ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Լինչի դատաստան»՝ հայազգի վարորդի նկատմամբ

«Լինչի դատաստան»՝ հայազգի վարորդի նկատմամբ
16.07.2013 | 18:27

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված հայտարարությունը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ էր հավաքել մի խումբ քաղաքացիների, որոնց վրդովեցրել էր Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի պատճառով ամբաստանյալի աթոռին հայտնված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խտրական և դաժան վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ վթարի զոհ էր դարձել տասնութ քաղաքացի, իսկ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարան էին տեղափոխել կանացի ծաղկավոր խալաթով: Հրաչյա Հարությունյանն ազատամարտիկ է, նրա որդին մահացել էր մեկ տարի առաջ, և որդու տապանաքարը դնելու համար հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի:
Ակցիային մասնակցում էին հիմնականում լրագրողներն ու իրավապաշտպանները, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին՝ ընդդեմ տեղի ունեցածի:
«Ես զարմանում եմ, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարություն չեն անում այս կապակցությամբ: Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է սփյուռքի հայերի իրավունքները պաշտպանելու համար, ինչո՞ւ ձայն չի հանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա ասաց նաև, որ հայազգի քաղաքացուն կարող են էքստրադիցիայի ենթարկել միայն դատավարությունից հետո:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ էր վրդովված մեր ռազմավարական դաշնակցի այսօրինակ վերաբերմունքից:
«Ես վստահ եմ, որ եթե վարորդը լիներ ռուս, նրա հետ այդպես չէին վարվի: Եթե խալաթ հագցնեին ու խալաթով բերեին դատարան, ապա դատավորը կարգելեր նման դատավարությունը: Մյուս կողմից, ՀՀ իշխանությունները պետք է սկզբից միջամտեին, հասկանալով, որ մարդը միջոցներ չունի որակյալ պաշտպանություն իրականացնելու համար: Ես կարծում եմ, որ սա հայ-ռուսական վերադաս-ստորադաս հարաբերությունների կենցաղային դրսևորումներից մեկն է»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի ճանապարհներին հայ վարորդների հետ այդպես են վարվում բազմիցս: Ավետիք Իշխանյանն էլ հավելեց, որ խալաթով դատարան բերելը նշանակում է մարդու նկատմամբ «լինչի դատաստան» իրականացնել: Ըստ իրավապաշտպանի, ՀՀ ԱԳՆ-ն և սփյուռքի նախարարությունը պարտավոր են բողոքի նոտա ուղարկել:
Կազմակերպիչներից Բորիս Թամոյանն էլ, որը ներկայացավ որպես ՀՀ քաղաքացի, կարծիք հայտնեց, որ կան մարդիկ, որոնք Ֆեյսբուքում «զիլ ստատուսներ են գրում», սակայն նման դեպքերում չեն ուզում գալ և մասնակցել ակցիաներին, իրենց դիրքորոշումն արտահայտել:
Լրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիվանդ մարդուն այդ կերպ դատարան քարշ տալն իրավական նորմերի ակնհայտ խախտում է:
«Այդ խախտումը որպես կտտանք է գնահատվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Սա ուղղակի շովինիզմի ակնհայտ դրսևորում է: Պահանջում ենք, որ քաղաքացու նկատմամբ դրսևորվի նորմալ վերաբերմունք, նա չենթարկվի ծաղրուծանակի: Դիմում եմ Ռուսաստանի իմ գործընկերներին, Պուտինի քարոզչությունն իրականացնող լրագրողներին, որոնք գրեցին, որ մարդը, գտնվելով ծանր վիճակում, բառաչում է, չգրեն լկտի ստեր: Պահանջում եմ, որ ստալինյան իրավահաջորդ պուտինյան ռեժիմը ոչ մի քաղաքացու իրավունքներ չոտնահարի Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտարարեց Գայանե Առուստամյանը: Նա հիշեցրեց, որ վարորդ Հրաչյա Հարությունյանը ահաբեկիչ չէ, հատուկ չի արել դա, ուստի պետք է նրան էքստրադիցիայի ենթարկել, որպեսզի դատն անցկացնեն Հայաստանում:
«Նախաքննությունը շարունակվում է, իսկ ՌԴ-ն նրան համարում է մեղավոր՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Եթե անգամ եղել է դժբախտ պատահար, պետք է մարդուն դատել օրենքով, ոչ թե դատապարտել որպես ահաբեկչի»,- լրագրողների հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Գայանե Առուստամյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ