Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
27.11.2013 | 17:30

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Հայր Վարդանը ողջունեց բոլորի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և անդրադարձավ մրցույթի նպատակին` խրախուսելու ուսուցչի և մանկավարժի աշխատանքը հայոց զավակների կրթության և դաստիարակության ազգային գործում, հայտնաբերելու այն ուսուցիչներին, ովքեր արժանի են մեծարանքի և գնահատանքի իրենց մարդակերտման վեհ առաքելության գործի մեջ: Հայր Սուրբը նշեց նաև, որ Եկեղեցին նմանօրինակ միջոցառումներով ու ծրագրերի իրականացումով կարևորում է ազգային-հոգևոր առողջ գիտակցությամբ երեխաների կրթության և դաստիարակության գործը` այդ առաքելության մեջ սերմանելով հայրենիքի ու Մայր Եկեղեցու հանդեպ հավատարմության ու պատասխանատվության գիտակցությունը:
Այնուհետև հանդիսության կազմակերպիչներին ու մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքերը փոխանցեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես կարևորել է կրթության նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ դարեր շարունակ հայոց վանքերը եղել են նաև դպրոցներ, մշակույթի ստեղծման և պահպանման կենտրոններ: Գևորգ Սրբազանը երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հայ ուսուցիչների հանդեպ ցուցաբերած հայրախնամ, բարի վերաբերմունքի համար, ապա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԿԳ նախարարությանը` հատկապես վերջին տարիներին Հայ Եկեղեցու հետ համագործակցության ոգին խորացնելու և զարգացնելու համար:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանը ուրախությամբ ընդգծեց, թե անցկացվող մրցույթը վկայությունն է այն կարևոր հանգամանքի, որ դպրոցը բարի, հանդուրժող և մեծ գիտելիքներով զինված մանկավարժների ձեռքերում է: Իր խոսքում նա մեծապես կարևորեց համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև, ինչպես նաև կրթության գործում երեխաների հոգևոր դաստիարակությունը: Շնորհավորելով ուսուցիչներին մրցանակաբաշխության առիթով` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն արդյունավոր աշխատանք մաղթեց նրանց:
Հանդիսության առիթով ՀՀ ԱԺ Գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անունից ուսուցիչներին շնորհավորեց նաև ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը` կարևորելով ուսուցչի աշխատանքը գնահատող ու խրախուսող ամենամյա այս մրցույթը:
Այնուհետև Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու տիկին Նարինե Հովհաննիսյանը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Բոյախչյանը (Երևանի թիվ 62 ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նինել Սարգսյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Հրահատ Մուղդասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի միջնակարգ դպրոց) և Վանաձորի թիվ 1 դպրոցի դասվար Գայանե Թամազյանը (ՀՀ Լոռու մարզ): Երկրորդ մրցանակ ստացան յոթ, իսկ երրորդ մրցանակ` տասնչորս ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ազգային և հոգևոր երգերի կատարումներով ելույթ ունեցան Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» և Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան երգչախմբերը:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ