Նոր Մոսկվայում խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է Взгляд.ру-ն:
Լրատվական կայքը տեղեկացնում է, որ 46-ամյա վարորդը Մոսկվա էր մեկնել բանակում զոհված որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով: Հ. Հարությունյանի որդին մահացել է մեկ տարի առաջ, 21 տարեկանում, հայկական բանակում: Հրաչյայի ընտանիքը` կինը, երեխան, թոռը և հայրը ապրում են Հայաստանում: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մեղադրյալի եղբայրը` Արթուր Հարությունյանը: Վերջինս ցավ է հայտնել պատահածի համար, նա նշել է, որ ոչ ոք չէր ցանկանա, որ նման դժբախտ պատահար տեղի ունենա: «Ես համոզված եմ` Հրաչյան փորձել է անել ամեն ինչ` խուսափելու պատահարից, պարզապես նա չի կարողացել կառավարել մեքենան, հնարավոր է այն տեխնիկական խնդիրներ է ունեցել` կապված արգելակների հետ»,-լրատվամիջոցերի հետ զրույցում ասել է եղբայրը:
Հրաչյա Հարությունյանը այժմ հիվանդանոցում է: Նրա վիճակը ծանր է:
Կատարվածից հետո պատգամավորները որոշում են կայացրել պարտադրել բոլոր օտարերկրացի վարորդներին փոխել ազգային վարորդական վկայականները ռուսական վկայականներով`քննություն հանձնելու եղանակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, Նոր Մոսկվայում, «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին:
Տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քանը 60-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
Այսօր Մոսկվայում հայտարարվել է սգո օր:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ