Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ցնծա, հայոց վարչապետ, պայթուցիկային գրոհը մեկնարկել է (նաև բաց նամակ ՀՀ հանրային խորհրդին)

Ցնծա, հայոց վարչապետ,  պայթուցիկային գրոհը մեկնարկել է (նաև բաց նամակ ՀՀ հանրային խորհրդին)
13.12.2013 | 12:02

Եվ այսպես, պայթուցիկային գրոհը մեկնարկել է։ Համենայն դեպս, այդպես է 15-րդ թաղամասում։ Եվ այն կշարունակվի մինչև հունվարի վերջը։ Ինչ կարող ես անել, չնայած հանրապետության քաղաքացիների բյուր բողոքներին և դեռահասների շրջանում հարյուրավոր այրվածքներին, մեր կառավարությունը չի փոխում իր արմատական դիրքորոշումը. սույն դղրդացնող դիվային խաղալիքները հույժ կարևոր բարոյահոգևոր նշանակություն ունեն մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Այժմ բարոյազրկության գագաթ հանդիսացող դեպքը նկարագրեմ, հետո շարադրեմ բուն ասելիքս։ Դեկտեմբերի 7-ին` ժամը 23.55-ին, 15-րդ թաղամասում գտնվող թիվ 156 դպրոցի բակում հրթիռակոծություն էր, հանրային տականքը թքած ուներ երկրաշարժի անմեղ նահատակների հիշատակի 25-րդ տարելիցի վրա, նրանցը անասնական կրքերի բավարարումն է ցանկացած ճանապարհով, և ահա, համազարկն է հնչում։ Սա` որպես իրազեկում Մաշտոցի ոստիկանությանը։ Ի դեպ, թիվ 156 դպրոցն ընտրական տեղամաս է, ուր դյուրահավատ աջ ձեռքովս քվեարկել եմ հօգուտ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի և գործող քաղաքապետի։ Շարունակեմ խոստովանել, որ նախընտրությունս հենվում էր ժողովրդական իմաստության վրա` չփոխել փորձած թանը անփորձ մածնի հետ։ Չփոխեցի։

Օրեր առաջ «Իրատես de facto» ակումբում տողերիս հեղինակն ու Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը խնդրո շուրջ ասուլիս էինք հրավիրել։ Թեման` «Կառավարությունն ու Հանրային խորհուրդն ընդդեմ հասարակական շահի», խստագույնս վրդովեցրել էր ՀԽ-ի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանին, ով պնդեց հետևյալը. «Եթե Հանրային խորհրդի ձեռքին լիներ, այդ հարցը վաղուց կլուծվեր, առաջարկում եք հանրային լայն քննարկո՞ւմ, նաև դա կկազմակերպենք»։ Կեցցե՛ք, դարձի եք գալիս կարծես։ Եվ հուսամ, որ հենց օրերս ՀԽ-ն լայն քննարկում կկազմակերպի, հարցին կտա հրեղեն հնչողություն և, գուցե, այս դիվային համաճարակի վերջը կգա։ Այլ ճանապարհներ` չի՛ք։ Եվ սա լույսի պես պարզ է, զի կառավարությունը և լուծմանը կոչված պետաիրավական նախարարական կոմիտեն ապշեցուցիչ հնարագիտությամբ կոծկում են խնդիրը, լուծումը խցկելով որոգայթալի մի փակուղի, երկու-երեք տարի շեփորելով նույնը. «ՈՒսումնասիրվում է ՌԴ և եվրոպական երկրների փորձը ՀՀ 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ»։ Աստված իմ, այս ի՜նչ հակաբանական փորձության են ենթարկում հայրենի կառավարությանս, որը արհեստավարժ է հատկապես գունախաղերում, տաքսիների համարանիշերն է ճերմակից դեղինի փոխում, երկար ու ձիգ տառապում է և կրկին դեղին գույնին վերադառնում։ Նույնն էլ` ճանապարհային հոծ գծերի պարագայում։ Այնպես որ, լայն ու թնդուն հանրային քննարկումը ավելի քան տեղին և հրատապ է։ Ի դեպ, ՌԴ-ում արգելված են նման դիվահարությունները։ Մասնավորապես Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը օրենք է ստորագրել, որով 3800 դոլար տուգանք է սահմանված գիշերային աղմկարարների համար։ ՀՀ կառավարության հարգարժան անդամները, հուսամ, շրջագայել են Եվրոպայում և կհիշեն, որ անգամ բարձր խոսակցությունն ու երգ-երաժշտությունը պատժվում են օրենքի ողջ խստությամբ։ Մեր իրականությունում այլ է, դիցուք, պայթուցիկն է որոտում և ցնցակաթվածի ենթարկում բազմաթիվ անմեղ քաղաքացիների։ Փորձեք զանգահարել ոստիկանություն և կստանաք ուշագրավ մի պատասխան. «Մենք միջամտել չենք կարող, օրենքով դա արգելված չէ, ընդամենը կարող ենք բացատրական աշխատանք կատարել վաճառողների և գործածողների շրջանում»։ Սա ՀՀ ոստիկանության մոտեցո՞ւմն է խնդրին։ Բնա՛վ։ Ոստիկանությունը սահմանափակված է կառավարական և օրենսդրական դեմագոգիայի շղթաներով և ակամա հայտնվում է քավության նոխազի անփառունակ դերում։ Այստեղ, անշուշտ, քիչ հռետորաբնույթ, սակայն ճշմարիտ մի հարց է ծագում` ինչո՞ւ են խնդիրը շրջանցում ԱԺ ընդդիմադիր երեսփոխանները, հրաշունչ մարտիկներ` տիկնայք Զարուհին և Նաիրան, հրասայլային հռետորաբաններ Բագրատյան Հրանտը, Փաշինյան Նիկոլը, Ջհանգիրյան Գագիկը, Մինասյան Արծվիկը և այլք։ Այս խնդրում իշխող կուսակցությանն ապավինելը նույնն է, թե գառանը տալ գայլին ի խնամակալություն։ Սույնը հիմնավորվում է հանրությանը, անշուշտ, նաև ՀԽ-ին քաջ հայտնի մի եղելությամբ. 2013-ի մայիսի 5-ի գիշերը իշխող կուսակցական դաշինքը, այսինքն՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում նշեցին չափազանց եռանդուն` 23.30-ից սկսած մայրաքաղաքը ենթարկվել էր հրեշավոր հրթիռակոծության։ Օրեր անց «Փարվանա» ռեստորանում նշվում էր Տարոն Մարգարյանի «թագադրումը» Արգիշտի 1 հասցեում։ Հասկանալի է, թե ովքեր էին խնջույքի մասնակիցները, իշխանակառավարական վերնախավն ուղիղ 13 րոպե 30 վայրկյան հրավառությունների կատաղի տարափով ալեկոծում էր երկիր և երկինք։ Վերջաբանի փոխարեն միանգամայն տեղին է հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության «Ակուստիկա» ՓԲԸ-ի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու հարգարժան Աշոտ Առաքելյանի պնդումը. «Աղմկոտ միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ