«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է` տուգանեք»

«Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է` տուգանեք»
10.03.2014 | 15:52

Ստիպված եմ յուրաքանչյուր գործակարգավարականից հետո լրատվությամբ հրապարակել այն, ինչի մասին խոսվում է այդտեղ, քանի դեռ լրագրողները չեն մասնակցում այս խորհրդակցություններին:

Այսօր՝ մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվեց շաբաթվա ընթացքում կարգի բերել Օղակաձև զբոսայգին՝ իր ողջ ծավալով, և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց սեփական տարածքի նկատմամբ չեն կատարում պարտավորությունները: Իրավացի պահանջ է, սակայն կրկին հարց է բարձրանում, թե ո՞վ է Օղակաձև զբոսայգու Խանջյան-Գնունի անկյունի ապօրինի կառույցի տերը, ինչո՞ւ պատասխանատվության չեք կանչում այդ տնտեսվարողին և չեք պահանջում քանդել ու ազատագրել այգու այդ տարածքը, որտեղ տասնամյակների տարիք ունեցող բարդիներն արդեն չորացել են: Այս փաստին զուգահեռ նշեմ, որ այսօր պարոն Արեյանը շատ խիստ տոնով հանձնարարեց վարչական տույժի ենթարկել Քրիստափորի փողոցի վրա կոյուղու վթարը վերացնելիս կոյուղագործների կողմից հատված մեկ ծառի համար, այնինչ վստահ եմ, որ որևէ մեկը չի տուգանվել Օղակաձև այգու նշված հատվածում բարդիների պուրակը չորացնելու համար:
Վերջապես, ամեն գործակարգավարականի ժամանակ ըստ վարչական շրջանների զեկուցվում է, թե որ վարչական շրջանում քանի ապօրինի կառույց է քանդման ենթարկվել: Այսօր զեկուցվեց 4 դեպքի մասին, սակայն, ինչպես միշտ, ոչ մի հասցե չնշվեց:
Ահա առնվազն երկու ապօրինի կառույցի մասին հրապարակավ հայտնում եմ ՝ Օղակաձև զբոսայգու վերոնշյալ տարածքի վրայի ապօրինի կիսակառուցն ու Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի պատին կպած ապօրինի կիսակառույցը, որի վերաբերյալ տարիներով բողոքում են այդ շենքի բնակիչները՝ ներկայացնելով կառույցի անօրինական լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, որոնք իմ կողմից ներկայացվել են քաղաքապետին:
Մայրաքաղաքում առկա ոչ պատշաճ սանիտարարական վիճակում գտնվող սեփական հողատարածքների վերաբերյալ նախորդ գործակարգավարականի ժամանակ քաղաքապետի կողմից տրված հանձնարարության վերաբերյալ զեկուցվեց հետևյալը՝ նման 99 սեփական հողատարածք է գույքագրվել, սակայն կան հողատարածքներ, որոնց տերերը հայտնի չեն:
Պատկերացնո՞ւմ եք, սիրելի երևանցիներ, Երևանում կան սեփականաշնորհված հողատարածքներ, որոնք կորած են աղբի մեջ ու տերերն անհայտ են: Բա չհարցնե՞ս, եթե տերերն անհայտ են ուրեմն անտեր են, այսինքն սեփականաշնորհված չեն:
Սա էլ որերորդ անգամ թե՛ քաղաքապետը, թե՛ փոխքաղաքապետը խստորեն հանձնարարում են . «ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է: Որևէ սեփական տարածքի աղբի, ոչ պատշաճ տեսքի համար արձանագրություն գրվե՞լ է, պահանջե՞լ եք հետևել իրենց հողի նկատմամբ ունեցած պարտավորություններին: Հողատերերին հանձնարարեք մաքրել իրենց հողատարածքները, հակառակ դեպքում կազմեք արձանագրություն ու տուգանեք: Քաղաքային ռեսուրսը չենք ծախսելու սեփական հողերի մաքրման վրա, իսկ վարչական 12 շրջանների ղեկավարներին հանձնարարում եմ հայտնաբերել հողատարածքների անհայտ սեփականատերերին»: Չեմ պատկերացնում, թե ինչպես են վարչական շրջանի ղեկավարները հայտնաբերելու անհայտ սեփականատերերին, բայց կարելի է ենթադրել, թե ինչպես կհայտնվեն նոր տերեր:
Այսօրվա գործակարգավարականի վերաբերյալ՝ այսքանը:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ