Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին
27.11.2013 | 15:43

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:
«Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երևանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգևատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատև վաստակը: Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից և մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա: Ժնևի Club Suisse de la Presse-ում կայացած արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան ՇՄԻԴԹԸ և պատգամավոր Ռենե ՌՈՒՔԵՆ, ինչպես նաև Ժնևի միջազգային կազմակերպությունների և հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչև նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո ԼՈՐԵՆՑՈ ՕՉՈԱՅԻՆ և Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Մրցանակը, որ պարգևատրում է 5000 եվրոյով, նպատակ ունի խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաև ցույց տալ Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների կարևորությունը:
Մեր կողմից հավելենք, որ այսօր Եվրոպա-Հայաստան հարաբերություններում նկատելի զարգացում տեսնող Շարլ Ազնավուրը ընդամենը երկու տարի առաջ ֆրանսիական մամուլին տվել էր ծավալուն հարցազրույց և իր տագնապներն ու խորը մտահոգությունները հայտնել Հայաստանի իշխանության վարած քաղաքականության, արտագաղթի, Հայաստանի մռայլ ներկայի և անորոշ ապագայի մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ