«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իրական Հայաստան VS պատմական Հայաստան

Իրական Հայաստան VS պատմական Հայաստան
25.03.2024 | 15:00

«Ժողվարչապետն» ուզում է ներկայանալ որպես ռացիոնալ, իրատես և ողջամիտ գործիչ։ Հայաստանի միակողմանի զիջումները նա ուզում է ներկայացնել որպես դրանց հոմանիշ:

Ասում է՝ անցում ենք կատարում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան։ Փաստորեն, անգրագիտությունը, հանցագործությունը, դավաճանությունը միասին վերցրած կոչվում են «Պատմական Հայաստանից անցում՝ դեպի իրական Հայաստան»։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասածները, ինչպես միշտ, ճիշտ հակառակ իմաստն ունեն և ճիշտ հակառակ ձևով են կյանքի կոչվում։ Փաշինյանի դեպքում խաղաղությունը՝ պատերազմն է, իրական Հայաստանը՝ պատմականը:

Արցախի Հանրապետությունը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, իրական էր, սակայն նրա շնորհիվ դարձավ պատմական։ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը փոխանակեց իրական Արցախը պատմական արկածախնդրության, հիմարության կամ դավաճանության հետ («հերձումը» ցույց կտա, թե որ տարբերակի հետ գործ ունենք):

Հիմա հերթը Հայաստանինն է։ Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն ու պատերազմ կլինի (Փաշինյանի մոտ պատերազմն ու մեր պարտությունը հոմանիշներ են)։ Նաև ասում է, որ զիջումները խաղաղության երաշխիք չեն, սակայն ամեն դեպքում պետք է զիջել։ Այդպես նա հասնելու է մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր և, ի վերջո, ամբողջ ՀՀ-ն դարձնելու է պատմական հուշ, եթե դեմը չառնենք:

Փաշինյանը Հայաստանը դարձրել է խաղալիք ու ձեռքը բռնած ման է գալիս՝ արևելյան բազառի առևտրականի պես։ Նրա պատկերացրած իրական Հայաստանի սահմանները գծում է Ադրբեջանը՝ Թուրքիայի քավորությամբ։ Խոսում է սահմաններից, բայց չգիտի, թե ո՞ր քարտեզով, քանզի Ալիևի ախորժակն անսահման է: Ու մինչ Փաշինյանը զբաղված է պատմական Հայաստանը «իրական» դարձնելով, Ալիևը հայտարարել է իրական Ադրբեջանի պատմական հավակնությունների մասին՝ Հայաստանը դիտարկելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլը շատ լավ գիտի, որ ինքն իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան, այսինքն՝ այնպիսի Հայաստան, որը պետականություն չի ունեցել։ Գիտի, բայց իր անձնական շահը պահանջում է Հայաստանը դարձնել խաղալիք ու հանել աշխարհաքաղաքական աճուրդի՝ զուգահեռաբար խաբելով, թե, իբր, հանուն ինքնիշխանության է պայքարում։

Այս ամենը կանգնեցնելու միակ տարբերակը քաղաքական պայքարն է՝ իշխանափոխության կարևորագույն հանգրվանով։

Ի դեպ, Նիկոլի դեմ նիկոլությամբ կամ հախուռն քայլերով չես պայքարի։ Մենք պետք է իմանանք, որ մեր հակառակ կողմում կազմակերպված կենտրոն է, Նիկոլը նրանց գործիքն է։ Այդ կազմակերպված կենտրոնի դեմ պետք է պայքարել կանոնավոր բանակի, այլ ոչ թե ֆիդայական ջոկատների տրամաբանությամբ։

Փաշինյանն ու իր տերերը վախենում են քաղաքական պայքարից։ Դրա համար են ձգտում խուսափել հանրաքվեից կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Փողոցային գործընթացներից էլ են վախենում, իսկ փողոց+էլեկտորալ գործընթացից սարսափում են: Սա պետք է շատ լավ հասկանալ ու պատրաստ լինել:

Քաղաքական կոդն ու քաղաքական պայքարն է հաջողության միակ գրավականը՝ իրական Հայաստանը պատմականի չվերածելու հնարավորությունը, պատերազմի ու պարտության փոխարեն իրական խաղաղություն ստանալը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ