Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը «զուտ տղամարդկային» զրույց են ունեցել, թեթևակի վիճաբանություն, որը շատ շուտ հարթվել է, «Իրատես de facto»-ի հետ զրույցում վստահեցրեց Սուրենյանցը, անդրադառնալով այն լուրերին, թե ԲՀԿ-ական պատգամավորի հետ կռվել է «Չերի» ռեստորանում: «Ոչ մի քաղաքական, ֆինանսական հարց չկար, մասնավոր թեմա էր: Քաղաքականությունից չենք զրուցել: Սկզբում մի քիչ թեժ զրույց է եղել: Ծանոթ մարդկանց մեջ էլ է, չէ՞, պատահում, որից հետո շատ արագ մենք հաշտվել ենք: Մեր մեջ ոչ մի խնդիր չկա»,- ասաց քաղաքագետը` նշելով, որ ոստիկանությունում պարզապես դեպքը արձանագրվել է, իսկ ինքն իր ցուցմունքում նշել է, որ ոչ մի խնդիր չունի Վահան Կարապետայնի հետ: Սուրեն Սուրենյանցը նաև տեղեկացրեց, որ պատահական հանդիպում է եղել, իսկ իրենք ընկերներ են, ու այս ամենի չպետք է այլ ենթատեքստ տալ: «Երկուսս էլ բորբոքվող տղամարդու տեսակ ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը, ընդգծելով, թե չի ցանկանում, որ, այս դեպքն օգտագործելով, որոշ մարդիկ ԲՀԿ-ի վրա «բոչկա» գլորեն, ինչի միտումը տեսնում է: Դեպքի հաջորդ օրը Վահան Կարապետյանը և Սուրեն Սուրենյանցը հանդիպել են և երկար զրուցել, հասկացել միմյանց: «Լուրջ բան չկա, ամեն ինչ հարթվել է»,- վերջում կրկնեց Սուրեն Սուրենյանցը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ