,- ասում է վարպետը։- Նվագում է սիրուն, ճաշակով, նվագում է միայն իր նման, ոչ մեկին չի կրկնում: Հրաշալի երաժիշտ է, հրաշալի մարդ, լավ ընկեր»: Շուրջ 24 տարի աշխատել են միասին գործիքային երաժիշտների բյուրոյում: Մինչ այդ Հովիկ Կարապետյանն աշխատել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի ինքնագործ ժողգործիքների համույթում, այնուհետև որպես մենակատար` ժողովրդական նվագարանների պետական համույթում, որն այն օրերին ղեկավարել է «Տկզար» համույթի գեղարվեստական ղեկավար Կառլեն Միրզոյանը: Աշխատել է տարբեր անսամբլներում, ինչը, ըստ Ջիվան Գասպարյանի, իր հետքն է թողել նրա երաժշտական ձեռագրի վրա: «Երաժիշտը պետք է դաստիարակվի խմբերի մեջ, որպեսզի բարձր որակ ունենա»,- ասում է վարպետը: Երաժշտագետ, խմբավար Կառլեն Միրզոյանն էլ նկատում է. «Հովիկ Կարապետյանն այսօր, իմ կարծիքով, լավագույն հայ դուդուկահարների շարքում է և, իր անհատականությամբ պահպանելով հնագույն նվագարանի կատարողական դպրոցի ավանդույթները, շարունակում է դուդուկահարի համեստ ստեղծագործական ճանապարհը»:
Հովիկ Կարապետյանը բազմաթիվ համերգների է մասնակցել, հանդես է եկել Սուսաննա Սաֆարյանի, Համեստուհի Սարգսյանի և այլոց հետ:

Նրա ձայնագրությունները որդու` դուդուկահար Հակոբ Կարապետյանի, տարբեր երգիչ-կատարողների հետ, նաև առանձին մենակատարումներով սկավառակները տարածված են աշխարհով մեկ: «Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ-ն Հովիկ և Հակոբ Կարապետյաններին շնորհակալագիր է ընծայել` 2010-ի սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքի ծննդյան 56-րդ տարեդարձին նվիրված հուշ-երեկոյին մասնակցելու համար:
Դուդուկն այսօր արժևորվում է, բայց հեռուստատեսությամբ հիմնականում հեռարձակվում է այն օրերին, երբ սուգ է հայտարարվում: Գուցե դուդուկի թախծոտ հնչյուններն ամենօրյա լսումների համար չե՞ն: Դուդուկի ելևէջներն այնքան տխուր են, որ նույնիսկ ուրախ երաժշտությունը թախիծ է ծնում: Հովիկ Կարապետյանը, սակայն, ընդգծում է. «Թախծոտ են դուդուկի հնչյունները, բայց դուդուկն ինքնին շատ հոգեհարազատ է մեզ։ Այսօր ամբողջ աշխարհն է դուդուկն արժևորում, ի դեպ, Ջիվան Գասպարյանի շնորհիվ»: Մենք սկսում ենք գնահատել մեր արժեքներն այն դեպքում, երբ դրանք արձագանք են գտնում դրսում, մեր ժողովրդական գործիքներից շատերը մոռացության են մատնված: Զրուցակիցս չի ժխտում, որ դուդուկն էլ կարող էր նույն ճակատագիրն ունենալ, ու նկատում է, որ շատերն այս կամ այն գործիքն ընտրում են, հաշվի առնելով, թե որքան է այն շահավետ` որպես ֆինանսական աղբյուր: «Թացն ու չորը խառնվել են,- ասում է,- բայց մեկ է, լավը երևում է, այդ ասպարեզում առաջ է գնում նա, ով սիրելով է ընտրում իր մասնագիտությունը»: Ի դեպ, Հովիկ Կարապետյանը երաժշտական շնորհքը ժառանգել է մորից: Նրա որդին` Հակոբը, ինչպես արդեն նշեցինք, նույնպես դուդուկահար է, աղջիկը` Մարիամը, դաշնամուրով է հրապուրվել, միջնեկ աղջիկը` Օֆելյան, նախընտրել է պարը, թոռնիկը` հնգամյա կրտսեր Հովիկ Կարապետյանը, շվի է նվագում: Երաժշտասեր այս ընտանիքում էլի փոքրիկներ են մեծանում, որոնք միգուցե ընտրեն նույն ճանապարհը: Ընտանիքի մայրը` տիկին Նանարը, սակայն, երաժշտական կրթություն չունի: Նա էլ, ինչպես կեսկատակ-կեսլուրջ նկատում են ընկերները, ընտրել է Հովիկին: Շատ է սիրում երաժշտություն, երբեք չի հոգնում տանը տիրող երաժշտական մթնոլորտից և ոգեշնչում է բոլորին: Հովիկ Կարապետյանը խոստովանեց, որ պատանի հասակում ամենից շատ սիրել է «Ա՜խ Նանար, քնքուշ Նանար, թե որ մայրիկդ իմանար» երգը: Այդ երգով էլ գրավել է դասընկերուհու` ապագա կնոջ սիրտը: Հեռուստադիտողը Հովիկ Կարապետյանին ճանաչում է նաև տեսահոլովակներից, որոնցում նա ոչ միայն նվագում է, այլև երգում: ՈՒնի ձայնագրություններ, երբեմն համերգների ընթացքում ձայնակցում է հայտնի երգիչներին` իրենց իսկ առաջարկով: Անվանի դուդուկահարը շտապում է ընդգծել, որ թեև սիրում է երգել, բայց իրեն երգիչ չի համարում: Տեսահոլովակներից ուշագրավ է հատկապես ռեժիսոր Սամվել Օհանյանի` Ալբինոնի «Ադաջիոն». համաշխարհային այդ գործը առաջին անգամ դուդուկի հնչյուններով ներկայացնում են հայր և որդի Կարապետյանները:
Դուդուկը ստեղնաշար չունի, լար չունի, բայց այն եզակի գործիքն է, որի մեղեդին սեփական շնչով ես «հունցում»: Նվագում ես այն, ինչ հոգիդ է թելադրում: Դրանով է այն հուզում հայ մարդու հոգին` անտարբեր չթողնելով նաև աշխարհը: Դուդուկը, ինչպես ասում են, հոգու հնչյուն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ