Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Եկեղեցու պերճանքն ու թշվառությունը` գենդերայինի ֆոնին

Եկեղեցու պերճանքն ու թշվառությունը` գենդերայինի ֆոնին
16.10.2013 | 16:30

Այսօր գենդերային հավասարության դեմ պայքարողները երթ են իրականացրել: Ցուցարարների մեջ եղել են և՛ հոգևորականներ, և՛ նորաթուխ կուսակցապետուհին, ով վերջերս հասարակությանը հայտնի դարձավ կուսաթաղանթի մասին յուրօրինակ տեսությամբ, և՛ ոչ անհայտ Խաչիկ Ստամբոլցյանը, և՛ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու անհատներ: Այս մարդիկ քայլել են Երևանի փողոցներով ու հակագենդերային կոչեր հնչեցրել: Իրականում սա նրանց իրավունքն է` ՀՀ Սահմանադրությունը այդ իրավունքը տալիս է, բայց ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ է սահմանում նրանցից յուրաքանչյուրի ներքին սահմանադրությունը:

Գենդերային հավասարության խնդիրը (դա դեռ վիճելի է` այն խնդիր է, թե ոչ), թիվ մեկ հարցը չէ մեր երկրի համար: Հայաստանում այս պահին անհամար պրոբլեմներ կան, որոնք անհրաժեշտություն ունեն բարձրաձայնվելու` սկսած Ղարաբաղի հարցից, որի վերաբերյալ զորիբալայանական դիրքորոշումները առավել վտանգավոր են դարձնում ժողովրդի` զրկանքների գնով ազատագրված այս հողի հետագա ճակատագիրը, վերջացրած ավերակված եկեղեցիների վիճակով: Չեմ հիշում որևէ հոգևորականի, ով դեմ արտահայտվեր Աբովյան և Սայաթ Նովա փողոցների հատման անկյունում գտնվող Կաթողիկե եկեղեցու կողքին և իրականում այն ստվերող կաթողիկոսական «ռեզիդենցիա» կառուցելուն: Ոչ էլ որևէ մեկին, ով խոսեր երկրում ժողովրդավարության դեֆիցիտի, դատական համակարգի անկատարության, իրավապահների կամայականությունների, հենց` արտագաղթի ու հասարակության մեծ մասի սոցիալական անապահովության մասին: Եթե մեր հոգևորականների համար գործազրկությունը ազգային անվտանգության հարց չէ՝ պարդոն: Հակագենդերային տրամադրություններով փողոց ելած հոգևորականները և նրանք, ովքեր դեմ են խոսում այս օրենքին, երբևէ փողոց դուրս եկա՞ն վերջին երկու տարիների ընթացքում, երբ հարյուրավոր մարդիկ Տիգրան Առաքելյանի ազատությունն էին պահանջում գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք ընդվզեցի՞ն, երբ Վահե Ավետյանին սպանեցին «Հարսնաքարում»: Նրանք որևէ վերաբերմունքի արժանացրի՞ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան-Լիցկային, ում տան բակում սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ում թմրամոլ որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին: Մեր եկեղեցու ողջ դժբախտությունն այն է, որ հոգևոր դասը իրեն դուրս է դնում հասարակությունից, երբ նրա աջակցությունը անհրաժեշտ է նույն հասարակությանը և անդրադառնում է միայն այն հարցերին, որոնք կարող են վտանգել մարդու հնազանդությունը եկեղեցուն: Կաթողիկոսին քննադատող յուրաքանչյուր հոգևորական դուրս է վռնդվում Մայր Աթոռից, իսկ հոգևոր դասի գերակշիռ մասը լռում է այս մասին: Կաթողիկոսի «ձեռքերը այնքան են երկարել», որ նրան քննադատելու համար մշակույթի նախարարը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին կանչել է` ազատման դիմում գրելու: Դե, որովհետև երկրաշարժից հետո այդպես էլ լիովին չվերականգնված Գյումրուց ամեն օր տասնյակներով արտագաղթող գյումրեցիներին հարազատ քաղաքում պահելուն միտված թատրոնի գործունեությունը ազգային անվտանգության հետ առնչություններ չունի: Կաթողիկոսի կարծիքով: Նաև` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի «համեստ» տրամաբանությամբ:

Գենդերային հավասարության մասին օրենքը, իրականում, ոչ մեկին չի պարտադրում իր սեռին ոչ հատուկ վարքաբանություն ցուցաբերել, ինչպես ընկալում են շատերը: Եթե այդպես լիներ, նմանատիպ օրենք ընդունած երկրներ արտագաղթող հայերի մի որոշակի տոկոսը պիտի սեռափոխ եղած լիներ և այսօրվա երթը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան լուծել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ