«Առանց տնտեսական կացութաձև ու Սահմանադրություն փոխելու իրականացվող բարեփոխումները կոսմետիկ բնույթ կկրեն»
01.10.2019 | 00:35
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արտախորհրդարանական 10-ից ավելի ուժեր «Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունն էին ստեղծել, ինչի նպատակը ոչ թե փոփոխված, այլ բոլորովին նոր Սահմանադրություն գրելն ու կյանքի կոչելն էր: Նախաձեռնությունը, սակայն, չկայացավ ու կյանքի չկոչվեց: Թե ինչու նոր Սահմանադրություն պահանջող ուժերը հետ կանգնեցին բռնած ճանապարհից, «Իրատեսը» փորձեց պարզել «Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնության պատասխանատու քարտուղար ՀՐԱՅՐ ԱՂԻՆՅԱՆԻՑ:
-«Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունը ինչպես արագ ստեղծվեց, նույնքան արագ կազմաքանդվեց, ինչու՞:
-Տարեսկզբին 14 ուժեր որոշում կայացրին համատեղել ուժերը «Նոր Սահմանադրություն» նախաձեռնություն ստեղծելու, բաց, հանրային լայն քննարկմամբ ՀՀ սահմանադրություն կազմելու նպատակով, սակայն, ցավոք, մասնակից քաղաքական ուժերը չկարողացան մի կողմ դնել տարաձայնություններն ու համատեղ աշխատել պետության համար կարևորագույն օրակարգի վրա։
-Արտախորհրդարանական ուժերն այլընտրանք լինելու հրաշալի տարբերակ ու մարտավարություն էին առաջարկում. ո՞ր պահից սկսած կամ ի՞նչ միջադեպից հետո այդ ուժերը չկարողացան համագործակցել միմյանց հետ, լսել իրար:
-Այս երևույթը եզակի չի, քաղաքական դաշտում բավական հաճախ են ստեղծվում ամենատարբեր համատեղ նախաձեռնություններ, որոնք այդպես էլ չեն կայանում կամ էֆեկտիվ գործունեության արդյունք չեն տեսնում։ Պատճառը քաղաքական դաշտի չկայացած լինելն է, որտեղ կուսակցությունները ոչ պետականաշինությանն են լծված, այլ մրցակցում են իշխանական լծակ «փախցնելու», իրենց թիմային շահը առաջ տանելու համար։ Մեղադրել մասնակից որևէ ուժի այդ հարցում դժվար է, քանի որ նախորդ իշխանության շրջանում Հայաստանը վերածվեց կուսակցապետության, և քաղաքական ուժերը ստիպված են «կռիվ տալ» իրենց տեղը արևի տակ պահելու համար։ Քաղաքական նոր մշակույթ ձևավորելու նպատակը մեկն է այն բազում պատճառներից, ինչի համար ստեղծվել է «Համահայկական ազգային համաձայնությունը»: Աշխատում ենք միավորել ազգային գաղափարախոսությամբ ուժերին և կյանքի կոչել ի շահ պետության նեղ թիմայինը մի կողմ դնելու, համատեղ աշխատելու մշակույթը։
-Խորհրդարանում մեկնարկել են «Ընտրական օրենսգրքի» ու «Կուսակցությունների մասին օրենքի» բարեփոխման աշխատանքները: Դուք որքանո՞վ ենք հետաքրքրված դրանցով:
-Իշխանությունները կառքը ձիուց առաջ են դնում, նախ պետք էր ձևավորել սահմանադիր ժողով, կազմել ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, այնուհետև, ելնելով լեգիտիմ Մայր օրենքից, անցնել օրենքների մշակմանն ու բարեփոխումներին։ ՈՒշադիր հետևում ենք «Կուսակցությունների մասին օրենքի» և ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին, մասնակցել եմ ԱԺ հանձնաժողովի կազմակերպած կուսակցությունների ֆինանսավորման բարեփոխումների քննարկմանը, այնուհետև հրավեր ստացա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորից, որի հետ երկար առանձնազրույց ունեցանք, քննարկեցինք գործող օրենքներն ու անհրաժեշտ փոփոխությունները։ ՈՒրախալի է, որ ուզում են բաց աշխատել, բոլոր շահագրգիռ կառույցների հետ, բայց առանց տնտեսական կացութաձև, Սահմանադրություն փոխելու, առանց համակարգային փոփոխությունների գնալու` իրականացվող բարեփոխումները կոսմետիկ բնույթ կկրեն, լուրջ առաջընթաց դժվար է սպասել։
-Իշխող ուժը քաղաքական կամք կունենա ստեղծելու վերջապես այնպիսի ԸՕ, որը ոչ միայն իր, այլև քաղաքական դաշտի մյուս խաղացողների շահերից բխի:
-Իշխող ուժը նախորդ ապրիլին իշխանության եկավ ժողովրդական բողոքի ալիքի վրա՝ խոստանալով փոխել «սուպերվարչապետական» համակարգը, վերջ դնել վարչաօլիգարխիկ համակարգին։ Սակայն այս մեկուկես տարվա գործողությունները ցույց տվեցին, որ քաղաքական կամք չունեն կտրուկ փոփոխությունների գնալու: Այժմ ես ինչպե՞ս կարող եմ լավատես լինել ու հուսալ, որ կունենան նման կամք։ Կարծում եմ՝ ամենահավանական տարբերակն այն է, որ ԸՕ-ն բարեփոխելիս թիմային շահերի առաջնայնությամբ կառաջնորդվեն։
-Քաղաքագետներից ոմանք ասում են, որ եթե անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն ընդունի կամ սահմանադրական փոփոխություններ իրականացնի, դա միտված է լինելու նրան, որ պահպանի իր իշխանությունը: Ձեր կարծիքը:
-«Սահմանադրական փոփոխություններ» արտահայտությունն արդեն ճիշտ չէ, ՀՀ-ում երբեք լեգիտիմ Սահմանադրություն չի եղել, որ խոսենք փոփոխությունների մասին, պետք է խոսել նոր Սահմանադրության մասին։ Ե՛վ 1995, և՛ 2005, և՛ 2015 թթ. այդ պահին իշխող ուժը իրեն հարմար, բայց Հայաստանին անհամապատասխան տարբերակ է պարտադրել՝ կոպտագույն խախտումներով։ Պարզաբանեմ. ՀՀ առաջին, ամենամեծ լեգիտիմությամբ փաստաթուղթն Անկախության հռչակագիրն է, որի 12-րդ հոդվածը շեշտում է՝ ՀՀ բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Հռչակագրին, սակայն երեք տարբերակներն էլ ունեն առանցքային հակասություններ Անկախության Հռչակագրի հետ։ Մասնավորապես՝ ԱՀ 7-րդ հոդվածն ասում է, որ ՀՀ բոլոր ռեսուրսները, հողը, ջուրը, ընդերքը ժողովրդի, ՀՀ քաղաքացիների սեփականությունն են, իսկ բոլոր երեք սահմանադրական փոփոխություններով մարդիկ աստիճանաբար զրկվել են սեփականության իրավունքից, ասել է թե՝ «իշխանությունը ժողովրդինն է» արտահայտությունն այժմ միֆ է, քանի որ իրական իշխանությունը տվյալ երկրի հարստությունների տերը լինելն է։ Ասածիցս հետևում է, որ եթե Փաշինյանը գնա Սահմանադրական ժողով կազմելու, հանրային, բաց քննարկմամբ նոր Սահմանադրություն գրելու գործընթացի, դա նրա կողմից, երևի թե, ամենահայրենանվեր քայլը կլինի, և անձամբ ես կտրուկ կփոխեմ կարծիքս ներկա իշխանության մասին։ Իշխանությունը պահելու համար Սահմանադրություն փոխելուն մասին մտածելը Փաշինյանի կողմից լուրջ սխալ կլինի։ Հայաստանի միակ ճիշտ ուղին իշխանությունն իրապես ժողովրդին վերադարձնելը և Ազգային պետություն կառուցելն է, ինչին օր առաջ պիտի գնա իշխանությունը, այդ դեպքում երկար պաշտոնավարելու շանսերն էլ կավելանան։
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ