Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի հետագա գործունեության մասին շատ տարբեր, հակասական լուրեր են գրվել վերջին օրերին:
«Կենտրոնը կա, գործում է, կրճատվել են միայն որոշ աշխատակիցներ»,- ասաց նա: Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հիմնվել է տասնինը տարի առաջ, կենտրոնի առաջին տնօրենն է եղել երջանկահիշատակ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը: ՌԱՀԿ-ն պարբերաբար հանդես է գալիս սեմինարներ և քննարկումներ հրավիրելով:
«ՌԱՀԿ-ն ունի լավ ավանդույթներ, հին կառույց ենք, ուզում ենք, որ այն պահպանվի: Իր գոյության ընթացքում նա առաջին անգամը չէ, որ կանգնում է այսպիսի ճգնաժամի առաջ»,- նշեց Մանվել Սարգսյանը: Նա դժվարացավ մեկնաբանել այն լուրերը, համաձայն որոնց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կենտրոնի համար ֆինանսներ հայթայթելու հարցում բախվել է դժվարությունների: Մանվել Սարգսյանը միայն նշեց, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը քայլեր են ձեռնարկել այս ճգնաժամից ևս դուրս գալու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ