Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հարուստ հյուրն ասելիք չուներ, աղքատ հրավիրողը փող էր ուզում

Հարուստ հյուրն ասելիք չուներ,  աղքատ հրավիրողը փող էր ուզում
30.09.2013 | 23:11

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքագետների միության ուրբաթօրյա հյուրը ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էր: Հմայակ Հովհաննիսյանը տանտիրոջ իրավունքով ազդարարեց թեման` «Մշակույթը իբրև ազգի մրցունակության ռեսուրս 21-րդ դարում»: Ճիշտ է, հայտարարեց, որ հանդիպումը կոնֆերանս է, բայց դա այնքան էր ճիշտ, որքան ճիշտ էր, որ քննարկվելու էր մշակույթի մրցունակության ռեսուրս լինելը: Ոչ պաշտոնական, այլ մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարն ի սկզբանե ասաց, որ արձակուրդում է գտնվում և առիթն օգտագործել է` շփվելու հմայիչ Հասմիկ Ստեպանովնայի հետ (իմա` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի) և մի ամբողջ շարք աշխատանքային հարցեր նրա հետ քննարկելու: Նախարարը չհապաղեց ասել, որ կան բարեկամական հարաբերություններ, և կան եղբայրական: Եղբայրականը հայ-ռուսական հարաբերություններն են: Եվ եթե հայերը միակ ժողովուրդն են, որ երբեք չեն դավաճանել ռուսներին, ռուսներն էլ երբեք չեն դավաճանել հայերին: Նախարարը երիտասարդ է և լավ չգիտի իր երկրի պատմությունը, թեպետ ասաց, որ պատմական շատ գրքեր ունի ու կարդացել է, իբրև ապացույց հիշեցրեց ընդհանուր երկիրը պաշտպանած երեք հայ մարշալների ծննդավայրը: «Թարգմանելով» փաստը անգլերեն` Վլադիմիր Մեդինսկին ասաց. «Փորձեք անգլիացուն բացատրել, որ հնդկական գյուղում ծնվել են Մեծ Բրիտանիայի երեք լորդ-կանցլեր և բրիտանական զորքերի գլխավոր հրամանատար: Նրանք ընդհանրապես չեն հասկանա` ինչի մասին է խոսքը»: Համեմատությունը, իհարկե, խոսուն էր, բայց ներկաները միահամուռ ժպիտով հաստատեցին անգլիացիների բթությունը: Իբրև 21-րդ դարում մշակույթի մրցունակության փաստ, Մեդինսկին տեղեկացրեց, որ Հասմիկ Ստեպանովնային ասել է` Մոսկվայում կա Հայաստանի երկու դեսպանատուն, մեկը հայտնի է բոլորին, մյուսը ՌԴ մշակույթի նախարարությունն է, որտեղ հայ է փոխնախարարը, խոշորագույն դեպարտամենտի պետը, թանգարանների աշխատանքը համակարգող խորհրդականը, բնականաբար, նախարարության տնտեսական գործունեությունը հանձնված է հայի, հայ է նաև ռեստավրացիոն գլխավոր փորձագետը: Այսքանով հայտարարված թեման սպառվեց, որովհետև ՌԴ մշակույթի նախարարն ասաց, որ ինքը ելույթ չի ունենալու, ընդամենը պատասխանելու է հարցերի: Մեդինսկին ստրատեգիական ու տակտիկական սխալ թույլ տվեց, որովհետև այդ պահից սկսվեց Հմայակ Հովհաննիսյանի բենեֆիսը, նա միայն իրեն բնորոշ ուրբաթախոսությամբ սկսեց ներկայացնել նրանց, ում հրավիրել էր: Այդ ներկայացումը վերածվեց երկար-բարակ դասախոսության ոչ մի թեմայով, բայց քաղաքագետի դեմքով, որից հետո նա անցավ իր ձեռագրով շարադրված հարցերի ընթերցանությանը, որ ուղարկել էին տեսակոնֆերանսի մասնակիցները. բոլորն էլ իրենց հարցերը ձևակերպել էին Հմայակ Հովհաննիսյանի ոճով` ոչ թե հարց, այլ ելույթ` ռուսահաստատ երանգով: Վլադիմիր Մեդինսկին ոչ այնքան արագ հասկացավ, որ իր աստեղային պահը Հմայակ Հովհաննիսյանի շունչ քաշելն օգտագործելը և մի քանի բառ ասելն է լինելու, թեպետ հանուն անաչառության արձանագրեմ, որ նա առանձնապես չէր էլ ջանում ընդհատել Հայաստանի քաղաքագետների միության նախագահի ոգևորված և խորամիտ մենախոսությունները:
Համենայն դեպս, կեսժամանոց հարցերի հինգրոպեանոց պատասխաններից հաջողվեց որոշ գիտելիքներ ստանալ: Պարզվեց, որ մշակույթի ֆինանսավորման հարցը ՌԴ-ում դադարել է բյուջեի մնացորդային մասի սկզբունքով կարգավորվելուց, մասնավորապես, 2014-ի պետբյուջեի նախագծում: Դա շատ կարևոր է, որովհետև բյուջեի նախագիծը բարդություններ ունի, շատ ճյուղերում կրճատումներ են նախատեսվում, միայն կառավարության ու ղեկավարության աջակցությամբ է հնարավոր դարձել մշակույթի ֆինանսները պահպանել այն չափորոշիչների մակարդակին, որոնք թույլ կտան առաջադրված հարցերը լուծել: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացել է: «Մենք ավելի ու ավելի հանգում ենք այն ընկալմանը, որ մշակույթը այն չէ, ինչ սկսվում է, երբ արդեն կերել-խմել ենք, տնտեսական բոլոր հարցերը լուծել ենք ու մի քիչ ազատ ժամանակ ունենք: Մշակույթը մարդու և հասարակության ձևավորման կարևորագույն գործոն է: Ի՞նչ խնդիր ենք առաջադրում պետությանը: Հնարավորինս շատ տանկե՞ր արտադրել, ուրեմն մշակույթը պետք չէ: Եթե խնդիր ենք առաջադրում մեծ գործարան կառուցել, որտեղ բոլորն աշխատանք գտնեն, կամ հարկ ենք համարում ջրանցք փորել, մշակույթը երկրորդական իմաստ է ստանում` հացից բացի զվարճանք տալու աշխատողներին, որպեսզի մինչև աշխատանքային հաջորդ օրը հանգիստ մնան: Եթե պետության ու հասարակության խնդիրը համարում ենք յուրաքանչյուր անհատականության առավելագույնս ներդաշնակ զարգացումը, առանց կրթության գնալու տեղ չունենք: Պետք է մշակույթի նկատմամբ վերաբերմունքը փոխել. այս ոլորտում պետական, բյուջետային ներդրումները ոչ թե բյուջեի ծախսային հոդվածներն են, այլ ներդրումային»: Իբրև իր խոսքի հաստատում` նա պատմեց Ցարսկոյե Սելոյում Եկատերինյան դղյակի ագաթե սենյակների վերականգնման մասին, որ Հայրենական պատերազմի ժամանակ ավերվել էին: Պետության և մասնավոր ներդրողների ծախսած գումարը նախարարը համարեց ներդրում, որովհետև մեծանում է զբոսաշրջիկների հոսքը, և Ցարսկոյե Սելոյի թանգարանային համալիրի տնօրենի հետ արդեն քննարկվում է ինքնածախսածածկման հնարավորությունը: Այնուհետև նույն հավասարումը նախարարը լուծեց թատրոնի և կինոյի օրինակներով: «Եթե պետությունն ուզում է, որ մարդիկ իմանան` Շեքսպիր կա, Օստրովսկի, Չեխով, գեղարվեստի ինչ-որ կանոններ, այլ ոչ թե թռիչք-վայրէջք` գոռգոռոցով, գումար կտա ոչ միայն թատրոնի շենքի ու կենցաղային հարցերը լուծելու համար, այլև դերացանկային թատրոնը կպահի: Պետպատվերի խնդիրը լուծելիս բազում սխալներ են արվել: Օրինակ, կինոյում սկզբում բոլորին հավասար մի քիչ փող է տրվել, և նկարահանվել են փոքրբյուջետային ու ցածրորակ ֆիլմեր, հետևանքը` կինոթատրոններում իշխել է Հոլիվուդը, հետո 10 խոշոր ֆիլմարտադրողների տրվեց 10 մասի բաժանված որոշակի գումար` իբրև ոլորտի ֆինանսավորում, կինոստուդիաներն իրենք էին տնօրինում գումարը: Բայց ի՞նչ են նրանք նկարահանում, մենք բոլորովին չենք վերահսկում և յուրաքանչյուր լավ ֆիլմի կողքին ունեցանք ֆիլմ, որ, մեղմ ասած, չի համապատասխանում պետության շահերին, որակի մասին չեմ խոսում: Այս տարվանից գնում ենք երրորդ ճանապարհով` քվոտաներ ենք տալիս կինոստուդիաներին` պայմանով, որ պիտի իրենց նախագիծը պաշտպանեն: Այսինքն, գումարը տրվում է կոնկրետ նախագծին»: Նախարար Վլադիմիր Մեդինսկին քաղաքական երանգով հարցերին պատասխանելուց հրաժարվեց, պատճառաբանելով իր` մշակույթի մարդ լինելը, այնուամենայնիվ անդրադարձավ Վալդայում քաղաքագետների հանդիպմանը և մեջբերեց նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հատվածներ` հաստատելու, որ ցանկացած հասարակության գաղափարախոսություն է պետք իբրև գաղափարների համախումբ, բայց պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, սպասել է պետք, որ այդ գաղափարները հասունանան: «Ի՞նչ է այսօր սլավոնաֆիլությունը, երբ սլավոն եղբայրները նետվում են դեպի Արևմուտք» հարցին ևս նախարարը չպատասխանեց` իրեն իրավասու չհամարելով այլ պետությունների քաղաքականությունը գնահատելու: Եվ այդ պահից վերջապես պարզ դարձավ, թե ինչու է երկրից երկիր եկել մի մարդ, որ ոչինչ չի ուզում ասել կամ ասում է այն, ինչ գիտեն բոլորը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ձայն տվեց Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին, և նախարարն իմացավ, թե ինչ բարդությունների հետ են բախվում ռուսական թատրոնները, մասնավորապես, Ռուսաստանը մոռանում է, որ Հայաստանը բոլորից հեռու է, բնակչության 99 տոկոսը հայ է, թատրոնը ընդամենը տարեկան մեկ անգամ, ԱՊՀ տարածքի ռուսական թատրոններին աջակցության շրջանակներում, կարող է հյուրախաղերի մեկնել Սանկտ Պետերբուրգ, իսկ ժամանակին թատրոնը, որի դերասանների 98 տոկոսը հայ է, մեկ տոկոսը` վրացուհի, մեկ տոկոսը` ուկրաինուհի, ԽՍՀՄ-ում ամենաշատ հյուրախաղերի մեկնող թատրոնն է եղել: Այսինքն, մշակույթի նախարարից հյուրախաղերի մեկնելու հնարավորություն էր ակնկալվում, ավելի պարզ` գումար: Ի պատիվ իրեն, Վլադիմիր Մեդինսկին ո՛չ անակնկալի եկավ, ո՛չ հրաժարվեց, նա պարզապես ասաց, որ թանկ հաճույք է թատրոնի հյուրախաղերի կազմակերպումը, և ոչ այս տարի, իհարկե, բայց պետք է ստեղծել առանձին կառույց, որը կզբաղվի նախկին ԽՍՀՄ երկրների ռուսական թատրոնների հանդիպակաց հյուրախաղերի կազմակերպումով: Թարգմանաբար` նշանակում էր մեկ-երկու անգամ կֆինանսավորվեն հյուրախաղերը, իսկ թե որ քաղաքները և երբ, կճշտվի հետո:
Բացի այդ, պարզվեց, որ ընդհանուր մշակութային տարածքի ստեղծումը տևական գործընթաց է: Մեդինսկին մեծավ մասամբ կեղծ համարեց այն արժեքները, որոնց ձգտում էր սովետական հասարակությունը, թեպետ այդ արժեքներն այսօր էլ հասկանալի ու իրական են` ժողովուրդների բարեկամություն, ազատ աշխատանք, անհատի ներդաշնակ զարգացում, ուշադրություն մեծացող սերնդի նկատմամբ, հոգևոր, մշակութային սկզբի գերակայություն տնտեսականի նկատմամբ: Իհարկե, ասվում էր մի բան, արվում էր այլ բան: Անցյալի մեծ հումանիստներն էլ համանման նպատակներ են մատնանշել, բայց այլ են եղել ձեռքբերման ճանապարհները:
Համարյա վերջում պարզվեց նաև, որ Վլադիմիր Մեդինսկին իր հետ Հայաստան է բերել «Սպիտակ» ֆիլմի սցենարը, իր գնահատականով` հետաքրքիր, խոստումնալից ֆիլմ, որ ռուսները կարող են նկարահանել միայնակ, բայց ուզում են, որ ֆիլմը լինի հայ-ռուսական: Այսքանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Որ ՌԴ մշակույթի նախարարը հետաքրքիր զրուցակից է, խոսքի արժեքն իմացող ու քաղաքականապես կոփված, հայտնի էր մինչև Երևան գալն էլ, բայց, խոստովանեմ, ինձ համար ամենամեծ անակնկալը այդ «կոնֆերանսում» բոլորովին էլ նա չէր: Իմ հայրենակիցներն էին: Նրանք հուզավառ աչքերով նայում էին ռուս նախարարին ու նրանից տեղնուտեղն ակնկալում` ա. ԽՍՀՄ-ի վերականգնում Երևան մայրաքաղաքով, բ. փող-փող-փող` ինչքան շատ, այնքան շուտ, գ. իրենց հավատարմության ու նվիրվածության անհապաղ գնահատում: Օրինակ, ես միայն ուրբաթ օրն իմացա, որ հայերի 80 տոկոսը ռուսական կողմնորոշում ունի, նույնքանն ու ավելին գիշեր-ցերեկ մտածում են` ինչպես ռուսական կինոշուկան պաշտպանեն ամերիկյան անորակ արտադրանքից, և, ընդհանրապես, նախ պետք է վերականգնել ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միությունը, հետո կանցնենք թատրոնին, հետո... Հմայակ Հովհաննիսյանն էլ համարում է, որ երջանկության բանալին Մաքսային միությունն է, ու Եվրասիականն էլ գագաթնակետն է լինելու: Երջանկությա՛ն գագաթնակետը: Փառք ու պատիվ Վլադիմիր Մեդինսկուն. չգիտես ինչու, արվեստում կարևորում էր տաղանդ ունենալը, երևի այդքան շատ փող հայերը չեն ստանա մայր Ռուսիայից, հույսները պետք է իրենց տաղանդի վրա դնեն:
Իսկ ի՞նչ կապ ունեին այս մշակութային շիլաշփոթի հետ Հայաստանի քաղաքագետների միությունը և մշակույթը` իբրև ազգի մրցունակության ռեսուրս 21-րդ դարում, չհասկացվեց: Հազիվ թե ինչ-որ մեկն իմացավ, պարզապես հարուստ հյուրն ասելիք չուներ, աղքատ հրավիրողն էլ փող էր ուզում:

Դիտվել է՝ 1371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ