Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի 80-ամյակը

Նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի 80-ամյակը
29.10.2013 | 14:10

Հոկտեմբերի 29-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի ասուլիսը։

Այս տարին հոբելյանական է. նշվում է Յուրի Հայրապետյանի 80-ամյակը, և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված անվանի դաշնակահարի տարեդարձին։ Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին կամերային երաժշտության տանը տեղի կունենա Յուրի Հայրապետյանի և նրա տարբեր տարիների աշակերտների (Հրանտ Հայրապետյան, Պավել Մելիխով, Կարինե Մովսիսյան, Ելենա Լելիդիս, Անաստասիա Նեստերովա, Դեսիսլավա Բոբրինա, Արմեն Մանասյան, Սամսոն Ցոյ, Րինա Խարասովա) համերգը։ Իսկ հոկտեմբերի 30-ին Յուրի Հայրապետյանի աշակերտուհի Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան) ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ։

Յուրի Հայրապետյանը տեղեկացրեց, որ հոբելյանի առթիվ փառատոն է անցկացվել Մոսկվայում, որի շրջանակներում մի շարք համերգներ են կայացել։ Այդ թվում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի ունեցած մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։

Յուրի Հայրապետյանը, խոսելով ԱՊՀ տարածքում դասական երաժշտության, հատկապես դաշնամուրի նկատմամբ հետաքրքրության անկման մասին, նշեց, որ դրա հիմնական պատճառը շուկայական հարաբերություններն են։ Մարդիկ նախընտրում են գումար վաստակել, քան նստել դաշնամուրի առջև և պարապել։ Յուրի Հայրապետյանը հույս հայտնեց, որ այդ երևույթը ժամանակավոր է, և առաջիկա 5-7 տարիներին իրավիճակը կփոխվի։ Դաշնակահարը նկատեց, որ Երևանում շատ են դասական երաժշտության բարձրակարգ համերգները, ժամանում են հայտնի մենակատարներ, ինչը որ պետք է մարդկանց ոգևորի երեխաներին տալ երաժշտական կրթության։ Նա նաև ընդգծեց Հայաստանում լավ մանկավարժների պատրաստման խնդիրը։ «Այսօր կոնսերվատորիայի ղեկավարությունը փորձում է մաքրել այն մարդկանց շարքերը, ովքեր չեն բերում այն օգուտը, որ պետք է տան Երևանի պետական կոնսերվատորիային»,- ասաց Յուրի Հայրապետյանը։

Դաշնակահարուհի Անաստասիա Նեստերովան էլ նշեց, որ իր համար շատ հաճելի է առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում՝ իր ուսուցչի հոբելյանի առթիվ։ «Յուրի Հայրապետյանն իրոք հրաշալի մանկավարժ է։ Նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ ուսուցման պրոցեսում ոչ մի լարում չի ստեղծում և շատ մատչելի է ամեն ինչ մատուցում»,- ասաց դաշնակահարուհին։

Նշենք, որ Յուրի Հայրապետյանին նվիրված համերգները ներառված են Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Յուրի Հայրապետյանն այն եզակի երաժիշտներից է (Գալինա Վիշնևսկայա, Լեոնիդ Կոգան, Լև Օբորին, Մստիսլավ Ռոստրոպովիչ), ովքեր Արամ Խաչատրյանի կենդանության օրոք՝ 1962-63 համերգաշրջանի ընթացքում, որպես մենակատարներ ելույթ են ունեցել Խաչատրյանի հեղինակային համերգներին։

Յուրի Հայրապետյանի երկացանկում առանձնահատուկ տեղ ունեն Բեթհովենի, Լիստի, Մոցարտի, Շոպենի, Պրոկոֆևի, Շումանի, Խաչատրյանի ստեղծագործությունները։ Իր ծրագրերում Յուրի Հայրապետյանը մշտապես ներառում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ա. Բաբաջանյան, Է. Հովհաննիսյան, Է. Արիստակեսյան)։

Յուրի Հայրապետյանը 1960 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (1979-ից՝ պրոֆեսոր)։ 1994-ից Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ 1985-ից մինչ օրս նա վարպետության դասեր է տալիս և ՌԴ քաղաքներում, արտասահմանում (Ֆրանսիա, Հարավսլավիա, Հարավային Կորեա, Ղազախստան և այլն)։

2004 թվականին Յուրի Հայրապետյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ